Երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ըստ էության, հաստատել է մեր թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Հիշեցնենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց հաջորդ օրը: Լ. Զուրաբյանի ասելով` ՀԱԿ-ը բոլոր տառապյալներին, իշխանության կողմից հալածվածներին պատրաստ է համախմբել` հանուն արդար Հայաստանի: Հարցին, թե արդյոք այդ պաշտոնյաների թվում են նաեւ Գագիկ Բեգլարյա՞նը, Վազգեն Խաչիկյանն ու Գեւորգ Դանիելյա՞նը, Լ. Զուրաբյանը կեսկատակ արձագանքել է «Չէ, այդ հարցում մի փոքր ինքնամաքրման պրոցես պետք է անցկացնել: Այդ մարդիկ պետք է քավարանով անցնեն, որ կարողանան ժողովրդի առաջ բաց ճակատով դուրս գալ»: Նա միաժամանակ նշել է, թե իրականում ՀԱԿ-ում նման՝ «աբիժնիկների հավաքագրման պրոցես» տեղի չի ունենում, գոնե` առայժմ: