Արմեն Ղազարյանին` Պզոյին, որին մեղադրում են 100 մլն դոլար գումարի չափով բժշկական ապահովագրության մեքենայությունների մեջ, մերժել են ազատ արձակել: Այս մասին գրում է «The New York Post» թերթը: Դատավորը որոշել է, որ «նրա անհասկանալի հարստությունը» կարող է հեշտությամբ թույլ տալ լքել երկիրը: Մանհեթենի դաշնային դատավոր Պոլ Գարդիֆը հայտարարել է, որ Պզոն 350.000 դոլարանոց «Ռոլլս-Ռոյս Ֆանտոմ» է վարում, Կալիֆոռնիայում 600.000 դոլարանոց տուն ունի, առնվազն 1 միլիոն դոլար էլ պարտվել է Լաս Վեգասում եւ շատ է ճանապարհորդել, թեեւ պնդում է, որ ամսական 1500 դոլար է վաստակում հին մեքենաներ վաճառելով: Դատավոր Գարդիֆը մեղադրել է դատախազներին՝ անհրաժեշտ ապացույցներ ապահովելու անընդունակության մեջ՝ նկատելով, որ Ղազարյանի լավ կապերը Հայաստանում, որի հետ ԱՄՆ-ը արտաքսման պայմանագիր չունի, փախուստի լուրջ վտանգ է ստեղծում: Իր հերթին Ղազարյանի փաստաբան Մարկ Գերագոսը հայտարարել է, որ խորհրդակցելու է իր պաշտպանյալի հետ՝ նախքան բողոք ներկայացնելը: