Հայաստանում միայն խոսում են

25/12/2010

«Հայաստանում Եվրամիությանը ամենից շատ մտահոգող խնդիրներից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ ժողովրդավարության զարգացումը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ մտահոգող ամենակարեւոր հարցերից մեկն է, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի իշխանությունները համաձայնել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների շրջանակում ստեղծել ենթահանձնաժողով` մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Սա կարեւոր խնդիր է: Կարեւոր է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ողբերգական հիշողությունները մնան ետեւում, – ասել է Ֆյուլեն` ընդգծելով,- Նկատի ունեմ` ոչ թե մոռացության մատնել դրանք, այլ պահելով հիշողության մեջ` առաջ գնալ, ազատ արձակել նրանց, ովքեր դեռ անազատության մեջ են` մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ»:

Ըստ Ֆյուլեի, ժողովրդավարական բարեփոխումներն ու տնտեսական դաշտը ազատականացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կարեւոր են ոչ միայն Հայաստանի կայուն զարգացման, այլեւ` Եվրամիությանը մերձենալու, դաշինքից քաղաքական, տնտեսական ու ֆինանսական օգնություն ստանալու համար: «Կարծում եմ` կարեւոր է ընդունել, որ, օրինակ, Արեւելյան գործընկերության ծրագիրը, որը մենք առաջարկել ենք ետխորհրդային վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, արդարամիտ առաջարկ է եւ շանս` իրագործել սեփական նպատակները` բարեփոխումների եւ առաջընթացի ճանապարհով: Մեզ համար չկան առաջնային կամ երկրորդային կարեւորության երկրներ, որոնց մենք պատրաստ ենք ավելին տալ` մյուսների համեմատ, ամեն ինչ որոշվում է բարեփոխումների այն չափով, որ պատրաստ են իրագործել ծրագրի անդամ պետությունները»,- ասել է Եվրամիության հանձնակատարը: Մեկ տարի առաջ մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագրով պաշտոնական Բրյուսելը ետխորհրդային վեց պետությունների` Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային ու Բելառուսին առաջարկում է էական ֆինանսական աջակցություն, ազատ առեւտրի գոտու ստեղծում, վիզային ռեժիմի մեղմացում, փոխարենը` պահանջում է մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցային պայմանների ապահովում ու կայուն զարգացում: «Այդ վեց երկրներից Հայաստանը առանձնանում է նրանով, որ այստեղ բավական վաղ ներդրվեց Եվրամիության փորձագետների խումբը, որը աշխատում է յուրաքանչյուր նախարարությանը կից եւ խորհուրդներ տալիս քաղաքականության բարելավման շուրջ: Կարծում եմ` սա խոսում է բարեփոխումները առաջ տանելու` Հայաստանի իշխանությունների կարեւոր հանձնառության մասին: Այդուամենայնիվ, կան շատ մարտահրավերներ:Հայաստանում կան քաղաքական գործիչներ, ովքեր միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաեւ նրանց գործը տեսնենք»,- ասել է ԱՄ պաշտոնյան: