«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետում ավելորդ իրեր չկան։ Կիսադատարկ սեղան, պատի վրա` Հայաստանի քարտեզը, անկյունում՝ գրառումների համար նախատեսված պլանշետ։ Կառավարության ղեկավարը բացատրում է, որ կառավարությունը հավաքվում է Նիստերի դահլիճում, իսկ այստեղ տեղի են ունենում միայն աշխատանքային քննարկումներ, այդ պատճառով էլ շատ թղթեր չկան։ Նա չի սիրում հեռախոսով կշտամբել իր ենթականերին. նախընտրում է ի սկզբանե պայմանավորվել գնահատման չափանիշների մասին։ Այդպես է աշխատում նաեւ կառավարությունը. եթե ներդրողները հարց ունեն, նրանք կարող են այդ հարցն ուղղել անմիջապես հասցեատիրոջը»։
Այսպես է սկսվում ռուսական «ՀըԽ» գործարար թերթի հարցազրույցը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Հարցազրույցի որոշ հատվածներ երեկ արդեն տեղադրվել էին հայաստանյան մի քանի ինտերնետային լրատվամիջոցներում, սակայն բնօրինակն ամբողջությամբ կարդալը շատ ավելի հետաքրքիր է։ Հարցազրույցը լավն է, հեշտ կարդացվող, սակայն միանգամից զգացվում է, որ հայաստանցի լրագրողի հետ հարցազրույցի դեպքում պատասխանները մի փոքր այլ երանգ կունենային։ Միգուցե այս հարցում դեր է խաղացել հենց ռուս լրագրողի «ինքնախոստովանությունը», թե՝ «Իզ Մոսկվի պլոխո վիդնո, չտո տվորիցա վ սոսեդնիխ ստրանախ»։
Խոսելով կառավարության աշխատաոճի մասին՝ վարչապետը նշել է, որ իրենք կատեգորիկ ձեւով դեմ են այնպիսի բառեր օգտագործելուն, ինչպիսիք են՝ «խորացնել», «ընդլայնել», «կատարելագործել»։ «Դրանք լիովին ոչ չափելի ցուցանիշներ են. ամեն ինչ միշտ կարելի է բարելավել եւ կատարելագործել»։ Միանգամայն ճիշտ է, սակայն ո՞ր մի հայաստանցին մեր պաշտոնյաներից այս բառերը չի լսել։ Վարչապետը նաեւ նշել է, որ յուրաքանչյուր նախարար տարվա ծրագրից ընտրում է 3-5 առաջնահերթ խնդիր, որոնց լուծման համար անձամբ է պատասխանատու։ Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է սպասում նախարարին, երբ, օրինակ, այդ խնդիրներից երկուսը չեն լուծվում, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Սկզբում՝ նկատողություն, հետո՝ խիստ նկատողություն, իսկ այնուհետեւ՝ պաշտոնից ազատում։ Նման բան կառավարության պատմության մեջ արդեն եղել է»։ Անդրադառնալով ռուսական կապիտալի՝ Հայաստանի տնտեսության մեջ ունեցած տեսակարար կշռին, վարչապետն այն գնահատել է 30-50%։ Նա նշել է, որ ներդրումների հարցում հիմնական դեր խաղում են 3 գործոններ՝ Ռուսաստանի հայ համայնքը, որը ներգրավվում է մեր տնտեսության մեջ, զուտ ռուսաստանյան ընկերությունները եւ ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերտները։
Իսկ «ո՞ր ոլորտներում կցանկանայիք տեսնել ներդրողներին» հարցին Տ. Սարգսյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Ինչպե՞ս են ընդունվում ներդրումներին վերաբերող որոշումները։ Ամենից առաջ նայում եք երկրին, նրա վարկանիշներին՝ ըստ Fitch-ի, Moodyգs-ի, գնահատում եք վարկունակությունը։ Հետո ուսումնասիրում եք՝ ինչպիսի՞ն է տեղի տնտեսությունը, որտե՞ղ կարելի է ստանալ առավելագույն եկամտաբերություն, եւ կայացնում եք որոշում»։ Իհարկե, Fitch-ի, Moodyգs-ի ցուցանիշներին կարելի է նայել, ինչպես նաեւ՝ կարելի է աչքի անցկացնել «Doing Business» զեկույցը՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության մասին, կամ «Heritage Foundation»-ի՝ տնտեսական ազատության ինդեքսները։ Կոռուպցիայի մասին զեկույցները կարդալ պետք չէ։ Սակայն ոչ մի նորմալ գործարար միայն համակարգչի առաջ նստած այս զեկույցները կարդալով՝ ներդրում կատարելու որոշում չի ընդունի։ Պետք է այցելի, իր աչքով տեսնի, եւ ամենակարեւորը՝ զրուցի մի քանի օտարերկրյա բիզնեսմենների հետ, ովքեր Հայաստանում աշխատելու փորձ ունեն։ Այս վերջին կետն էլ հենց պոտենցիալ ներդրումների հիմնական խոչընդոտն է, քանի որ դժգոհությունները շատ են (հատկապես եվրոպաներին սովոր բիզնեսմենների կողմից)։
Ի դեպ, շարունակելով իր պատասխանը՝ Տ. Սարգսյանն ընդգծել է, որ չափազանց կարեւոր է նաեւ ուշադրություն դարձնել՝ ի՞նչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը, ինչպիսի՞ն է տեսնում տնտեսության ապագան 5-10 տարի հետո։ Լրագրողը, բնականաբար, հարցնում է՝ նման ծրագիր ունե՞ք։ Այս հարցին ի պատասխան՝ վարչապետը սկսում է խոսել այն ամենի մասին, ինչի մասին տարիներ շարունակ մեզ մոտ խոսում են, սակայն ոչ մի լուրջ տեղաշարժ (թեկուզ հարեւանների հետ համեմատած) չի նկատվում։ Իհարկե, խոսքը վերաբերում է գիտելիքահենք տնտեսությանը, բարձր տեխնոլոգիաներին եւ այլն։ «Հայաստանի ապագան մենք տեսնում ենք՝ որպես գիտելիքների վրա հիմնված հասարակություն եւ տնտեսություն։ Մենք չենք կարող այստեղ զարգացնել մետաղատար արտադրություններ, այդ պատճառով էլ շեշտը դնում ենք մտավոր աշխատանքի վրա, որը չի պահանջում մեծ տրանզակցիոն ծախսեր»։
Բավականին հետաքրքիր է նաեւ այն հատվածը, երբ լրագրողը հարցնում է բիզնեսի վրա հարկային միջին բեռի մասին։ «Մենք հետեւում ենք, թե ինչպիսին է մեր վիճակը՝ հարեւան երկրների ֆոնին։ Այժմ մեր ցուցանիշները ցածր են միջին ցուցանիշներից։ Մակրոտնտեսական ցուցանիշներից երեւում է, որ հարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում չի գերազանցում 30%-ը։ Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 45-50%-ի»,- ասել է վարչապետը։ Տնտեսական ցուցանիշների ծանոթ ընթերցողները թերեւս զարմացան, քանի որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 17%-ից մի փոքր է բարձր։ Իհարկե, 17-ը 30-ից քիչ է, սակայն այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինի ասել` «չի գերազանցում 20%-ը»։ Սակայն պատասխանի վերջում Տ. Սարգսյանը պարզաբանել է. «Խոսքը վերաբերում է ընդհանուր հարկային պոտենցիալին, այլ ոչ թե հարկերի հավաքագրման ցուցանիշին»։ Այս դեպքում էլ հասկանալի չէ, թե պոտենցիալը ինչպե՞ս է արտացոլվում մակրոտնտեսական ցուցանիշներում։
Սակայն ամենահետաքրքիր հատվածը վերաբերում է տարածաշրջանում մեր հարեւաններին։ Այսպես, «ՌԲԿ»-ի լրագրողը հարցնում է՝ տարածաշրջանում մրցակից պետություններ ունե՞ք։ «Մրցակիցները Վրաստանն ու Ադրբեջանն են։ Մեր երկրների տնտեսական դոկտրինները նման են, բոլորն են պայմաններ ստեղծում ներդրողների ներգրավման համար։ Մենք մշտապես մոնիտորինգի ենք ենթարկում տնտեսության ազատականության, գործարարությամբ զբաղվելու հարմարության, մրցունակության վարկանիշները։ Կառավարությունը նախաձեռնել է տնտեսության տարբեր ոլորտների կատարելագործման ծրագրեր… Այժմ մենք ունենք բարձր վարկանիշներ, սակայն անելիքներ միշտ էլ կան։ Պարզ խնդիրներից մեկն այժմ կնիքներից հրաժարվելն ու էլեկտրոնային ստորագրության անցնելն է։ Կան նաեւ երկարաժամկետ խնդիրներ»։
Այստեղ հանդուգն լրագրողը մի հարց է տալիս, որը, դատելով պատասխանից, մի թեթեւ հունից հանում է վարչապետին. «Ռուսաստանում շատ ուշադիր հետեւում են Վրաստանի փորձին։ Իսկ Հայաստանի մասին նման բան չեն խոսում…»։ Տ. Սարգսյանն այս հարցին պատասխանել է. «Ի տարբերություն Վրաստանի՝ մենք բարեփոխումները շուտ ենք սկսել։ Այն, ինչը մենք անցել ենք երկար տարիների ընթացքում, նրանք ներդրել են «հեղափոխական» ճանապարհով։ Շատ ոլորտներում մենք առջեւում ենք, որոշ բարեփոխումների համար անհրաժեշտ է ոչ մեկ տարի։ Ինչ-որ տեղ էլ նրանք են մեզնից առաջ»։ Այն մասին, որ հարցը վարչապետին այնքան էլ դուր չի եկել, վկայում է նաեւ այն, որ նա այդ մասին խոսել է նաեւ հայաստանյան «Lragir.am» ինտերնետային կայքին տված հարցազրույցում։ Այն ամբողջությամբ հրապարակվելու է այսօր, սակայն երեկ մի փոքր հատված կայքը տեղադրել էր։ Ինչպես գլխի ընկաք՝ դա վերաբերում է հենց մեր ու Վրաստանի տարբերությանը։ «Մեր բարեփոխումների տրամաբանությունն էվոլյուցիոն ճանապարհով առաջ գնալն է, ոչ թե հեղափոխական: Որովհետեւ մեզ միշտ օրինակ են բերում հարեւան Վրաստանը, որը գնաց հեղափոխական ճանապարհով՝ փոփոխությունների: Մենք գնում ենք էվոլյուցիոն ճանապարհով: Դա նշանակում է, որ մենք չենք կարող այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք իրենց մեջ պարունակում են ռիսկայնություն, ռիսկայնության չափազանց մեծ աստիճան, որոնք խարխլելու են կայուն զարգացման միտումները: Հեղափոխական ճանապարհն ունի այն ռիսկը, որ հեղափոխությունը կարող է չկայանալ եւ, ինքը կարող է բերի տապալման, իսկ Հայաստանի պայմաններում մենք այդպիսի շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ»,- «Lragir.am»-ին ասել է Տիգրան Սարգսյանը։
Սա ուշագրավ է նրանով, որ ոչ վաղ անցյալում՝ իր նշանակման առաջին շրջանում, Տիգրան Սարգսյանը հեղափոխական գաղափարներին այդքան էլ դեմ չէր։ Ավելին՝ մատնանշում էր հեղափոխության անհրաժեշտությանը, գոնե՝ ներքին հեղափոխության, մարդկանց ուղեղներում։ Այժմ այդ մասին խոսք անգամ չկա։