Երեւանում դելֆինարիումի մոտալուտ բացումը բողոքի նոր ալիք է բարձրացրել: Հիմնական խնդիրը Հայաստան բերված դելֆինների պահպանման նորմերի խախտումն է` փոքր ջրավազանը, ծովային ջրի բաղադրությունը քլորացված ջրով փոխարինելը (ինչը հանգեցնելու է դելֆինների կուրությանը), կերակրի համար թարմ ձկների պակասը: Այդ խախտումներն իրենց ազդեցությունն են ունենալու կենդանիների հոգեկան վիճակի վրա: Կենդանիները հայտնվելով սթրեսային վիճակում, չեն կարող համարվել անվտանգ (առավելեւս` թերապեւտիկ լողի համար պիտանի): Դեկտեմբերի 27-ին հայաստանյան դելֆինարիումի դեմ բողոքի ակցիա կանցկացնեն ուկրաինացի բնապահպանները, որոնք դեմ են ուկրաինական դելֆինների վաճառքին ու նրանց շահագործմանը ՀՀ-ում: Ինչպես հայտնի է՝ Երեւանի «Նեմո» դելֆինարիումը հանդիսանում է ուկրաինական «Ներում» ընկերության սեփականությունն ու լուրջ խնդիրներ ունի ոչ միայն Ուկրաինայում (վերջին տարվա ընթացքում օրինազանց են համարվել ու պարտադրաբար փակվել են Խարկովի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի ու Կիեւի դելֆինարիումները), այլեւ` միջազգային կազմակերպությունների հետ, որոնք պարտավորեցնում են դելֆինարիումները կառուցել միայն ծովափնյա քաղաքներում ու ծովային բնակիչների համար բնական միջավայր ապահովելու նախապայմանով: Հայ էկոլոգները վստահ են, որ Երեւանի դելֆինարիումն ապօրինի է կառուցվել, քանի որ նախապես չեն կազմակերպվել հանրային լսումները, հաշվի չեն առնվել բնապահպանների եզրակացությունները եւ, վերջիվերջո` դելֆինների ներկրումը Հայաստան իրականացվել է առանց պատշաճ փաստաթղթերի: