Երբ տարիներ առաջ «3 Միլիոն» ամսագրին տրված հարցազրույցում ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանն, իր ստեղծագործական կյանքից բացի, պատմեց նաեւ իր եւ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի որդու` Ալենի մասին, շատերը, հատկապես կինոյի ոլորտի ներկայացուցիչները, շոկի մեջ էին: Իսկ Լուսինեն, ով միայնակ է մեծացնում իր երկու զավակներին, եւ որին երեխաները կատակով դիմում են` «ՎՈՑպՓ», փոքր-ինչ տխրությամբ էր խոսում այդ մասին: Ինչեւէ, անցել են տարիներ եւ այդ տխրությունից հետք անգամ չի մնացել, կամ էլ Լուսինեն հմտորեն թաքցնում է դա բոլորից: Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետի պաշտոնում ընդամենը 8 ամիս աշխատելուց հետո, նա, առանց վարանելու, լքեց շատերի համար երանելի աթոռը, նկարահանեց Արցախի 8 եկեղեցիների մասին պատմող վավերագրական ֆիլմ` ցուցադրման առաջարկ ստանալով ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքից, սկսեց աշխատել իր առաջին գեղարվեստական ֆիլմի վրա եւգ Սակայն, այդ ամենի մասին՝ հերթականությամբ:
– Ամիսներ առաջ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աջակցությամբ ֆիլմ նկարահանեցի` Արցախի 8 եկեղեցիների մասին: Ֆիլմն իր ֆորմատով դոկումենտալ-խաղարկային է: Ֆիլմում պարզապես չեմ ներկայացնում, թե որ եկեղեցին երբ է կառուցվել, այլ փորձել եմ ավելի խորը հասկանալ մեր եկեղեցիների պատմությունն ու զգալ յուրաքանչյուր քարի շունչը: Պրեմիերան կայացավ Արցախում, բացի այդ էլ, մեծ հաջողություն ունեցավ Մոսկվայում: Երբ օտարերկրյա հանդիսատեսը դիտում է ֆիլմը, նրա մոտ Հայաստանը տեսնելու ցանկություն է առաջանում:
– Զբոսաշրջիկներին Հայաստանը գրավիչ ցույց տալու համար տուրիստական գործակալությունները եկեղեցիներ, գեղատեսիլ վայրեր նկարահանելու պատվերներ են տալիս շատ ռեժիսորների: Ձեզ համար ի՞նչը պատճառ հանդիսացավ՝ նկարահանելու արցախյան պատմական եկեղեցիները:
– Սա բացարձակ կոմերցիոն նախագիծ չէր, առավել եւս՝ տուրիստական գործակալության համար: Երբ տարիներ առաջ նկարահանում էինք Անդրեի`«Խաչի մոտ» տեսահոլովակը, ես առաջին անգամ այցելեցի Արցախ եւ առաջին իսկ հայացքից սիրահարվեցի Արցախին. անբացատրելի գերող աուրա կա այնտեղ: Երբ Անդրեի տեսահոլովակի նկարահանումներից հետո վերադարձա Հայաստան, հասկացա, որ Արցախն ինձ շարունակ կանչում է: Այդպես ծնվեց արցախյան ութ եկեղեցիների մասին պատմող ֆիլմ նկարահանելու գաղափարը: Դա լինելու է շարունակական նախագիծ, քանի որ ռուսական «Կուլտուրա» ալիքը ցանկացավ գնել ֆիլմը` տեսնելով այն: Դա նշանակում է, որ այդ նախագծի շրջանակներում նկարահանվելու են նաեւ բոլոր հայկական եկեղեցիների մասին պատմող ֆիլմեր: Կոնկրետ այդ ֆիլմի պրեմիերան պետք է կայանար նաեւ ԱՄՆ-ում, սակայն իմ կյանքում տեղի ունեցավ շրջադարձային դեպք. ինձ հրավիրեցին` աշխատելու Երեւանի քաղաքապետարանում` մշակույթի բաժնի պետ: Այդ ընթացքում իմ ստեղծագործական կյանքն ընդհատվեց մի քանի ամսով: Ես անչափ ոգեւորված էի, որ հնարավորություն եմ ստացել օգնել իմ քաղաքին, գեղեցկացնել այն, եւ ինձ ամբողջովին նվիրել էի նոր աշխատանքիս` գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որն իր մեջ ներառում էր նոր պաշտոնը:
– Շատերը, հայտնվելով պաշտոնյայի աթոռին, ամուր բռնվում են, որպեսզի այն «տակից դուրս չպրծնի»: Իսկ Դուք ընդամենը 8 ամիս հետո հրաժարական տվեցիք: Կարո՞ղ եք հնարավորինս անկեղծ ասել` ինչո՞ւ:
– Հավատացեք` դուրս չէի գա եւ կշարունակեի աշխատել իմ սիրած քաղաքի համար: Կարծում եմ` մեր քաղաքում պետք է վերականգնվի Երեւանի մշակույթի տուն հասկացողությունը, որտեղ կաշխատեն միայն պրոֆեսիոնալներ: Ես պատրաստ էի աշխատանքիս մեջ ենթարկվել այն վերադասին, ով իր գործի գիտակը կլիներ: Իսկ այնտեղ, իմ անմիջական վերադասը (խոսքս նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասին չէ), կարծում եմ՝ սխալմամբ էր հայտնվել իր պաշտոնում: Հրաժարականիս պատճառը իմ անմիջական վերադասի ոչ պրոֆեսիոնալիզմն էր:
– Միգուցե պատճառն այն է, որ պարզապես չեք սիրում, երբ գլխավերեւում վերադաս կա:
– Ես միշտ հավասարը հավասարի հետ եմ շփվել թե՛ իմ բաժնի աշխատողների եւ թե՛ իմ վերադասի հետ: Կարծում եմ` միայն պրիմիտիվ ուղեղ ունեցողը կարող է հաճույք ստանալ այն մտքից, որ իշխանություն ունի մարդկանց վրա: Ես իշխում եմ միայն նկարահանման հրապարակում, բայց ոչ հաճույքի համար, այլ` աշխատանքս նպատակին հասցնելու: Պաշտոն ասվածը երբեք իմ երազանքների ցուցակում չի եղել:
– Պաշտոնավարման այդ ամիսները խախտեցին Ձեր ստեղծագործական կյանքի ռիթմը:
– Այն էլ ինչպես: Չափազանց շատ նախագծեր էին կուտակվել: Այսօր, սակայն, աշխատում եմ միաժամանակ երկու ֆիլմի վրա: Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործության հիման վրա պատրաստվում եմ նկարահանել իմ առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը: Երկրորդ աշխատանքս` կոնյակի գործարանի մասին պատմող դոկումենտալ ֆիլմն է: Այս ֆիլմը պատվեր է, որին ես մոտեցել եմ ստեղծագործաբար: Ոգելից խմիչքների նկատմամբ սեր չունենալով հանդերձ, այնպես եմ տարվել այդ մտահղացման իրականացմամբ, որ արդեն մի քանի ամիս է, ինչ իմ ուշքն ու միտքը միայն կոնյակի գործարանի պատմությունն է, որն անչափ գեղեցիկ է եւ իրապես հզոր: Հունվարի վերջին, կարծում եմ, ֆիլմն արդեն եթերում կլինի: Բացի այդ, պատրաստվում ենք երգիչ Հայկոյի հետ երկու տեսահոլովակի նկարահանումներ սկսել` եկող տարվա սկզբից: Ունեմ շատ մեծ երազանք` Հայաստան բերել «Իլ դիվո» խումբը: Շատ բարդ նախագիծ է, բայց ես կիրականացնեմ: «Իլ դիվո» խումբը կազմված է 4 տարբեր ազգերի տղաներից, որոնք միայն դասական երգեր են կատարում: Այդ համերգը, հուսով եմ` տեղի կունենա որեւիցե ճարտարապետական կոթողում եւ կլինի բարեգործական բացօթյա համերգ: