ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ կայացած ասուլիսում ամփոփելով անցնող տարին, ասել է, որ մասնավորապես արտաքին քաղաքականության բնագավառում 2010 թվականի ընթացքում առանձնակի ձեռքբերումներ չի տեսնում: Ներքին քաղաքականության հարցում, ըստ Ա. Բախշյանի, եւս առանձնապես դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել. չեն բացահայտվել մարտիմեկյան դեպքերը, քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ, հասարակությունը կարոտ է ազատ խոսքի, քանի որ չի բացվել «Ա1+»-ը: Լրագրողների հարցին` հնարավո՞ր է, որ վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանել է բավական կտրուկ. «Աստված մի արասցե»: Բախշյանը վստահեցրել է, որ ինքը` որպես քաղաքական գործիչ, պայքարելու է, որ Քոչարյանը չվերադառնա: