Չեմպիոնների լիգա

25/12/2010 Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Գարնանային սրացումների սպասելիս

Ինչպեսեւ խոստացել էինք` մարզական տարին փակելիս՝ անդրադառնանք Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերի հնարավորություններին, փորձենք հասկանալ, կամ, եթե կուզեք` կռահել Հին աշխարհամասի 16 լավագույն ակումբների հնարավորությունները:

«Ռոմա»-«Շախտյոր»

Այս խաղը մեզ ամենաշատն է հետաքրքրում, քանզի առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ մեր հայրենակիցը խաղալու է ՉԼ «Փլեյ օֆում»: Հենրիկ Մխիթարյանի թիմին բաժին է հասել ոչ ամենաանհարմար մրցակիցը: «Ռոման» ներքին առաջնությունում այս տարի չի փայլում, բավական քիչ գոլ է խփում եւ բավական շատ բաց թողնում: Ֆրանչեսկո Տոտին եւ ընկերները լավագույն մարզավիճակում չեն: Փոխարենը փայլուն են «Շախտյորի» գործերը: Ուկրաինայի առաջնության առաջատարն իրեն հետապնդող Կիեւի «Դինամոյից» առաջ է անցել 12 միավորով եւ, ամենայն հավանականությամբ, կրկին կնվաճի չեմպիոնական տիտղոսը: Եվ, այնուամենայնիվ, այս զույգում շանսերը բացարձակ հավասար են: Բացի այդ, առջեւում է ձմեռային տրանսֆերային պատուհանը, եւ փաստ չէ, որ փետրվարի 16-ին դաշտում կտեսնենք այս տարվա համար սովորական դարձած կազմերը:

«Արսենալ»-«Բարսելոնա»

Թեեւ այս զույգում բոլորը նախապատվություն են տալիս իսպանական ակումբին՝ ակնհայտ է, որ «Արսենալը» չի կարող կուլ տալ նախորդ տարվա ստորացումը (1:1 եւ 1:4 ՉԼ 2009/2010 խաղարկությունում): Անգլիացիներն այս մրցաշրջանում շատ հաջող են խաղում եւ անգամ հավակնում են երկրի չեմպիոնի տիտղոսին, այնպես որ, բոլորովին ակնհայտ չէ «Բարսելոնայի» հաղթանակը: Շանսերը` 45:55: Ի վերջո, «Բարսան» ունի Մեսի, իսկ «Արսենալը» Մեսի չունի:

«Ինտեր»-«Բավարիա»

Անցյալ խաղարկության եզրափակիչի մասնակիցները կհանդիպեն արդեն վաղ գարնանը եւ կկազմեն, թերեւս, ամենաանկանխատեսելի զույգը: Մոուրինյուի «Ինտերը» ներկայումս իր իսկ խղճուկ նմանակն է, եւ աշխարհի ակումբային առաջնությունում տարած հաղթանակը դեռ ոչինչ չի նշանակում: Փայլուն չէ նաեւ «Բավարիայի» վիճակը: Գերմանիայի առաջնությունում թիմը չափից ավելի անվստահ է խաղում, եւ, միանգամայն օրինաչափ է թվում, որ Եվրոպայի անցյալ տարվա երկու լավագույններից մեկը «Փլեյ օֆի» առաջին իսկ փուլում դուրս է մնալու պայքարից: Շանսերը` 50:50:

«Լիոն»-«Ռեալ»

«Ռեալը» ՉԼ-ում վերջին 6 տարիներին պայքարը լքում է 1/8 փուլում, իսկ անցյալ տարի` հենց «Լիոնի» «շնորհիվ»: Կախարդված շրջանը ճեղքելու բացառիկ հնարավորություն է, մանավանդ, թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի թաքցնում, որ կցանկանար Չեմպիոնների գավաթը նվաճել երրորդ անգամ: Մինչ այս որեւէ մարզչի չի հաջողվել Չեմպիոնների գավաթին տիրանալ երեք տարբեր թիմերի հետ, մինչդեռ Մոուրինյուն այն նվաճել է 2004թ. «Պորտուի» եւ 2010թ. «Ինտերի» հետ: Իհարկե, «Լիոնը» կփորձի կրկնել սխրանքը, բայց, դատելով «Ռեալի» խաղի որակից, դա նրանց դժվար թե հաջողվի: Շանսերը` 40:60:

«Միլան»-«Տոտենհեմ»

Առավել անհասկանալի զույգը: Իտալիայի առաջնության առաջատար «Միլանը» խաղի որակով եւ կայունությամբ չի զարմացնում, եւ, բացի այդ, բավական տարիքով թիմ է: Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ «Միլանը» կարողանում է կազմակերպվել առավել անհրաժեշտ պահին եւ արդյունք ապահովել: «Տոտենհեմը», հակառակը, երիտասարդ է եւ ագրեսիվ: Իր պատմության մեջ առաջին անգամ Լիգայի այս փուլին հասնելով՝ անգլիացիները հաստատ չեն գոհանա եւ կարող են նույնիսկ մինչեւ եզրափակիչ հասնել: Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ նման դեպքեր եղել են, «Նոթինգհեմ Ֆորեստը», «Աստոն Վիլլան» ոչ միայն հասել են, այլեւ նվաճել Չեմպիոնների գավաթը: Շանսերը` 51:49:

«Վալենսիա»-«Շալկե»
«Մարսել»-«Մանչեսթեր Յունայթեդ»
«Կոպենհագեն»-«Չելսի»

Եթե «Չելսիի» եւ ՄՅՈՒ-ի հաջորդ փուլ դուրս գալը ոչ ոք կասկածի չի ենթարկում, ապա «Վալենսիա»-«Շալկե» զույգում բացարձակ անիմաստ է հաղթողի մասին կռահումներով զբաղվելը: Իսպանացիները իրենց առաջնությունում ընթանում են 4-րդ տեղում, բայց իրական առաջատարներին զիջում են հսկայական տարածություն, ամբողջ 15 միավոր: «Շալկեն», որ Գերմանիայի առաջնությունը սկսել էր բացառապես պարտություններով, ճգնաժամը հաղթահարել է եւ ցուցադրում է գրավիչ ու արդյունավետ խաղ: Ամեն դեպքում, այս զույգի հաղթողին անհամբերությամբ են սպասելու քառորդ եզրափակիչում՝ որպես ութնյակի թույլ օղակ: Սակայն, կարծում եմ, հատկապես վտանգավոր է «Չելսիի» վիճակը: Դանիական «Կոպենհագենը» ի սկզբանե համարվում էր եւ այժմ էլ համարվում է շատ թույլ մրցակից, որն առավելապես աչքի է ընկնում մարզչի էքսցենտրիկ պահվածքով: Բայց Ստոլե Սոլբակենը Եվրոպային համոզեց, որ բացի մրցակիցների հասցեին արված վիրավորական ռեպլիկներից՝ կարողանում է նաեւ հաղթանակներ տանել: Շանսերը` «Վալենսիա»-«Շալկե»` 50:50, «Մարսել»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 45:55, «Կոպենհագեն»-«Չելսի»` 30:70:

Անհամբեր սպասում ենք գարնանային սրացումներին: