Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

25/12/2010

Անցնող` 2010 թվականի հաջողությունների ու ձեռքբերումների վերաբերյալ այս օրերին հնչող գնահատականներն ավելի առարկայական կլինեին, եթե հստակ ձեւակերպված լիներ Հայաստանի` որպես պետության, նպատակը, եթե ուրվագծված լիներ այն քաղաքական, հասարակական, սոցիալական ու մշակութային նշաձողը, որին ձգտում է մեր երկիրը: Խոսքը վերաբերում է ոչ թե դեկլարատիվ հայտարարություններին, հայեցակարգերին կամ ռազմավարություններին, այլ մտածողությանը, աշխարհընկալմանը, նպատակադրմանը, որը գուցե ավելի շատ հոգեբանական, զգայական հարթությունում պետք է լիներ, սակայն մեծ հաշվով բացակայում է եւ իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների, եւ քաղաքացիների կյանքում: Երեւի դա է պատճառը, որ նպատակները, ցանկություններն ու երազանքները Հայաստանում հատվածական են. իշխանությունը ցանկանում է պահպանել իշխանությունը կամ վերարտադրվել, ընդդիմությունը ցանկանում է հասնել իշխանության, քաղաքացին էլ փորձում է գոյատեւել կամ արտագաղթել Հայաստանից: Արդյունքում, իշխանության համար 2010 թվականը, ինչպես եւ նախորդները, լի էր ձեռքբերումներով ու նվաճումներով, ընդդիմության համար` անցնող տարին ավելի կործանարար էր, քան նախորդները… Քաղաքացին, մարդն այս «հաջողությունների» ու «տապալումների» հակադրության մեջ չի երեւում: Ու այդ իմաստով տարեվերջյան ամփոփումները հետաքրքիր են ավելի շատ ամփոփողների` իշխանությունների, ընդդիմության, լավագույն դեպքում` մամուլի համար: Իսկ այս օրերին միայն ամանորյա հաճելի, սակայն Հայաստանում դժվար լուծելի կենցաղային հոգսերով մտահոգված մարդկանց մնում է միայն ռոմանտիկ ու եթերային լավատեսությունը, որ գալիք 2011 թվականը ինչ-որ լավ բան կբերի նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում: Ու քանի որ 2011 թվականը Նապաստակի տարի է, եւ՛ իշխանություններին, եւ՛ ընդդիմությանը կարելի է մաղթել քաջություն, համարձակություն, ուժեղ լինելու կարողություն… Ուժեղ` ոչ թե սեփական իշխանության լծակներով դիմացիններին ճնշելու, այլ դիմացինին գնահատելու, համարձակ` գաղափարների ու խոստումների մեջ ազնիվ լինելու, մարդկանց հետ «նապաստակավարի» չվարվելու հարցում… Իսկ «168 Ժամի» հաջորդ համարը լույս կտեսնի արդեն 2011 թվականի հունվարի 20-ին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: