Քննարկման թեմա չէ

25/12/2010

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է աշխարհի բոլոր երկրների կողմից, այն քննարկումների թեմա չէ եւ երբեք չի լինի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Ստամբուլում ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում: «Մեր հողերի 20 տոկոսն օկուպացված է Հայաստանի կողմից, եւ այդ անիրավությունը շարունակվում է շատ տարիներ: Մենք, իհարկե, չենք հաշտվի այդ իրավիճակի հետ: Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Մենք ձգտում ենք այդ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով»,- ասել է նա` նշելով, թե «չլուծված հակամարտությունները, ՀՀ-ի կողմից Ադրբեջանի հողերի 20 տոկոսի օկուպացիան տարածաշրջանային շատ մեծ սպառնալիքի օջախ են հանդիսանում»: Ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում Ալիեւը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Գյուլի երկկողմանի հանդիպման ընթացքում Ալիեւը նշել է, որ Բաքուն ակտիվորեն կաշխատի Nabucco նախագծի իրականացման ուղղությամբ: Ըստ թուրքական մամուլի, Ադրբեջանի նախագահն ասել է, որ այդ հարցը կքննարկվի մոտակա ժամանակները Բաքու ժամանող ԵՄ Գերագույն հանձնակատար Ժոզե Մանուել Բարոզուի եւ էներգետիկայի գծով ԵՄ հանձնակատար Գյունտեր Օթինգերի հետ: