Հեռացումից առա՞ջ

25/12/2010

«Ծաղկաձորի քաղաքապետը չարաշահել է իր լիազորությունները, ինչի արդյունքում վնաս է կրել ինչպես համայնքը, այնպես էլ պետությունը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ըստ նրա ներկայացրած տվյալների, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, ի թիվս այլ չարաշահումների, վաճառել է 26 հեկտար հողատարածք, 151 հողամասեր, որոնց աճուրդը եւ ուղղակի վաճառքն իրականացրել է առանց ավագանու որոշման եւ օրենքի խախտումներով: «Օրինակները բազմաթիվ են, սակայն մի քանիսը բավարար են պատկերը հասկանալու համար: Օրինակ` դեպք է եղել, երբ քաղաքապետը կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով աճուրդով վաճառել է հող՝ այն դեպքում, երբ կողքի հողատարածքները վաճառել է կադաստրային արժեքի 100 տոկոսով: Այսինքն` քաղաքապետարանի բյուջե 120 միլիոն դրամ պակաս է մտել,- ասել է Հ. Հովսեփյանը` ավելացնելով,- Նա իրականացրել է 12 հատ հողատարածքի օտարում, որոնք պետք է անվավեր ճանաչվեն, քանի որ դրանք օտարվել են կամ քաղաքապետի աշխատակցին, կամ բարեկամին, ինչն օրենքով արգելվում է»: Բացահայտվել են նաեւ շինարարական ոլորտին վերաբերող խախտումներ` հավելագրումներ, շինապրանքի գների ուռճացումներ, որոնց արդյունքում Ծաղկաձորի քաղաքապետարանի բյուջեից դուրս է գրվել 60 միլիոն դրամ: Նախագահականի Վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացրել նաեւ Կոտայքի մարզպետարանում. վերջինիս կողմից մոտ 48 հեկտարի չափով հողեր են օտարվել: Տեղի է ունեցել 25 աճուրդ, որոնցից 15-ն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Ըստ Հ. Հովսեփյանի, Կոտայքի մարզպետարանի ղեկավարությունը մեքենայություններ է կատարել դպրոցների կապիտալ վերանորոգման, ջրագծերի, ճանապարհների կառուցման նախագծերն իրականացնելիս: «Հաշվետվություններն ուսումնասիրելիս բացահայտվել են խախտումներ, եւ այդ խախտումների ժամանակ պետությանը հասցված վնասի չափը կազմում է մոտ 65 միլիոն դրամ»,- ասել է Հովսեփյանը: Ըստ նրա, մեքենայություններ են կատարվել նաեւ դպրոցների աշակերտների թվի հետ կապված` ցույց տալով եղածից ավելի թվաքանակ: Նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում խոշոր խախտումներ են բացահայտվել նաեւ Բնապահպանության նախարարության մի շարք ստորաբաժանումներում: 2008-09 թթ. ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության գործունեության ուսումնասիրության արդյունքում վերահսկողական ծառայությունը պարզել է, որ 541 ջրօգտագործման թույլտվության որոշումներում առկա է օրենսդրության մոտ 250 խախտում: Ըստ նրա, ավելի խոշորամասշտաբ են Բնապահպանական տեսչության խախտումները: Նախագահի Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է տեսչության 2009 թ. ամբողջությամբ եւ 2010 թվականի առաջին երեք ամիսների գործունեությունը: Պարզվել է, չեն ստուգվել տնկարաններն ընդհանրապես, բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա բազմաթիվ խախտումներ տեսչության կողմից չեն արձանագրվել, խախտումներին էլ սխալ ձեւակերպումներ են տրվել: «Տեսչության կողմից արձանագրված ապօրինի ծառահատումների հետեւանքով պետությանը հասցված 165 մլն դրամից ընդամենը 10 մլն դրամն են վերականգնել`ընդամենը 6.1 տոկոս: Թվով 45 գործեր` 56 մլն դրամ ընդհանուր գումարով, չեն ուղարկվել իրավապահ մարմիններին, որոնք պարտավոր էին ուղարկել»,- նշել է վերահսկողական ծառայության ղեկավարը, ավելացնելով, որ դրանք Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ են, մինչդեռ իրավապահ մարմիններին չուղարկվելու հետեւանքով հարուցված գործեր չկան:

«Ստացվում է, որ այս մարդիկ ազատվել են եւ՛ քրեական, եւ՛ վարչական պատասխանատվությունից: Այս բոլոր գործերը նախապատրաստվում են Գլխավոր դատախազություն ուղարկվելու համար»,- ասաց Հ. Հովսեփյանը: Հատկանշական է, որ արդեն տեւական ժամանակ խոսվում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության մասին եւ Հ. Հովսեփյանի երեկվա հրապարակած տվյալները կարող են ավելի արագացնել այդ գործընթացը: Նույնը վերաբերում է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանին, որի պաշտոնանկության հարցը իշխանական շրջանակներում արդեն լուծված են համարում: Ինչ վերաբերում է Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանին, ապա վերջինս ըստ տարբեր տեղեկությունների, մտերիմ հարաբերություններ ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ բացառված չէ, որ այնտեղ հայտնաբերված խախտումների հրապարակումը կապված է ներկոալիցիոն խմորումների հետ: