2008թ. գարնանային մի օր գործարար Բարսեղ Բեգլարյանը հեռուստատեսություններից մեկի եթերում հայտարարեց, թե «կոալիցիան կամաց-կամաց» քանդվում է: Այդ հայտարարությունից մեկ տարի անց` 2009-ի ապրիլի վերջին, կոալիցիայից դուրս եկավ «Դաշնակցություն» կուսակցությունը: Դրանից մոտ մեկուկես տարի անց` այս օրերին, Հայաստանի քաղաքական շրջանակներում քննարկվող ամենահիմնական թեման կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դուրս գալու հարցն է:
Եվ չի բացառվում, որ արդեն 2011թ. կոալիցիայում մնան միայն իշխող Հանրապետականն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար իրեն «խարակիրիի» ենթարկած Արթուր Բաղդասարյանի «Օրինաց Երկիր» կուսակցությունը: Ամեն դեպքում այս կոալիցիան իր գոյության չորրորդ տարվա շեմին բավականին խարխուլ վիճակում է: Արդեն գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջնագիր է ներկայացրել ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս հայտարարի, թե 2013թ. ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն: Եվ ահա այս պահանջի համատեքստում էլ քննարկվում է կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու-չգալու հարցը: Ս.Սարգսյանը ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց, թե իր գործընկերների հետ վերջնագրով չի խոսում` «վերջնագիր» եզրույթի փոխարեն կիրառելով «պահանջ» արտահայտությունը, ինչը նպաստեց, որ քաղաքական շրջանակներում նրա ներկայացրած պայմանների մասին քննարկումներն ավելի ակտիվանան: «Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է»,- ասել էր Ս.Սարգսյանը: ՀՀԿ-ականները սա մեկնաբանում են այսպես. իշխանություններին` ի դեմս Ս. Սարգսյանի, անհրաժեշտ է իմանալ, թե ապագայի նկատմամբ ի՞նչ պլաններ ունի իրենց կոալիցիոն գործընկերը, արդյո՞ք նա կսատարի Ս.Սարգսյանին, թե՞ կունենա իր սեփական թեկնածուն: Եվ ահա 2010թ. քաղաքական տարին ավարտվում է այս հարցականով: Երեկ՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի վերջին նիստի օրը, պատգամավորները հաշվարկում էին, թե իշխանություններն ինչ կշահեն կամ կկորցնեն, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Նախ՝ զուտ օրենսդրական գործունեության առումով իշխող կուսակցությունը կհայտնվի անկառավարելի վիճակում: Իհարկե, խորհրդարանում ՀՀԿ-ի ունեցած 63 պատգամավորները, ՕԵԿ-ի 8 պատգամավորների հետ միասին, զուտ թվաբանորեն միանգամայն բավարար են ցանկացած օրինագիծ անցկացնելու համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ քվեարկությունների ժամանակ այդքան «գլխաքանակ» ապահովելն իշխանությունների համար այնքան էլ հեշտ չէ եւ ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալու դեպքում դժվարություններ կառաջանան ցանկալի օրինագծերն անցկացնելու համար: Վերջին քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ ցանկության դեպքում կարելի է տապալել ոչ ցանկալի օրինագծի ընդունումը: ԲՀԿ-ն ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հետ պարզապես չմասնակցեց «Աղբահանության մասին» օրինագծի քննարկմանը, ու դրա քվորումը չապահովվեց: Իսկ երեկ ԲՀԿ-ն թեեւ մասնակցում էր քվեարկություններին, սակայն կոալիցիոն երեք խմբակցությունները միասին չկարողացան ապահովել մեկ այլ օրինագծի քվորումը: Եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, ապա այս երկու խմբակցությունների հետ միասին կարող է պարզապես տապալել խորհրդարանի աշխատանքը: Հատկապես, երբ այսօր ՀՀԿ-ում հաշվում են, որ անցանկալի զարգացումների դեպքում չի կարելի հույս դնել իրենց խմբակցության մոտ 20 անդամների վրա: Մատնանշում են, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն` Վլադիմիր Բադալյանին, Կարեն Ճշմարիտյանին եւ այլոց: Իսկ ընդհանուր առմամբ կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալը ներքաղաքական անկայուն եւ անկանխատեսելի վիճակ կարող է ստեղծել: Դա ՀՀԿ-ին ձեռնտու չէ:
ԲՀԿ-ին նույնպես այս պահին ձեռնտու չէ դուրս գալ կոալիցիայից: Այստեղ լավ են պատկերացնում, թե ինչ կարող է պատահել իշխանություններից անկախ քաղաքականություն վարողների հետ, հատկապես, երբ այդ մարդիկ տիրապետում են տնտեսական հզոր լծակների: Այս դեպքում վտանգների մասին մանրամասն քննարկումներ պետք չեն: Անհրաժեշտ է միայն հիշել Խաչատուր Սուքիասյանին, ում ընտանիքին պատկանող բիզնեսի նկատմամբ իշխանությունները պարզապես «վրաերթ» կազմակերպեցին, երբ նա 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ որոշեց սատարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ավելին, այս դեպքում վտանգի տակ կհայտնվի Գ.Ծառուկյանի ոչ միայն բիզնես-գործունեությունը: Իշխանությունների ճնշմամբ ԲՀԿ-ից դուրս կգան պատգամավորներից շատերը, ինչպես դա պատահեց 2008թ. ՕԵԿ-ի հետ, երբ կոալիցիայից դուրս եկավ այդ կուսակցությունը: Կոալիցիայից դուրս գալով՝ ԲՀԿ-ն կզրկվի նաեւ իր նախարարություններից, որոնց միջոցով նա կարող է ապահովել որոշակի ռեսուրսներ: Այնպես որ, ԲՀԿ-ում լավ են պատկերացնում այս հեռանկարը, դրա համար էլ Գ.Ծառուկյանը փորձում է հնարավորինս երկարաձգել իր պատասխանի ժամկետը: Ամեն դեպքում ներքաղաքական կուլիսներում համոզված են, որ 2011թ. ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս կգա, պարզապես քննարկում են, թե դա երբ տեղի կունենա:
Ամեն դեպքում, երեկ մենք ԱԺ պատգամավորներից փորձեցինք ճշտել, թե ներքին խոսակցություններից դուրս, հրապարակային քննարկման համար ինչ կանխատեսումներ ունեն այս խնդրի շուրջ: Արդյո՞ք կոալիցիան այս կազմով մինչեւ 2012թ. ԱԺ ընտրությունները կգոյատեւի:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյան (ՀՀԿ).- Ես կարծում եմ, որ մինչեւ հիմա կոալիցիան արդյունավետ է գործել: Ես հասկանում եմ հարցի իմաստը, որովհետեւ խոսակցություններ կան կոալիցիայի հնարավոր փլուզման կամ վերջնագրերի ու պայմանների մասին: Կարծում եմ՝ սպառիչ պատասխանը տվեց հանրապետության նախագահը: Կուզենայի ասել, որ ՀՀԿ-ն 2007թ. ընտրությունից հետո կարող էր միանձնյա իշխանությունը վերցնել, բայց գնաց կոալիցիայի` դրա մեջ դնելով մեծ ներուժ եւ համագործակցության պոտենցիալ: Իմ կարծիքով՝ դա նախատեսված էր երկար ժամանակի համար:
– ՀՀԿ-ի համար կարեւո՞ր է, որ ԲՀԿ-ն հայտարարի, թե ում թեկնածությունն է պաշտպանելու 2013թ.:
– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց ուղղակիորեն ուզում եմ, որ մեր կոալիցիոն գործընկերային հարաբերությունները շարունակվեն: ՀՀԿ-ն իր գործընկերների հետ հրապարակային է ու թափանցիկ, կանխատեսելի: Նմանատիպ վերաբերմունք ակնկալում է նաեւ իր գործընկերներից:
Վարդան Բոստանջյան (ԲՀԿ). – Գոնե ես մտածում եմ, որ խնդիր չկա` նաեւ այդ խոսակցությունների պարագայում: Ես այդ լուրերը համարում եմ պարզապես խոսակցություններ:
Հովհաննես Սահակյան (ՀՀԿ).
– Մինչեւ 2012թ. ընտրությունները ԲՀԿ-ն կմնա՞ կոալիցիայի մեջ:
– Բնականաբար` ոչ: Եթե հաշվի առնենք, որ նախընտրական քարոզարշավ է սկսվելու, եւ ցանկացած կոալիցիա ընտրություններից առաջ դադարում է գոյություն ունենալուց: Դա նաեւ կոալիցիոն հուշագրում է նշված: Ընտրություններից առաջ կոալիցիայով չեն կարող գնալ, դա կլինի նախընտրական բլոկ: Ընտրություններից հետո, երբ ուժերի վերադասավորում լինի, ապա կորոշվի, թե նպատակահարմա՞ր է նորից կոալիցիա կազմել: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այսօր կոալիցիայից դուրս կգա: Գոնե մինչեւ գարնանային նստաշրջանը նման սպասումներ չկան: Միգուցե գարնանային նստաշրջանի ընթացքում որոշակի նախադրյալներ լինեն, եւ դուրս գա: Բացի այդ, նախագահն իր ելույթում հստակ նշեց, որ ինքն իր գործընկերների հետ վերջնագրերով չի խոսում, այլ ընդամենը, պահանջով: Պահանջում է, որ գործի մեջ ավելի արդյունավետ աշխատեն, իրենց վրա դրված պարտականությունները կատարեն: Եվ այդ պահանջները, ինչպես նախագահը նշեց, վերաբերում են ոչ միայն ԲՀԿ-ին, այլեւ կառավարության եւ կոալիցիայի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին:
Արծրունի Աղաջանյան (ՕԵԿ). – Ձեր կարծիքով, մինչեւ 2012թ. ընտրությունները կոալիցիան այս կազմով գոյություն կունենա՞:
– Այո, ստորագրել են, պատասխանատվություն են վերցրել, այդպես էլ շարունակելու են: Այսօր նման նախադրյալներ չկան: Յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում աշխատում է անել կոալիցիայի հուշագրով ամրագրված դրույթները:
Վիկտոր Դալլաքյան.- Իմ տպավորությունն այն է, որ դա կախված է մեկ անձից` ՀՀ նախագահից: Եվ ինչպիսի որոշում նա կընդունի, դրանով էլ կոալիցիան իր գործունեությունը կշարունակի: Եթե նախագահին կոալիցիան անհրաժեշտ եղավ, որ մինչեւ 2012թ. իր գոյությունը պահպանի, ուրեմն կպահպանի:
Եթե նախագահն ինչ-ինչ ներքաղաքական, արտաքին հաշվարկներ եւ վերլուծություններ կատարի ու որոշում ընդունի, որ կոալիցիայից պետք է ազատվել, ուրեմն կազատվի:
Արմեն Ռուստամյան (ՀՅԴ). Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց անցյալն արդեն ցույց է տալիս, որ կոալիցիան շեղվել է այն առաջնահերթություններից, որի հիմքի վրա ձեւավորվել էր: Կոալիցիոն համաձայնագիրն ուներ 22 առաջնահերթություններ, որոնց հիմնական մասն այսօր ուղղակի անտեսվում են: Ինչ-որ տեղ կառավարության կողմից նաեւ խոստովանվեց, որ եղել է այդպիսի վիճակ, բայց այդ հանգամանքը հիմնավորվեց համաշխարհային ճգնաժամով:
Այս քաղաքականությամբ ես լավ բան չեմ տեսնում կոալիցիայի հետագայի հետ կապված: Իրար հետ կլինեն, թե կբաժանվեն, դա արդեն իրենց գործն է:
Զարուհի Փոստանջյան.- «Ժառանգություն». Ինձ համար միեւնույն է, թե կոալիցիան ինչ կազմով կլինի: Ինձ համար կարեւոր է, թե մեր հասարակության համար ինչ բարեփոխումներ է իրականացնելու նա, ինչպես է բարելավվելու նրա ապրուստը: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում, որեւիցե կերպ մենք առաջընթաց չենք արձանագրել, ավելին, միայն կարող եմ ասել, որ ավելի վայրագ ձեւերով են մեր հանրապետությունում տեղի ունենում գործընթացները, որոնց հետեւանքով արտագաղթն ավելի լայն թափ է հավաքել: