«Դոմինգոն պատահաբար ինձ տեսավ»

23/12/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսպանացի երգչի՝ Պլասիդո Դոմինգոյի հայաստանյան համերգից հետո ներքաղաքական այնպիսի խառնաշփոթ սկսվեց, որ շատերը չհասցրեցին նկատել աշխարհահռչակ երգչի կողքին կանգնած տաղանդավոր երիտասարդ հայուհուն, ով իր կատարողականությամբ հուզել էր անգամ Դոմինգոյին: Ռոզին ծնվել է ԱՄՆ-ում: Հայրը ջութակահար է եւ աշխատում է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում: Ինչպես ինքն է ասում` մանկությունն անցել է օպերային թատրոնում: Թեեւ սկզբից որոշել էր դաշնամուրային արվեստով զբաղվել, բայց նրա` օպերային թատրոն հաճախակի այցելությունները շատ արագ փոխեցին որոշումը: «Այլեւս որոշեցի օպերային արվեստով զբաղվել»,- մեզ հետ հարցազրույցում ասաց Ռոզին՝ պատմելով իսպանացի երգչի՝ Պլասիդո Դոմինգոյի հետ հանդիպման մասին:

– Արդեն 7 տարի է՝ ապրում եմ Իտալիայում: Սովորում էի Միլանի կոնսերվատորիայի վոկալ բաժնում: Նախորդ տարի ավարտեցի ուսումս, սակայն որոշեցի մնալ Իտալիայում, որը օպերային երգարվեստի կարեւոր կենտրոններից է: Այնտեղ են ծնվել համաշխարհային ամենահայտնի կոմպոզիտորները: Իհարկե, ուսման առաջին ամիսներին իտալերենին չտիրապետելու պատճառով բավական բարդ էր: Սակայն դա միայն ժամանակի խնդիր էր: Ինչեւէ, Պլասիդո Դոմինգոյի կողքին հայտնվելու փաստն անակնկալ էր ինձ համար: Նա, իսկապես, մեծ է, բայց միեւնույն ժամանակ՝ որքան մեծ է, այնքան էլ իր կողքի մարդկանց է բարձրացնում: Նա երբեք թույլ չի տալիս, որ իր կողքին կանգնած մարդն իրեն վատ զգա: Ամիսներ առաջ Միլանից մեկնեցի Սան Ֆրանցիսկո, որտեղ մրցույթի էի մասնակցում: Այդ նույն ժամանակաշրջանում Պլասիդո Դոմինգոն Սան Ֆրանցիսկո հյուրախաղերի էր եկել՝ «Սիրանո դե Բերժերակ» օպերայով: Դոմինգոն պատահաբար տեսավ ինձ եւ ցանկություն հայտնեց ինձ լսել: Նախքան այդ հանդիպումը մենք մի առիթով հանդիպել էինք «Լա Սկալայում»: Դոմինգոն ինձ հիշեց, եւ հետաքրքրվեց, թե արդյոք ես մտադի՞ր եմ իմ կարիերան շարունակել: Իսկ ես, անխոս, մեծ ծրագրեր ունեմ այս ոլորտում իրականացնելու համար: Դոմինգոյի հետ հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին: Նա լսեց ինձ, եւ այնուհետ ասաց, որ համերգային ծրագրով գնալու է Հայաստան: Երբ Դոմինգոն լսեց իմ կատարումը, նա հայերին ու իսպանացիներին համեմատեց միմյանց հետ: Ասաց, որ երկուսն էլ ունեն ոգեղեն մեծ ուժի արտահայտչականություն: Այնուհետեւ հարցրեց, թե ի՞նչ երգացանկ ունեմ: Եվ արդեն սկսեց խոսել Հայաստանում տեղի ունենալիք իր համերգի մասին:

– Առաջին անգամ Դոմինգոյի՞ հետ եկար Հայաստան:

– Ոչ, դա երրորդ անգամն էր: Հայաստան առաջին անգամ եկել եմ 2002թ.: Ի դեպ, ուրախ եմ, որ Հայաստանում փոփոխություններ են կատարվել: Օրինակ, այստեղ սրճարաններն ավելի շատ են՝ քան Միլանում:

– Ռոզի, տարօրինակ չէ՞՝ ապրել հոլիվուդյան գլամուրային կյանքի կողքին, եւ ընտրել ոչ թե էստրադային, այլ օպերային արվեստը: Չէ՞ որ երիտասարդները երազում են ավելի շատ փառքի, ավելի արագ ճանաչում ձեռք բերելու մասին: Իսկ էստրադան այդ հնարավորությունն ավելի շատ է տալիս:

– Ճիշտն ասած, ես ընտրության հնարավորություն չունեի: Մանկությունից օպերային արվեստի մեջ էի: Մեծացել եմ թատրոնում: Այն տարիներին հետաքրքրվում էի նաեւ դերասանական արվեստով, բայց, ի վերջո, ընտրեցի օպերային երգարվեստը: Հանգստությունս գտնում եմ հենց այս ժանրում: Օպերայում կա ամեն բան՝ երգ, դերասանական խաղ, պատմություն: Օպերան իրական արվեստ է, որին չի կարող հաղթել որեւէ բան: Այն միշտ բարձր է գնահատվում՝ անկախ Հոլիվուդի առկայությունից:

– Այսօր օպերային երգարվեստն ընկալման խնդիր ունի՞:

– Դժբախտաբար, այդ խնդիրն այսօր կա: Օպերա լսելու համար հանդիսատեսը պետք է որոշակի կրթություն, գիտելիք, տեղեկատվություն ունենա այդ օպերայի մասին, կարճ ասած՝ մարդ պետք է պատրաստված լինի օպերա գնալիս: Հաճախ մարդիկ գալիս են օպերա լսելու՝ առանց նվազագույն տեղեկատվություն ունենալու այդ ստեղծագործության մասին: Օրինակ, Սան Ֆրանցիսկոյում այդ հարցը բավական հետաքրքիր լուծում է գտել: Դպրոցահասակ երեխաներին ամիսը 1 անգամ օպերային թատրոն են տանում: Ավելին, ցանկացած օպերայի պրեմիերային հրավիրում են ուսանողներին ու աշակերտներին: Դա հնարավորություն է տալիս նրանց հասկանալ, ընկալել այդ արվեստը: Իսկ հետագայում այդ սերունդն արդեն օպերային արվեստի կայուն լսարան է դառնում, որը պատրաստ է լինում ապրել այդ արվեստով: Միգուցե կրկնվեմ, բայց հանդիսատեսը պետք է իմանա օպերայի լեզուն, կոմպոզիտորին եւ այլն: Կարծում եմ՝ եթե նրանք փոքր-ինչ գիտելիք ունենան, օպերան ավելի հետաքրքիր կլինի իրենց համար: Չգիտեմ՝ Հայաստանում այդպե՞ս է, թե՞ ոչ, բայց Սան Ֆրանցիսկոյում եւ եվրոպական երկրներում օպերան կինոթատրոնի դահլիճի էկրանին տիտրերով թարգմանվում է: Ցավոք, ես գաղափար չունեմ հայաստանյան օպերային արվեստի վիճակից: Սակայն, եթե մի օր ինձ մի դեր առաջարկեն, ապա ես մեծ հաճույքով կկատարեմ:

– Օրինակ, «Անո՞ւշ»:

– Օ՜, շատ եմ սիրում «Անուշը», եւ մեծ հաճույքով կկատարեմ այդ դերը: Այդ օպերայի երաժշտությունը ես բավական խորն եմ ապրում, զգում եւ մի օր կուզեի անպայման այդ դերը կատարել: Որքան նկատել եմ` Հայաստանում մարդիկ հաճախ չեն գնում օպերաներ լսելու, գուցե չկա՞ առիթ, որ գնան: Հայաստանում դա օպերային արվեստի գլխավոր հիմնախնդիրն է: Միայն «Անուշ» օպերայով, իհարկե, խնդիրը չի լուծվում, մարդիկ պետք է հնարավորություն ունենան այլ օպերաներ էլ լսելու:

– Իսկ դրսում ինչպե՞ս է:

– Մեծ քաղաքներում այդ խնդիրը չկա: Հատկապես Եվրոպայում օպերա գնալու մշակույթ կա, ինչը չես կարող ասել ամերիկյան երկրների պարագայում: Օպերային արվեստում փոքր-ինչ զգացմունքայնություն, պատմական իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն է հարկավոր: Օպերայում խոսվում է մարդկային տառապանքի մասին: Օպերան նաեւ առիթ է ընձեռում՝ տվյալ վայրկյանին կտրվել խնդիրներից, մոռանալ կյանքի դժվար պահերը եւ հաղորդակցվել մի լուսավոր աշխարհի հետ: Դա հոգու պահանջ է. չէ՞ որ երբեմն պետք է բուժել նաեւ հոգիները: Իսկ օպերան դրա լավագույն հավաստիքն է: Օպերան ասելիք ունի հանդիսատեսին: Օպերային երգիչը կամ երգչուհին պետք է կարողանան այդ ասելիքը տեղ հասցնել, մարդկանց հետ հաղորդակցվել: Դա շարժիչ ուժ է ինձ համար:

– Փաստորեն, Դոմինգոն քեզ հնարավորություն տվեց նաեւ ճանաչում ձեռք բերել քո հայրենիքում:

– Ես, իսկապես, մեծ բախտ ունեմ, որ նրա հետ հանդես եկա: Դոմինգոն մեծ հոգի ունի: Եվ ոչ միայն հուզիչ էր նրա հետ երգելը, այլեւ խոսելը: Ես միշտ եղել եմ նրա արվեստի մեծ երկրպագուն: Նա կարողանում է մարդկանց հուզել: Նա մեծ արտիստ է: Կուզեմ նրա պես հուզել հանդիսատեսին:

– Եվ ի՞նչ դերով:

– Միշտ երազել եմ «Տրավիատայում» հանդես գալ Վիոլետայի դերում: Սա երազ է ինձ համար: Դերը բավական բարդ է, բայց ցանկության եւ աշխատասիրության դեպքում հնարավոր է հասնել դրան:

– Իսկ ինչո՞ւ Վիոլետա:

– Վիոլետան ուժեղ կին է: Ունի զարմանահրաշ բնավորություն, բացի այդ, ազդեցիկ է նաեւ պատմությունը, որն արդեն դասական է դարձել:

– Հայրդ շա՞տ է քննադատում քո ելույթները:

– Քննադատություններ, բնականաբար, լինում են: Դրանք առավել շատ հնչում են նախքան իմ ելույթը, քան դրանից հետո: Սակայն իմ ամենամեծ քննադատը ես եմ: Վերջիվերջո, ծնողները միշտ ուրախանում են իրենց զավակների առաջընթացով, գործունեությամբ: Ընդհանրապես, այս արվեստը մեծ ճիգեր է պահանջում, այդ թվում` նաեւ ֆիզիկական:

– Եվ ընտանիք կազմելու ցանկությունը ե՞տ է մղում:

– Ես անպայման կցանկանայի ընտանիք կազմել, որովհետեւ ես հայի այդ մտածելակերպի կրողն եմ, սակայն մինչ այդ ես պետք է զբաղվեմ իմ կարիերայով: Կյանքում կարեւորում եմ մարդու նպատակասլացությունը: Մարդն ամեն օր պետք է աշխատի՝ իր երազանքին հասնելու համար: