«Մա՛մ, ես լավանալու եմ չէ՞»

25/12/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վեցերորդ դասարանցի Լաուրան, ի տարբերություն նախորդ ծննդյան տոների` Ամանորի նախօրեին հանկարծ հասկացել է, որ կորցրել է հեքիաթներին հավատալու զգացողությունը: Օրեր առաջ մորը խոստովանել է. «Մա՛մ, ես միշտ էլ իմացել եմ, որ Ձմեռ պապ չկա: Ձեւացնում էի, թե հավատում եմ, բայց գիտեմ, որ նվերները դուք եք գնել ու խաբել եք, թե իբր Ձմեռ պապն ա բերել»: Իրականությունն այս փոքրիկ աղջկա մեջ աստիճանաբար սպանում է հրաշքներին հավատալու ուժը: Լաուրայի համար այս Ամանորն անսովոր ու ավելի շատ տխրության, քան ուրախության տոն է: «Մա՛մ, ես լավանալու եմ, չէ՞»,- պարբերաբար այս հարցն ուղղում է հարազատներին ու անհամբեր սպասում է այն պատասխանին, որից կախված է ինքն իր հետ հաշտ ապրելու խաղաղության անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է` 10 տարեկան Լաուրա Եղիյանը գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Քիմիաթերապիայի բաժամնունքում: Հուլիս ամսին ինքնազգացողությունը վատացել է: Տատիկը` Լարիսա Սահակյանն, ասում է. «Անընդհատ բողոքում էր` մեջքս ա ցավում, ոտքերս ա ցավում: Մտածում էինք` ախր էս տարիքի երեխան ինչո՞ւ պիտի ցավեր ունենա»: Տարբեր բուժհիմնարկներում ախտորոշվելուց եւ մասնագետների խորհրդով ոսկրածուծի անալիզ անելուց հետո Լաուրայի մոտ հայտնաբերվել է «Սուր լիմֆոբլաստային լեյկոզ 1-ին ռեցիդիվ» հիվանդությունը: Սեպտեմբեր ամսից Լաուրան գտնվում է հիվանդանոցում եւ քիմիաթերապիայի կուրսեր է ստանում: Հիվանդանոցում կան հոգեբաններ, մանկավարժներ, ովքեր պարբերաբար զրուցում եւ հոգեբանական օգնություն են ցուցաբերում Լաուրային: Ժամանակ առ ժամանակ այս աղջիկը փակվում է ինքն իր մեջ եւ չի ցանկանում խոսել, շփվել, տեղաշարժվել: Քիմիաթերապիա ստանալուց հետո գանգուր, փարթամ մազերը թափվել են։ «Շատ ծանր տարավ մազերի կորուստը: Չէր հաշտվում դրա հետ, ու օրերով չէինք կարողանում խոսել հետը: Ամբողջ օրը պառկում, հայացքը հառում էր հատակին ու չէր շփվում: Նա շատ երկար, գանգուր մազեր է ունեցել ու ներկայիս վիճակը շատ ծանր տարավ»,- ասում է տատիկը: Նա Աստծուն աղոթում է, որ հանկարծ փոխպատվաստման խնդիր չառաջանա, հակառակ դեպքում ընտանիքն այլեւս չի դիմանա այդ ցավին, որովհետեւ նման դեպքում որպես դոնոր պետք է լինի Լաուրայի փոքրիկ, 8 տարեկան քույրիկը: Բժիշկները հորդորում են դեռեւս սպասել բուժման կուրսի արդյունքներին: Տիկին Լարիսան ասում է` «Չափազանց հոգատար բժիշկներ են, շատ ուշադիր եւ սիրալիր: Շատ որակով սպասարկում է եւ բուժանձնակազմն էլ` չափազանց մարդկային է ու սրտացավ»: Երբեմն Լաուրան բարձր տրամադրություն է ունենում ու հայտարարում է, որ բժիշկ է դառնալու` իր նման երեխաներին բուժելու, նրանց մասին հոգ տանելու համար. «Բժշկի խալաթը գցում է ուսերին ու բաժանմունքով շրջում է»: Լաուրան մեկ էլ երազում է շուն կամ դաշտամուկ ունենալու մասին: Ասում է, որ ընտանի կենդանու մասին հոգ տանելուց, խնամելուց ինքը խաղաղվում է:

Լաուրա Եղիյանի ընտանիքն անօթեւան լինելու պատճառով բնակվում է Աջափնյակ համայնքի բազմաբնակարան շենքերից մեկի նկուղում: Մայրը մանկավարժ է, սակայն արդեն քանի ամիս է` ստիպված է երեխային խնամելու համար չաշխատել: Լեյկոզ հիվանդության բուժման կուրսն իրականացվում է պետպատվերով, այսինքն` անվճար է: «Դեղորայքը լրիվ տրամադրում է հիվանդանոցը եւ որեւէ գումար մուծելու խնդիր մինչ այժմ չի եղել, ամեն ինչ արվել է անվճար հիմունքներով: Սակայն դեղ կա, որից Լաուրայի մոտ ռեակցիա է առաջանում եւ մենք ստիպված ենք լինում արտերկրից պատվիրել: 600.000 դրամ արժողությամբ «Օնկասպար» դեղամիջոցը Մոսկվայից են պատվիրում, իսկ 800.000 դրամ արժողությամբ «Ցիտազարը» պետք է Անգլիայից պատվիրեն: «Դեռ յոթ բլոկ պետք է ստանա: Ամբողջ օրը դրանով ենք զբաղված, թե որտեղից ինչ գումարներով հայթայթենք դեղորայքը»: Լաուրայի նյարդերը ժամանակ առ ժամանակ տեղի են տալիս, ու նա ասում է` «Ինչ լինում ա, թող լինի, ինձ տուն տարեք»: Սակայն հարազատները փորձում են հանգստացնել նրան. «Ասում ենք` դու լավ չես քայլում, պիտի էս դեղերը ստանաս, որ կարողանաս քայլել: Երբ կամաց-կամաց սկսեց քայլել, սկսեց ասել` բուժվել, վերջացրել եմ` ես հիմա ինչի՞ եմ էստեղ: Օրեր են լինում, որ բացարձակ չի շփվում, միայն լաց է լինում»: Լաուրան շատ հարցեր է տալիս, որոնց պատասխանների դառնությունը զգալով, հարազատները շատ դեպքերում առավել նպատակահարմար են գտնում նրա հարցերին չպատասխանել: Տատիկն ասում է, որ ընկերներին շատ է կարոտում, եւ երբ նրանք գալիս են այցելության, Լաուրան այդ պահին ուրախանում է, իսկ հետո… «Էդ պահին շատ է ուրախանում, տրամադրությունը բարձրանում է, բայց երբ գնում են` ահավոր տխրում ու օրերով չի շփվում»: 10 տարեկան Լաուրայի համար այս տարվա Ամանորն անսովոր ու թախծոտ է: Հավանաբար ծննդյան տոները կանցկացնի հիվանդանոցի Քիմիաթերապիայի բաժանմունքի իր հիվանդասենյակում: Որքան մոտենում է դեկտեմբերի 31-ը, այնքան նա շփոթվում ու մոլորվում է: Ամանորը հրաշքների ու հեքիաթների տոն է, բայց Լաուրան սկսել է խոստովանել, որ այլեւս չի հավատում Ձմեռ պապի գոյությանը: Տիկին Լարիսան պարբերաբար թոռնուհու համար բերում է հրաշագործությունների մասին գրքեր: «Հրաշքներ լինում են, այդ գրքերը դնում եմ նրա բարձի տակ: Շատ ենք կարդում այդ հրաշքների մասին, որ հավատա իր հրաշքին»,- ասում է տիկին Լարիսան:

Այժմ Լաուրայի ընտանիքը ֆինանսական օգնության կարիք ունի: Երեխայի արտերկրից պատվիրվող դեղորայքը շատ թանկ է: Տիկին Լարիսան վստահեցնում է, որ Էդգար Գյանջումյանի «Օգնեմ» կազմակերպությանը դիմելուց հետո` «Առանց տրտնջալու ֆինանսապես օգնել են», ինչպես նաեւ օգնել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լինելով «Փարոս» համակարգի շահառու ընտանիքը, նա դիմել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հայխնայբանկում» սովետական տարիներից պահ տված գումարները ստանալու համար: Պատասխան դեռեւս չի ստացվել: Լ. Սահակյանի խնդրանքով նախարարին ուղղված դիմումը տպագրում ենք ամբողջությամբ. «Հարգելի պարոն Գրիգորյան. 1979թ. ամուսնացել եմ փոխգնդապետ Գուրգեն Լազրի Առաքելյանի հետ, որը մահացել է 2003թ.` զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունից: Ընտանիքս նպաստառու է, բազմանդամ` 10 անձ, ապրում ենք միասին: Մեծ թոռնուհիս` Լաուրան, ծնվել է 2000թ. հուլիսի 24-ին, Երեւանում: 2005թ. ապրիլ ամսին երեխայի մոտ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Բուժվել է: Սկսել է հաճախել դպրոց, սակայն 5 տարի անց հիվանդությունը կրկնվել է: Այժմ երեխան գտնվում է «Մուրացան» հիվանդանոցի Քիմիաթերապիայի բաժանմունքում: Քանի որ նրա մոտ ուշացած ռեցիդիվ է` երեխան քիմիան ստանում է քառակի չափաբաժնով: Դեղերի մի մասը, որոնք չկան հիվանդանոցում, բայց խիստ անհրաժեշտ են շարունակական բուժման համար, շատ թանկ են եւ ՀՀ-ում արտոնագրված չեն: Ընտանիքս գտնվում է ծանր վիճակում, երեխայի կյանքը փրկել ենք ուզում: Խնդրում եմ հաշվի առնել ընտանիքիս սոցիալական անապահով վիճակը եւ օգնել փոխհատուցելու խնայդրամարկղում ներդրած իմ գումարները: Վտանգված է 10-ամյա երեխայի կյանքը»:

Հ.Գ. Լաուրա Եղիյանին աջակցել ցանկացողները կարող են դրամական օգնություն փոխանցել «Արդշինինվեստբանկի» Էլեոնորա Առաքելյանի (Լաուրայի մայրն է) անվամբ բացված հետեւյալ հաշվեհամարին` «2470043791750010 AMD»: