Էռնեկյանը հուշարձան կտեղադրի

23/12/2010

http://www.semana.co.il արգենտինական կայքն անդրադարձել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին` նրան անվանելով Լատինական Ամերիկայի ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկը, որի գործունեությունը նվիրված է Արգենտինայի, Հայաստանի եւ աշխարհի այլ երկրների այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մանր առեւտուրը եւ բանկային համակարգը: Է. Էռնեկյանը Ռաուլ Ուալենբերգի Միջազգային հիմնադրամի հետ միասին որոշել է հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի ժամանակ հրեաներին ձեռք մեկնած հայ փրկարարներին: Նյու Յորքում գտնվող հիմնադրամի գլխավոր գրասենյակում Ռաուլ Ուալենբերգի Միջազգային հիմնադրամի գլխավոր խորհուրդը միաձայն ընդունել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հալածված հրեաներին եւ այլ հալածվածներին օգնության ձեռք մեկնած հայ քրիստոնյա հերոսներին հարգանքի տուրք մատուցելու նախաձեռնությունը: Հուշարձանը կլինի աշխարհում առաջինն իր տեսակի մեջ եւ կտեղադրվի Բուենոս Այրեսում: Մինչ օրս 14 հայ է ճանաչվել` նացիստների եւ իրենց դաշնակիցների կողմից հալածված հրեաներին փրկելու համար: Կայքը հիշեցնում է, որ 301թ. Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: «Հարկավոր է երեխաներին սովորեցնել հայ ժողովրդի պատմությունը, որպեսզի երբեւէ մոռացության չմատնվեն հայ նահատակները: Մենք պարտավոր ենք ուսումնասիրել եւ հետազոտել այդ ողբերգական իրադարձությունները եւ տարածել այդ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունքները»,- ասել է Ռաուլ Ուալենբերգի Միջազգային հիմնադրամի հիմնադիր Բարուխ Տենեմբաումը: Այս հայտարարությունն արվել է Բուենոս Այրեսում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրին եւ Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Բուենոս Այրեսում, ի դեպ, բնակվում են մոտ 130.000 հայեր: 2010թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 19-րդ ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ուալենբերգի հիմնադրամը հայտարարեց հայկական մշակույթի, հայ ժառանգության եւ Հոլոքոստում հայ հերոսների ժառանգության նոր կրթական ծրագրի եւ դրա զանգվածային տարածման մեկնարկը: Նախատեսվում է հատուկ կայք պատրաստել, որտեղ կներկայացվեն նորություններ` հայերեն, իսպաներեն եւ անգլերեն լեզուներով: 2010թ. հոկտեմբերին Է. Էռնեկյանը ստացավ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Տարվա մարդ» տիտղոսը` հայկական համայնքի համար կատարած աշխատանքների եւ գործարար աշխարհում իր ներդրումն ունենալու համար: Կայքն անդրադառնում է նաեւ Է. Էռնեկյանի գործունեությանը Արգենտինայում եւ աշխարհի այլ երկրներում: 2010թ. Չիլիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Բուենոս Այրեսում տեղի է ունեցել «Արգենտինան գրկում է Չիլիին» խորագրով համերաշխության փառատոնը: «Ամերիկյան կորպորացիան» եւ «Արգենտինայի օդանավակայաններ 2000-ը», ինչպես նաեւ՝ Է. Էռնեկյանի ղեկավարած ձեռնարկությունները հանձնել են սննդամթերքի 300.000 մասնաբաժին: Բացի այդ, «Արգենտինայի օդանավակայաններ 2000»-ը այլ գործարանների հետ միասին օգնության միջոցներ է ձեռնարկել 2010թ հունվարի 12-ին 7.3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժից տուժած Հայիթիի համայնքին օժանդակելու համար: 2009թ. դեկտեմբերին «Արգենտինայի օդանավակայաններ 2000»-ի անունից Է. Էռնեկյանը Բուենոս Այրեսի մարզպետ Դանիել Սիոլիին հանձնեց Էզեիզայի Միջշրջանային նոր հիվանդանոցը: «Ալբերտո Անդրանիկ Էռնեկյան» նոր հիվանդանոցին անհրաժեշտ էր 15 միլիոն դոլարի ներդրում, եւ հիվանդանոցը 2010թ. հունվարին սկսեց իր աշխատանքները: Էռնեկյանը հայտարարել է, որ հնարավորության սահմաններում այդ առողջապահական կենտրոնին կնվիրի ամսական 30 հազար դոլար: Կայքը նշում է նաեւ Դարվինի գերեզմանում տեղադրված մահարձանի մասին, որը նվիրված է Մալվինյան կղզիներում պատերազմի ժամանակ զոհվածներին: Մահարձանը տեղադրվել է Է. Էռնեկյանի կողմից: