Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում Ս. Սարգսյանն անդրադարձել է ֆինանսական ճգնաժամին` ասելով, թե դժվարին պայմաններում մեզ հաջողվել է կայունացնել իրավիճակը եւ ապահովել որոշակի տնտեսական աճ: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավտանգավոր՝ առաջին ալիքը մեր երկիրը հաղթահարեց առանց էական ցնցումների: Ճգնաժամի երկրորդ ալիքը, սակայն, շատ մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանը. անկում արձանագրվեց գրեթե բոլոր ճյուղերում, կտրուկ կրճատվեցին դրամական հոսքերը, ներդրումների ծավալները, արտահանման շուկաները դադարեցին սնել մեր տնտեսությունը: Այդ ծանր օրերին, երբ եվրոպական մի շարք երկրներում ուսուցչին, բժշկին, հրշեջին եւ անգամ դատավորին փողոց էր հանել բարեկեցության կտրուկ անկման սպառնալիքը, մեր երկիրը, մեր հասարակությունը, գործարար համայնքը եւ իշխանության տարբեր թեւերը միասնաբար կարողացան առավելագույն չափով ապահովել սոցիալական մինչճգնաժամային իրավիճակը: Ճգնաժամը մեզ ստիպեց լինել ավելի զգուշավոր, բայց եւ ավելի համարձակ: Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազօրյա հացի մասին մտածելուն զուգահեռ՝ մշակել եւ ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը: Ստիպեց նորովի արժեւորել հին՝ վստահելի գործընկերներին ու ակտիվորեն փնտրել նորերին: Ստիպեց ամեն օր կռիվ տալ հայրենական բիզնեսը կործանումից փրկելու համար, միեւնույն ժամանակ լարել բոլոր մկանները՝ բյուջետային աշխատավարձերի ու կենսաթոշակների ուշացում կամ կրճատում թույլ չտալու համար: Ստիպեց դիմակայել տնտեսական ձմռանը, բայց ոչ մի օր չդադարել գարնանային աշխատանքների ծրագրեր կազմել»,- ասել է Ս. Սարգսյանը: Նաեւ հավելել է. «Ընդհանուր վտանգի պահին մեզ հաջողվել է միասնաբար դիմագրավել դժվարությունները: Կառավարության հետ սերտ համագործակցության աշխատաոճը առավել ակտիվությամբ շարունակելու ենք նաեւ 2011թ.: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի»: