Ջրանցքներն արվեստում

25/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ամանորի նախաշեմը ամփոփման ժամանակահատված է չինովնիկների համար: Այդ թվում՝ նաեւ մշակույթի ոլորտի չինովնիկների, ովքեր ամեն ինչ արեցին` տարին հզոր ակորդով ավարտելու համար: Խոսքը Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի բեմականացման մասին է, որը որպես ամանորյա նվեր մատուցվեց բոլոր ոլորտների չինովնիկներին, այդ թվում նաեւ` բարձրաստիճան պաշտոնյաներին: Այդ նվերը «փաթեթավորելու» համար աննախադեպ մեծ գումար, արտասահմանյան ներուժ, ինչպես նաեւ` պետական քարոզչական մեքենայի աշխատանքը գեղեցիկ ու անխափան մատուցելու համար անհրաժեշտ «յուղ» էր ծախսվել: Չէ՞ որ, եթե որեւէ պետություն իր բոլոր ուժերը ուղղում է մեկ (ընդգծում ենք` ընդամենը մեկ) թանկ ներկայացում անելու համար, ապա դա կարելի է դիտարկել միայն որպես «նվեր», այլ ոչ թե` որպես բնական զարգացման կիզակետ: Եվ ստացվում է, որ «խմորում» պրոցես, զարգացում չկա, այլ ընդամենը` կիզակետ կա, որի տակ դատարկություն է:

Այս օպերայի դեպքում, ինչպես ասում են` երաժշտական իմպրեսարիոյի դերում հայտնվել է անձամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով կարծես իր սեփական տրամաբանության համաձայն` Հայաստանի գլխավոր թատրոններին երկար ժամանակ զերծ է պահում գեղարվեստական ղեկավար ունենալու իրավունքից ու ինքն է հրահանգներ անում` կոնկրետ ներկայացումների պատվերներ իջեցնելով: Միգուցե հաջորդ տարի էլ Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում կարող է հայտնվել մի ներկայացում, որի տակ գրված կլինի` այն պատրաստվել է Մշակույթի նախարարության ուժերով: Ավաղ, Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին ուղղված հարցերը անպատասխան են մնալու, քանի որ նախարար Հ.Պողոսյանը որոշել է իր ամփոփիչ ասուլիսը գումարել այն ժամանակ, երբ տպագիր լրատվամիջոցներն արձակուրդում են լինելու: Միգուցե դա պատահական զուգադիպություն է (թերեւս նախարարից շատ ժամանակ է խլել պրոդյուսերական գործունեությունը), սակայն փաստը մնում է փաստ. ասուլիսը հասցեագրվում է միայն նրանց, ովքեր սովոր են միայն գովերգությունները ներկայացնել եթերում ու ցույց տալ, որ շնորհանդեսային միջոցառումները կյանքի են կոչվել հարվածային աշխատանքի շնորհիվ: Հայաստանում արվեստը շնորհանդեսային բնույթ է ստացել, ինչը ոչ միայն արգելափակում է, այլեւ փակում է արվեստի ճանապարհը: Ցանկացած ջրավազանում ջուրը պետք է ազատ հոսի, որպեսզի անընդհատ մաքուր մնա ու զերծ լինի ճահճացման վտանգից: Իսկ մեր այսօրվա իրականության մեջ հենց ճահճացած վիճակն է ներկայացվում շքեղ միջոցառման ձեւաչափով: Մշակութային չինովնիկները` էքսկլյուզիվ թափով ու ճարտասանությամբ ասում են` մշակույթը նվեր է, ընդունեք այն ու մի փորձեք խորհել: Չէ՞ որ նվերը միայն ընդունում են, այլ ոչ թե` քննարկում ու դրա շուրջ մտորում: Հիշելով «Աիդա» օպերայի լիբրետոյի առանցքը (Սուեզի ջրանցքի բացումը), կարելի է ուշագրավ փաստ հիշատակել. ջրանցքի շահագործումը Եգիպտոսին ավելի շատ գումար է բերում, քան նավթի արդյունահանումն ու նույնիսկ` աննախադեպ ծավալի հասած տուրիզմը: Այնպես որ, ջրանցքների կառուցումը շատ արդիական ու հեռանկարային գործ է: Վերջիվերջո, ջրանցքները նաեւ օպերաներ են դառնում: Իսկ ջրազուրկ երկրներում ջրանցքները կառուցվում են մարդկային ռեսուրսի օգնությամբ, ասենք` թատերական հեղինակություններին ոչ թե ընդամենը բեմադրելու պատվերներ են իջեցվում, այլ նրանց գիտելիքները ներդրվում են կրթական համակարգի մեջ: Արվեստում «ջրանցքը» այդպես է սկիզբ առնում: Եվ հետո հանրային անհրաժեշտություն դառնալով` դառնում է նաեւ պետության եկամուտների աղբյուր: