Երկարաժամկետ հեռանկարում

25/12/2010

Թուրքական «Զաման» պարբերականի լրագրող Քերիմ Բալջըն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար հայերի մղած պայքարին, գրել է, որ թեեւ այս անգամ էլ կանխվեց հայկական բանաձեւի մուտքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ, սակայն դրանով, ըստ էության, հարցը չփակվեց, խնդիրը չլուծվեց, մտահոգությունը չփարատվեց: «Ասեմ շիտակ. Հայրս ու ես ամեն ապրիլ ամսին անհանգստանում ենք, թե այս անգամ ո՛ր երկրի խորհրդարանում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունվելու: Չեմ ուզում, որ մեզ հաջորդող սերունդները եւս այդ մղձավանջն ապրեն»,- գրել է Քերիմը: Ըստ նրա` այդ հարցում անհրաժեշտ է հաստատուն մի լուծում գտնել:

Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկությունը` լրագրողը գրել է. «Դավութօղլուն վերջապես տարածաշրջանի երկրների լեզուներին տիրապետող դիվանագետներ պատրաստելու մասին որոշում է ընդունել: Մեր Արտգործնախարարության երիտասարդ դիվանագետների մեջ արդեն հայերեն (այդ թվում եւ՝ եբրայերեն) սովորողներ կան: Սա, ըստ իս, ամենավառ ապացույցն է այն բանի, որ Թուրքիան երկարաժամկետ հեռանկարում մտադրություն ունի Հայաստանում դեսպան նշանակել (Թել-Ավիվի դեսպանությունն էլ չփակել)»: