Նորվեգական «Aftenposten» թերթը հայտարարել է, որ ձեռք է բերել ԱՄՆ Պետքարտուղարությանը պատկանող եւ «Wikileaks» կայքի կողմից գաղտնազերծված բոլոր փաստաթղթերը: Երեկ նման հաղորդագրություն է տարածել «Associated Press» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ «Wikileaks»-ի տնօրինության տակ էր հայտնվել 251.287 հեռագիր, որոնք տարբեր երկրներում գտնվող ամերիկյան դեսպանությունների դիվանագետներն ուղարկել են ԱՄՆ Պետքարտուղարությանը: Առայժմ հրապարակվել է այդ փաստաթղթերից ընդամենը 1897-ը: «Aftenposten»-ի խմբագիր Օլե Էրիկ Ալմլիդը հայտարարել է, որ խմբագրությունը նյութերի հրապարակման տեսանկյունից որեւէ սահմանափակում չունի, եւ իրենց էջերում եւ ինտերնետում կհրապարակեն այն նյութերը, որոնք անհրաժեշտ կհամարեն։ Բացի այդ, ըստ Ալիմլիդի, «Aftenposten»-ն իր կայքում կտեղադրի նաեւ որոշ փաստաթղթերի բնօրինակներից քաղվածքներ: «Մենք ձեռք ենք բերել առանց բացառության բոլոր փաստաթղթերը` դրանց համար որեւէ բան չվճարելով»,- ասել է նորվեգական թերթի խմբագիրը: Սակայն «Wikileaks» կայքը շարունակում է տարբեր լրատվամիջոցների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել` իր գաղտնազերծած փաստաթղթերը հրապարակելու համար: «Wikileaks»-ի նոր գործընկերն է դարձել ռուսական «Նովայա գազետա» թերթը: Ի դեպ, «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժը «The Guardian» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան բանտում իր հնարավոր սպանության վերաբերյալ մտահոգություններն այնքան էլ մտացածին չեն: Ըստ Ասսանժի, ԱՄՆ իշխանությունները դիտարկում են իրեն մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը: Նա կարծում է, որ այդ մեղադրանքները կարող են լինել լրտեսության հետ կապված, ինչը կենթադրի նրա արտահանձնումը ԱՄՆ-ին: Միաժամանակ Ասսանժը գտնում է, որ «քաղաքական առումով իր արտահանձնումն անհնար է, եւ վերջին խոսքը կպատկանի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին»: Ասսանժը դեռեւս գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ իրավունք չունի լքելու այդ երկիրը, քանի դեռ չի ավարտվել նրա նկատմամբ Շվեդիայի իրավապահների կողմից սկսված հետապնդումը: Հունվարին պետք է լուծվի նրան Շվեդիային արտահանձնելու հարցը: