Իշխանություն՝ հանուն իշխանության

25/12/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Տնտեսական առումով՝ տարին արդեն հասցրել ենք ամփոփել։ Այդուհանդերձ, եւս մեկ անգամ ետ գնալով՝ նշենք, որ ունեցել ենք ընդամենը 2.6% ՀՆԱ-ի աճ։ Դա շատ փոքր ցուցանիշ է՝ հավակնոտ ծրագրերի մասին խոսելու համար։ ՀՆԱ-ի աճը կարող էր ավելի մեծ լինել. տարվա կեսերին այն մի պահ հասավ 8%-ի։ Սակայն քարտերը խառնեց գյուղատնտեսությունը՝ արձանագրելով երկնիշ անկում։ Հարցին` անկումը բնակլիմայական պայմաններո՞վ է պայմանավորված, թե՞ կառավարության քաղաքականությամբ, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը պատասխանել է. «Անկման հիմնական պատճառը բնակլիմայական պայմաններն են: Ասեմ նաեւ ինչու, որովհետեւ տարածաշրջանում է էդպես` եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Վրաստանում: Էս բնակլիմայական պայմանները համատարած էր, եթե մարտ-ապրիլ ամսին եղան ցրտահարություններ, եւ պտղի ծաղիկների մոտ 70 տոկոսը ցրտահարվեց, դրանում գյուղատնտեսության ու կառավարության մեղքի բաժինը ո՞րն է»:

Հանուն արդարության՝ պետք է նշենք, որ հարեւան երկրներում նույնպես գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Սակայն շատ ավելի նվազ չափով։ Իսկ Գերասիմ Ալավերդյանի նշանակման առաջին իսկ շրջանից այս ոլորտը դարձավ հասարակության ամենալայն քննարկման առարկա։ Սկզբում՝ ոչխարի մսի հետ կապված պատմությունն էր, վերջում՝ պանրի գների։ Մեջտեղում էլ՝ եթե հիշում եք, դաբաղանյութերի հետ կապված սկանդալն էր։ Եվ չնայած այս ամենին՝ Գ. Ալավերդյանը Ամանորը դիմավորելու է նախարարական կարգավիճակում։ Գո՞հ է արդյոք իր կատարած աշխատանքից, թե՞ ոչ՝ նա այսպես է մեկնաբանել։ «Ես չեմ սիրում իմ աշխատանքը գնահատել, ես ինքս առավոտը ժամը 9-ին աշխատանքի վայրում եմ, ամենաշուտը գնում եմ 8-10-ին եւ էդ ամբողջ ընթացքում իմ համապատասխան աշխատանքներն եմ իրականացնում, գնահատականը թող տա մեր հասարակությունը»։ Իսկ հասարակության մեծ մասը, եթե անկեղծ լինենք, գյուղնախարարին դեմքով էլ չի ճանաչում։ Երկու օր առաջ, երբ նախարարն այցելել էր գյուղմթերքների շուկա՝ գներին անձամբ ծանոթանալու, մի երիտասարդ վաճառող նրա հարցին պատասխանեց, ոչ ավել, ոչ պակաս, «հոպար ջան» դիմելաձեւով։

Ինչեւէ, գյուղնախարարը մնաց իր պաշտոնում՝ չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսության անկման պատճառով ՀՆԱ աճի ցուցանիշը ցանկալի գեղեցկությունը չունեցավ։ Աճի ցուցանիշն ապահովվեց արդյունաբերության ոլորտի շնորհիվ։ Սակայն «թարսի պես» առանձին այս ոլորտով զբաղվող նախարարություն չունենք, որ դրա ղեկավարի հասցեին գովեստի խոսքեր ասենք։ Խոշոր հաշվով, այդ խոսքերը կարելի էր ուղղել Էկոնոմիկայի նախարարին, սակայն նրան, արի ու տես, գովեստի փոխարեն՝ պաշտոնանկություն էր սպասում։ Ընդհանրապես, անցնող տարին բավական բուռն ավարտ ունեցավ։ Առաջին հերթին, իհարկե, նկատի ունենք կադրային փոփոխությունները՝ ոմանք՝ հասկանալի, ոմանք էլ՝ անհասկանալի։ Եթե Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունը հստակ պատճառաբանվեց, ապա, օրինակ, Գեւորգ Դանիելյանի դեպքում մութ կետեր այդուհանդերձ մնացին։ Սակայն ամենաանհասկանալին, թերեւս, Ներսես Երիցյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հեռացնելն էր։ Անհասկանալի էր ոչ թե հեռացնելը (դրան շատերն էին սպասում), այլ պաշտոնական բացատրությունը (կամ բացատրության բացակայությունը)։ Չնայած պետք է նշել, որ պաշտոնական բացատրություն այդպես էլ չհնչեց։ Չէ՞ որ, երբ Ներսես Երիցյանը հայտարարում էր, թե պատվով հաղթահարել ենք ճգնաժամը, ոչ ոք այն ժամանակ հակառակը չէր պնդում։ Այն մարդիկ, ովքեր մտածում էին՝ երեւի վերեւները դժգոհ են Ներսես Երիցյանից, մեկ օր հետո զարմանքով լսեցին, որ նա նշանակվել է Կենտրոնական բանկի փոխնախագահ։

Ներսես Երիցյանի պաշտոնանկության պատճառը փորձել է ճշտել «Lragir.am»-ի լրագրողը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ զրույցում։ Մասնավորապես, երբ խոսք է գնացել պետական պաշտոնյաների՝ այս կամ այն չափանիշներին չհամապատասխանելու եւ դրա հետեւանքների մասին, լրագրողը հարցրել է, թե Ներսես Երիցյանի պաշտոնանկությունը նո՞ւյնպես կարելի է դիտարկել այդ տրամաբանության մեջ, վարչապետը պատասխանել է. «Ինչ վերաբերում է վերադասավորումներին, դա ամենեւին չի նշանակում, որ երբ դու քո ինտելեկտուալ կարողությունները վերադասավորում ես, վերաբաշխում ես, դա նշանակում է, որ դու դժգոհ ես կամ դժգոհ չես, կամ, ասենք, Ներսես Երիցյանին տրվում է գնահատական, որ նա այնպիսի հասարակական արարք է թույլ տվել, որը համահունչ չէ այդ պաշտոնը զբաղեցնելուն: Ներսես Երիցյանի դեպքը լրիվ այլ դեպք է: Դա վերաբերում է մեր թիմի ներսում ուժերի վերաբաշխմանը, որպեսզի մենք մեր կարողություններն ավելի արդյունավետ օգտագործենք, եւ հանրապետության նախագահը հրապարակային հայտարարեց դրա մասին: Դրա համար չեմ կարծում, որ Ներսես Երիցյանին պաշտոնից ազատելը պետք է դիտարկել այլ տեսակետից: Պետք է դիտարկել այս բացատրության ներքո, որ դա մեր ուժերի վերադասավորում է»։

Իհարկե՝ այս պատասխանից այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ներսես Երիցյանից վերցրին տնտեսության ղեկը։ Սակայն փոխարենը վարչապետի խոսքում կարելի է մեկ այլ կարեւոր հարցի պատասխան գտնել՝ ի՞նչ է կատարվում իրականում «կադրային փոփոխություններ» անվան տակ։ Վարչապետը դրան տվել է «ուժերի վերադասավորում» անվանումը, ինչին ժողովուրդը ավելի պարզ անուն է տալիս՝ «ՐՈՍՌՐՏՉՍՈ»։ Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանն անուղղակիորեն հաստատում է ընդդիմության կողմից հնչող մեղադրանքները։ Օրինակ՝ երբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հարցրել էին, թե կարելի՞ է արդյոք դրական տեղաշարժ ակնկալել կադրային փոփոխություններից, վերջինս բացասական պատասխան էր տվել, ասելով՝ գումարելիների տեղերը փոխելով՝ գումարը չի փոխվում։

Սակայն հարցազրույցի ամենաուշագրավ եւ ամենաանկեղծ հատվածը թերեւս այս մեկն է։ Խոսելով օլիգարխների, մանր ու միջին բիզնեսի, խաղի կանոնների մասին, Տ. Սարգսյանը նշում է, որ ֆունդամենտալ պրոբլեմ ունենք՝ մտածողության։ Եվ իր միտքը ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Ամբողջ կռիվն ինչի համար է գնում այս երկրում»։ «Իշխանությա՞ն: Դուք էլ եք իշխանության համար կռվում, փաստորեն»,- հարցնում է լրագրողը: Եվ պատասխանը. «Բնականաբար: Բա ընտրությունների իմաստն ի՞նչ է: Պայքար է իշխանության համար»։

Եթե տարվա ամենաանկեղծ պետական պաշտոնյայի մրցանակ լիներ, ապա վարչապետն իր այդ նախադասությամբ անշուշտ կարժանանար այդ մրցանակին։ Այնպես որ, մեզ մնում է խաղաղվել, իզուր վերլուծություններ չանել եւ Նոր տարին դիմավորել վերստին հաստատված այն համոզմունքով, որ ամե՛ն ինչ արվում է իշխանության համար՝ անկախ ամենահուզիչ ելույթներից։