ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀԿ հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ասել է, թե այն «ուշացած քայլ» էր: «Ակնհայտ է, որ փորձում են այս քայլով շահել հասարակության համակրանքը, բայց գիտեք՝ ուշացած է: Ի՞նչ է նշանակում հիմա խոսել թիկնապահների շքահանդեսի մասին: Վաղուց արդեն այդ այլանդակ երեւույթը ուղղակի նողկանք է առաջացնում հասարակության մեջ: Եվ ովքե՞ր են այդ շքահանդեսն իրականացնում: Այդ նույն դահլիճում նստածների մեջ էին նրանք»,- ասել է Ս. Դեմիրճյանը: Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, նա ասել է. «Փորձում են հիմա իմիջը փոխել, սակայն մի քիչ առաջ ես նշեցի, որ առանձին կադրային լուծումներով էական փոփոխությունների հասնել հնարավոր չէ: Էական փոփոխության կարելի է հասնել երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու միջոցով: Ա՛յ սա կլինի ռեալ քայլ»: