Գործազուրկներից ստորագրություն են «պոկում»

23/12/2010

Արդեն քանի օր է` խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ (խնդրել են անուններ չհրապարակել` հետագայում խնդիրներ չունենալու պատճառով), ովքեր խնդրում են պարզել, թե ինչո՞ւ է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունն իր աշխատաոճում փոփոխություններ մտցրել: Բանն այն է, որ ըստ նրանց` «Զբաղվածության պետական ծառայության» տարածքային մասնաճյուղերում գրանցված գործազուրկ անձինք կանչվում են տարածքային կենտրոններ` անձնագրերով. «Ասացին, որ վեց ամիսը մեկ անգամ պետք է ներկայանանք ու ստորագրենք: Օրինակ` ես ստորագրել եմ, բայց գործազրկության նպաստ ստացող չեմ: Նպաստ ստացել եմ անցյալ տարի, եւ վերջ: Ու ինձ համար շատ կասկածելի է իմ տվյալների նորից գրանցումն ու ստորագրություն թողնելը: Այսինքն` մարդ, որն իրենց նպաստառուն կամ շահառուն չէ, ինչո՞ւ պիտի անձնագրի տվյալները վերագրանցի եւ ստորագրի»,- նշեց մեզ զանգահարած գործազուրկ տիկինը: Մեկ այլ քաղաքացի էլ մեզ փոխանցեց իր վրդովմունքը` «Ես կարծում եմ` էս ստորագրությունների պահանջը կապված է կա՛մ Խաչիկյանի շորթումները «կոծկելու», հիմնավորելու համար, կա՛մ էլ ընտրությունների համար արդեն գլխաքանակ են հաշվում»: Մենք զանգահարեցինք ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն եւ գործակալության պետի օգնական Անուշ Պողոսյանին խնդրեցինք բացատրել, թե ինչո՞ւ են քաղաքացիները կանչվում տարածքային մասնաճյուղեր եւ ստորագրություններ տալիս: Նա մեզ հորդորեց փոխանցել, թե նման դեպք տարածքային ո՞ր մասնաճյուղում է գրանցվել: Մենք Ա. Պողոսյանին ասացինք, որ այդ «մեխանիզմը» կիրառվում է մի քանի մասնաճյուղերում, քանի որ մեզ զանգահարել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչներ: Հարցին, թե արդյո՞ք օրենքը պարտադրում է ոչ նպաստառուներին վեց ամիսը մեկ անգամ ներկայանալ եւ ստորագրություն տալ, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Եթե մարդը գրանցված է զբաղվածության ծառայությունում, ապա նա պարբերաբար կարող է ներկայանալ խորհրդատվության համար: Հնարավոր է՝ մեր աշխատակիցները պարզապես կանչել են թափուր աշխատատեղերի համար առաջարկություններ անելու նպատակով»: Այնուամենայնիվ, մեզ դիմած քաղաքացիներից որեւէ մեկին աշխատանքի նոր առաջարկ չի արվել: «Կասկածելի չե՞ն արդյոք քաղաքացիների ստորագրությունները հավաքագրելու այս անսպասելի «կանչերը» հարցին պետի օգնականը պատասխանեց` «Դե, ախր ես հասկանում եմ` ինչ եք ուզում ասել, բայց ձեր տրամադրած տեղեկության մեջ հստակություն չկա, որպեսզի մենք ստուգենք: Հնարավոր է` ձեզ են սխալ տեղեկություն տրամադրել, հնարավոր է՝ մեր աշխատակցի բացթողումն է, բայց եթե կոնկրետ տվյալներ տաք` մենք կճշտենք»: Նման պատասխանը կարելի է լսել պետական գրեթե բոլոր հաստատությունների աշխատակիցներից, ովքեր լրագրողների բարձրացրած հարցերին պատասխանելիս, որպես կանոն, սպասում են կոնկրետ հասցեների ու կոնկրետ անունների: Սակայն միամտություն է կարծել, թե նրանք տեղյակ չեն իրենց համակարգում տեղի ունեցող անօրինականությունների մասին` կոնկրետ հասցեներով ու կոնկրետ անուններով: Ի դեպ, 2010թ. ընթացքում, պաշտոնական տվյալներով` Հայաստանում գրանցված է 81.000 գործազուրկ: