Բոլորը մի տեսակ ալարկոտ ու անշտապ տնտեսական տարի են ամփոփում: Ոչ պաշտոնապես, իհարկե: Տնտեսության պատկերը ներկայացնող տվյալները երկու ամիս հետո նոր կհրապարակվեն: Հիմա հնչող գնահատականները ընդհանուր են ու ոչ կոնկրետ: 2010-ը ամբողջ աշխարհի համար հետճգնաժամային տարի էր: Բայց մեր պարագան այլ է: Հիշո՞ւմ եք` ճգնաժամն էլ մեզ մոտ այլ կերպ սկսվեց ու ընթացավ: Ահագին տարօրինակ ընթացավ: Կարելի է ենթադրել, որ ահագին ուշ ու տարօրինակ էլ կավարտվի: Կամ չի ավարտվի: Համենայն դեպս, հիմքեր կան: 2010-ը բնութագրողներն անպայման ուշադրություն պիտի դարձնեն այն փաստի վրա, որ այս տարվա ընթացքում էական հաջողություններ չարձանագրվեցին: Տնտեսությունը ոչ մոնոպոլիաներից ազատվեց, ոչ ստվերային հատվածից: Հետեւաբար՝ իշխանությունների հաջորդ տարվա (կամ տարիների) հիմնական խնդիրը կմնա կոռուպցիայի դեմ պայքարը: Կամ դրա իմիտացիան: Առայժմ պարզ չէ՝ 2010-ը երկո՞ւ, թե՞ երեք անգամ ավելացրեց երկրի արտաքին պարտքը: Ավելացրեց ու ՀՆԱ-ի համեմատ հասցրեց վտանգավոր ցուցանիշների:
Ակնհայտ է, որ տնտեսական տարվա հիմնական ցուցանիշները մխիթարական չեն: Բնակչությունն ու տնտեսության իրական հատվածն անցան խնայողության աննախադեպ ռեժիմի: Նախորդ երկու՝ բուն ճգնաժամային տարիներին էականորեն կրճատվեցին էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման ծավալները: Էական ասածը ավելի ճիշտ է ոչ թե թվերով ներկայացնելը, այլ բնութագրական արտահայտություններով: Այս ոլորտների անկումը համարյա մեկ քառորդի չափով է: Էներգակիրների շուկայի վերլուծությունը շատ գործարարների «մղեց» Հայաստանում արտադրությունը կրճատելու կամ արտերկիր տեղափոխելու ծրագրեր մշակել: Նրանք արդեն հաշվարկել էին այն, ինչի մասին հասարակությունն իմացավ օրերս: «ՀայՌուսգազարդն» առաջին դեմքերի մակարդակով պնդում է, որ գազի գինը թանկանալու է ապրիլի 1-ից: Թանկանալու է «շուկայական մակարդակով»: Բոլորը գիտեն, որ գազը շուկայական գին չունի: Դասական իմաստով չունի: Որովհետեւ աշխարհի ոչ մի բորսայում գազ չի վաճառվում: Գազի գինը, որպես կանոն, որոշվում է միջկառավարական բանակցությունների արդյունքում: Վերջին տարիներին բնորոշ շինարարության անտրամաբանական աճն ի վերջո ընդհատվեց ու սկսեց կրճատվել: Տարին գյուղատնտեսության համար բարենպաստ չէր: Այս երկու ոլորտները նախ փչացրին մակրոտնտեսական ցուցանիշները: Իսկ գյուղատնտեսության արածը ամենառադիկալ ընդդիմությունն էլ չէր հաջողի կյանքի կոչել: Գյուղատնտեսությունը բռնեց ու հերքեց կառավարության հաշվարկած գնաճի ցուցանիշը: Չորով հերքեց մեր վիճակագիրներին՝ ոչ մի հնարավորություն չթողնելով այն տեղավորել «Բյուջեի մասին» օրենքով նախատեսված սահմաններում: 2010-ի տնտեսական անկումների սարսափազդու պատկերի կողքին, հարկավ, հիշվելու է հայրենի կառավարության տիտանական աշխատանքը կենսաթոշակային նոր համակարգի մշակման ու ներդրման ոլորտում: Այս գործընթացի իրական գնահատականն, իհարկե, տարիներ հետո կբացահայտվի: Ու մեկ-երկու սերունդ հականե-հանվանե կհիշեն բարեփոխումների հայրերին: Կհիշեն՝ երբ կգա կուտակային կենսաթոշակից օգտվելու ժամանակը: Բայց լավագույն դեպքում դա կկատարվի 23-25 տարի անց: Այնպես որ, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հայրերը դեռ ահագին ժամանակ ունեն իրենց աշխատանքը դրական ներկայացնելու համար: 2010-ին տնտեսությունը շարունակեց մոնոպոլիզացվել նոր ոլորտներում: Ամենաակնառուն թռչնաբուծության ոլորտում կատարվածն էր: Ձուն ամռանը դեմպինգային գներով վաճառվեց: Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոլորտն ուսումնասիրելուց հետո կրիմինալ ոչինչ չգտավ: Բնականաբար:
Ավելին՝ հերքեց ոլորտի մոնոպոլիզացիայի մասին բոլոր վերլուծությունները: Բայց մի քանի ամիս անց, այսինքն՝ հենց հիմա, հավի միսն ու ձուն վաճառքի հանվեցին աննախադեպ բարձր գներով: Միայն այն փաստը, որ որեւէ գործարար չձեռնարկեց հարեւան երկրներից (Իրան, Թուրքիա) այդ սննդամթերքների ներկրումը, ապացուցում է, որ այս շուկան բաց չէ գործարարների համար: Այսինքն՝ տնտեսական գործընթացները վերլուծելու տեսանկյունից 2010-ը կարելի է սովորական տարի համարել: Նախորդներից ոչ լավ, ոչ էլ վատ: Եթե, իհարկե չլիներ, ապահովագրության ոլորտում կատարվածը: Այստեղ մեր կառավարությունը նորամուծություն կատարեց: Ավտոմեքենաների ապահովագրությունը նրանց համար գործողության նոր ուղի բացեց: Այդ ուղուց նրանք այլեւս չեն շեղվի: Ապահովագրության այս ձեւն իր մասշտաբներով հասարակական է: Կառավարությունը տարեցտարի կկատարելագործի իր հայտնագործությունը: Նորանոր պարտադիր ապահովագրություններ կհայտնվեն: Որպես տնտեսության իրական հատվածի ու բնակչության վրա դրված նոր ու խնամքով թաքցված հարկատեսակ: Առաջին փորձն արդեն արված է: Տնտեսական իմաստով սովորական 2010-ը հենց սրանով էլ առանձնահատուկ կդառնա մեր նորօրյա պատմության համար: