Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չստորագրել դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքները եւ դրանք առարկությամբ վերադարձնել խորհրդարան: «Օրինագիծը պարունակում է բազմաթիվ իրավաբանական հակասություններ, չի լուծում իր առջեւ դրված խնդիրները` փոխարենն առաջացնելով ծայրաստիճան վտանգավոր հետեւանքներ»,- նշված է Ս. Սարգսյանին ուղղված նամակում: Ըստ «Ժառանգության», օրենսդրական այդ փոփոխությունը վտանգավոր է հայերենի ապագայի, ազգային անվտանգության համար, կնպաստի արտագաղթի աճին, կթուլացնի երկիրը` բաժանելով հասարակությունը մի քանի լեզվական եւ մշակութային հատվածների, եւ կքայքայի ազգային ինքնությունը: