Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է 19 միլիոն դոլարի վարկ` ՀՀ առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համար: ՀԲ հայաստանյան գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն, ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության ջանքերին` ուղղված ընտանեկան բժշկության հիման վրա առաջնային բուժօգնության ծառայությունների ընդլայնմանը եւ մարզերում հիվանդանոցային ցանցի արդիականացմանը: Ծրագրի նպատակն է՝ բնակչությանը, մասնավորապես` ամենախոցելի խմբերին, տրամադրել առավել մատչելի, որակյալ առողջապահական ծառայություններ, ինչպես նաեւ՝ ավելի լավ կառավարել հանրային առողջապահության սպառնալիքները: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 25.3 մլն դոլար է, որից 6.3 միլիոն դոլարը Հայաստանի կառավարությունը ֆինանսավորելու է սեփական միջոցների հաշվին: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 19 միլիոն դոլարի վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: