Չնայած Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի՝ քաղաքի ծառերի «էտման» նախագծին, այս տարի Ճամբարակում կկանգնի Նոր տարվա խորհրդանշական ու պերճաշուք ծառը: Քաղաքապետն այդպիսով ուզում է հայ-ադրբեջանական սահմանին ապրող մարդկանց համար փոքրիկ տոնական տրամադրություն ստեղծել, որ գոնե չմոռանան Ամանորի գոյության մասին:
Ըստ քաղաքապետի, սակայն, տոնից 3 օր հետո ծառի զարդարանքներն անհետանում են:
Սահմանին մոտ ու հեռու
Ճամբարակը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Թերեւս սա միակ հանգամանքն է, որ ՀՀ իշխանություններին թույլ է տալիս տեսականորեն պատկերացնել այս քաղաքի գոյության մասին: Բնակիչները վաղուց արդեն չեն հիշում իշխանական բուրգի ներկայացուցիչներին, վերջիններս էլ մոռացել են նրանց: Քաղաքն ունի 7300 բնակիչ: Վարչական տարածքը 10.000 հա է, եւ ձեւավորվել է նախկին 2 գյուղերի հաշվին՝ Ներքին եւ Վերին Ճամբարակների: Այստեղ հաստատվել են Ադրբեջանից ու Արծվաշենից տեղահանվածները: Ընդ որում, արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանվածներ, չունեն փախստականի կարգավիճակ: Փախստականների ընտանիքների թիվն ամրագրվել է նույնիսկ Քաղաքաշինության նախարարությունում՝ 482 բնակարաններ կառուցելու համար:
Քաղաքը դեռեւս կրում է պատերազմի հետեւանքները՝ կիսաքանդ շենքեր, ցելոֆանապատ պատուհաններ, ջարդված «ողնաշարով» աստիճաններ ու մշակութային օջախների բակերում թափված ապակիներ: Մարդիկ քայլում են կուչ եկած, ահագնացող վախով՝ հետաքրքրվելով խաղաղություն կոչվող երեւույթի մասին: «Երեւան գալիս վախենում ենք դաժե տրոլեյբուսների ձենից»,- ասաց ճամբարակցիներից մեկը: Քաղաքում գործարաններ չկան, սպասարկման կենտրոնները քիչ են, փոխարենը՝ շատ են կուսակցական գրասենյակները: Ասում են՝ վարսավիրներն աշխատում են տանը՝ այն էլ Հարկայինից վախենալով: Բիզնեսմենների կարծիքով էլ՝ քաղաքը բիզնեսի համար ռիսկային է: Բնակիչներին այլընտրանք չի մնում, քան անասնապահությամբ զբաղվել, իսկ ոմանք էլ արտագնա աշխատանքի են մեկնում: Թեեւ այս տարի կաթնատվությունը ցածր էր, սակայն կաթի գները մնացել են անփոփոխ՝ «Մարիաննա» եւ «Աշտարակ» կաթ գործարանների ներկայացուցիչները 1 լիտր կաթի դիմաց վճարում են 120 դրամ, ամռանը՝ 85-90 դրամ: Գյուղատնտեսական նշանակության հողերը վաղուց կորցրել են իրենց, այսպես ասած, բերրիությունն ու դուրս են եկել գործածությունից: Ընդ որում՝ բնակիչների մեծ մասը հրաժարվում է սեփական հողերից: «Դա իր պատճառներն ունի: Մարդը 1 հա համար վճարում է 5-7 հազար դրամ գումար: Այսինքն՝ տարվա ընթացքում դա խնդիր է առաջացնում նրա համար: Եվ որպեսզի չվճարի, հրաժարվում է հողից»,- ասաց քաղաքապետ Յուրա Ավալյանը: Նրա հաշվարկներով՝ միայն այս տարվա ընթացքում արդեն հրաժարվել են 50-60 հա հողերից: Իսկ սահմանին գտնվող շուրջ 60 հա հողի համար հարկ չի գանձվում, քանի որ այդ հողերը համարվում են չեզոք գոտում գտնվող եւ ադրբեջանցիների անմիջական տեսադաշտում են, ավելի ճիշտ՝ անմիջական կրակահերթի տակ են:
Էկո-առողջ Ճամբարակ
«Ինչի՞ մասին է խոսքը: Ճամբարակի հիվանդանոցում ձեռքդ օդի մեջ պահած են ճնշում չափում, բժշկական նորմատիվներ չկան: Չունենք տարրական պայմաններ, լավ սպասարկում: Դե, եթե բժիշկը կեսգիշերին ցրտից դողում ա, էլ ի՞նչ սպասարկում պետք է լինի: Պրոբլեմների մի ամբողջ փունջ կա: Դա է պատճառը, որ մարդիկ գնում են Սեւան, Դիլիջան: Եթե այլ տեղերում առողջության համար մարդը ծախսում է 1 միավոր ներվեր, ապա Ճամբարակի բնակիչը՝ 100 միավոր»,- քաղաքապետի, մարզպետարանի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ասաց Ճամբարակի «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Խաչատրյանը: «Քաղաքապետարանի մակարդակով, ճիշտն ասած, բնակիչները չեն բարձրացրել այս խնդիրը: Ես՝ որպես քաղաքապետ, տեղյակ չեմ այս խնդրից»,- ի պատասխան Գ. Խաչատրյանի՝ նշեց քաղաքապետ Ավալյանը: Ապա թե` «Բայց հասկացանք, բերեք դրական կողմերն էլ նայենք: Հասկանալի ա՝ շենքը հին վիճակում ա, վերանորոգման խնդիրներ ունի, բայց, այնուամենայնիվ, մաքրությունը պահպանվում ա: Հա, ջեռուցում չունի: Դուք շատ լավ եք հասկանում` ինչ է նշանակում այդ ամբողջ համալիրը ջեռուցել: Դա նշանակում ա՝ ամբողջ ֆինանսական հնարավորություններն օգտագործել միայն դրա համար»: Քաղաքապետը, ճիշտ է, հիվանդանոցի վատ սպասարկման եւ պայմանների մասին չէր լսել, բայց քաջատեղյակ էր այլ խնդիրներից: Այն մասին, որ հիվանդանոցում «մի լավ» ռենտգեն սարք չկա: Ավալյանը, սակայն, նշեց, թե հիվանդանոցը լավ մասնագետներով է զինված: Միանգամայն հասկանալի է քաղաքապետի մտահոգությունը հիվանդանոցային համալիրի ջեռուցման կապակցությամբ, քանի որ քաղաքում «էտված» ծառերը հազիվ բավականացնում են տեղի 2 մանկապարտեզների ու մի քանի ենթակառուցվածքների ջեռուցմանը: Իսկ արդյոք հիվանդանոցի ներկա վիճակի մասին մարզպետին զեկուցե՞լ են: Գեղարքունիքի մարզպետարանի տարածքային կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ (Ճամբարակի տարածաշրջանում), Ճամբարակի քաղաքապետի վերջին ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռիտա Հովհաննիսյանի փոխարեն՝ հարցին պատասխանեց քաղաքապետ Յու. Ավալյանը: Ըստ նրա` մարզպետը պարբերաբար գալիս է հիվանդանոց եւ տեղյակ է խնդիրներին: Քաղաքի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհում էին նաեւ գազիֆիկացման աշխատանքներից: Նրանց համոզմամբ` արծվաշենցի քաղաքապետը գազիֆիկացում անցկացրել է հիմնականում արծվաշենցիների տներում: Այս կապակցությամբ քաղաքապետը նկատեց. «Դուք պրովոկացիոն հարց եք տալիս: Անցյալ տարի 8կմ գազիֆիկացում արվեց, որը կատարվեց հենց Ճամբարակ թաղամասում: Քաղաքի 85%-ն է գազիֆիկացված: Ամեն մի փողոցի ծայրամասային տները, դրանք կլինեն 50մ, 60մ, կամ 100մ, կտեսնեք, որ չեն գազիֆիկացվել: Խնդիրը նրանում էր, որ գազիֆիկացման համար գումարներ նախատեսված էին այդ չափով: Խնդիրը նրանում էր, որ գազիֆիկացումը պետք է ամբողջությամբ ճյուղավորվեր, եւ փողոցի վերջնամասում գտնվող տները չեն գազիֆիկացվել»:
Ինչեւէ, ճամբարակցիների հաջորդ եւ կարեւոր մտահոգությունը վերաբերում էր ընտանեկան նպաստների կրճատումներին, որն ամիսներ առաջ կատարվեց ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության կողմից: Ընդ որում՝ կրճատումները կատարվել էին անհասկանալի բացատրությամբ: Զավեշտալի է, բայց անգամ միայնակ թոշակառուի նպաստն էին կրճատել՝ թոշակի՝ 2500 դրամով բարձրանալու պատճառով: Նախորդ տարի գրանցված 500 նպաստառուների թիվը նվազել է շուրջ 100-ով: Իսկ Ճամբարակի զբաղվածության կենտրոնի դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ գործազուրկի կարգավիճակ ունի 247 բնակիչ:
Մշակույթի պահապանները՝ Ճամբարակում
Ճամբարակի մոխրագույն փողոցների տխրությունը հանկարծ խախտեց կիսաքանդ շենքից հնչող երաժշտության ձայնը: Խարխլված աստիճաններով մի կերպ բարձրացա դեպի շենք, որի առաջին հարկի սենյակներից մեկի մոտ հրահանգում են՝ թաղման արարողությունից հետո աղբ չթափել: Պարզվեց՝ ես գտնվում եմ Ճամբարակի Մշակույթի տանը: 2-րդ հարկի փոքրիկ սենյակում կատարյալ խառնաշփոթ էր: Վառարանն անուժ ճիգեր էր անում վառվելու, որին քարացած նայում էին տիկնիկները: «Սա ոչ միայն երգի խմբակ է, այլ տիկնիկային թատրոն է, ագզագրական, ժամանակակից պարի, ասմունքի խմբակ: Այս ամենը գտնվում է հենց այս սենյակում»,- դռան անմիջապես կողքին՝ սինթեզատորի մոտ նստած՝ ասաց երաժիշտ Արթուրը: Քիչ անց երեխաների երգի կատարողականությանը հետեւող կինը մեզ մոտեցավ: Նա ոչ միայն ուսուցչուհի, սցենարիստ է, այլեւ Ճամբարակի Մշակույթի տան տնօրենն է: Մշակույթի տունն ընդհանուր 5 աշխատող ունի: «Եվ դա կոչվում է Մշակույթի տուն: Այդ ծանր բեռը մենք տանում ենք մեր ուսերին: Շատ դռներ ենք բախել, բայց երեւի այսօր մշակույթի նկատմամբ մտածելակերպը փոխվել է: Այն բիզնես-շահույթ չէ, մինչդեռ ամենակարեւոր շահույթը երեխայի ստացած հոգեւոր սնունդն է»,- նշեց Լուսինեն: Ըստ նրա՝ պատերազմի տարիներին Մշակույթի տանը զինվորներ էին ապրում: Շենքը մեծ վնասներ կրեց հենց այդ տարիներին: Շենքի վերանորոգման համար, ըստ Լուսինեի` շուրջ 120 միլիոն դրամ է անհրաժեշտ: «Ճամբարակում մինչ օրս յուրաքանչյուր մարդ զինվոր է: Սրանք ուռճացված խոսքեր չեն: Այսօր Ճամբարակում ոչ միայն մշակույթ չունենք, այլեւ նվազագույն պայմաններ: Չունենք մաքուր ջուր, երիտասարդական որեւէ կենտրոն, որտեղ երեխաները կարող են իրենց ժամանցն անցկացնել: Ամեն ինչ ունենք, բայց՝ ոչինչ չունենք»,- ժպտալով ու աներեւակայելի պայծառությամբ ասացին նրանք: Իրականում Ճամբարակը խտացվել էր հենց այդ սենյակում, որտեղ, անկախ սահմանի այն կողմից հնչող կրակոցներից, շարունակում էին երգել, պարել ու բեմադրություններ անել: Նրանց «Չարի վերջը» մյուզիքլը հավանել էին անգամ Երեւանում: Քչերը գիտեն, որ տիկնիկային թատրոն ասվածը ստեղծվել է աշակերտների եւ բացառիկ հոգատարություն ունեցող ուսուցիչների ձեռքով: Նրանցից ամեն մեկն իր տնից էր պարագաներ տարել: Տիկնիկներն էլ իրենք էին կարել: Սահմանին մոտ գտնվող այս մարդիկ ամեն դժվարության մասին խոսում էին զարմանալի տոկունությամբ: Չէին դժգոհում որեւէ մեկից: Ասում են՝ իրենց հույսերը միայն Աստծո հետ են կապված: «Ինձ թվում է՝ մենք ենք լինելու ընկեր Լուսինեից ու ընկեր Արթուրից հետո այս փլատակների, իսկ միգուցե այն ժամանակ արդեն լրիվ փլատակ դարձած տունը կառուցողները»,- նշեց խմբակի սաներից Արփինե Մարտոյանը: Հարցրեցի նրան, թե ի՞նչ հեքիաթի կնմանեցներ այսօրվա Ճամբարակը: «Մեր մասին գրված հեքիաթ չկա: Եթե ինչ-որ գրող գրի Ճամբարակի հեքիաթը, ընթերցողները հաստատ շաբաթներով կլացեն: Ճամբարակում ապրելը հերոսություն է: Չկա մի առավոտ, չկա մի կեսօր, չկա մի իրիկուն, որ կրակոցներ չլսվեն: Ամեն օր, ամեն վայրկյան, եւ դա մեզ համար սովորական է, ուղղակի լսում-անցնում ենք: Անցյալ տարի մի ուշ երեկո պարապում էինք: Բարձր երաժշտության պատճառով դրսից եկող ձայներ չէին լսվում: Հանկարծ մամաս զանգեց ընկեր Արթուրին, ասաց՝ կրակոցներ են, շենքից արագ դուրս եկեք: Դուրս եկանք, մի քանի անգամ ուժեղ կրակոցներ լսվեցին, բայց հետո, չգիտես ինչի, հետ եկանք սենյակ ու շարունակեցինք երգել»,- նկատեց Արփինեն՝ վերհիշելով Երեւանից հյուր գնացած մորաքրոջ աղջկան, ով ամառային իր արձակուրդն անց էր կացնում Ճամբարակում: «Մի օր երեկոյան նստած էինք մեր բակում, ու հանկարծ կրակոցի սովորական նախանշանը լսվեց: Այդ օրը չէին դադարում կրակոցները: Մորաքրոջս աղջիկն ասաց, որ ինքն այստեղ էլ չի գա»: Ի պատասխան` նրան նորից հարցրեցի. «Միգուցե դո՞ւ գրես Ճամբարակի հեքիաթը»: Արփինեն նայեց ինձ, ժպտաց, հետո աչքերը հառեց սենյակի փոշոտ պատերին: «Ես ինքս ստեղծագործում եմ: Վերջերս մտածում էի այդ մասին: Ես որոշել էի այդ հեքիաթը վերնագրել «ճամբարակը՝ քաոսում», «ճամբարակի քաոսը», «Քաոսի անունը՝ Ճամբարակ»:
Երեխաներն ուշադիր լսում էին իրենց ընկերուհու խոսքն ու մի տեսակ տխուր նայում իրար: Նրանք պատրաստվում էին ամանորյա նոր ծրագրի, իսկ դեկորացիաներն էլ, ինչպես միշտ, Մշակույթի տնից առանց փոխադրամիջոցի տանելու էին քաղաքապետարանի դահլիճ: Նրանք ամենքն էլ պատրաստվում են Ձմեռ պապիկին նամակ գրել: «Կասեմ, Ձմեռ պապի ջան, եթե շատ հարուստ ես, արի մեզ մոտ, ոչ մեկին նվեր մի տար: Արի մեզ մոտ, մեր մշակույթի տունը նորոգիր կամ մեզ համար մի շենք առ»,- վերջում ասաց Արփինեն՝ սեղանից վերցնելով իր տիկնիկը:
Հ.Գ. Ճամբարակի մեդիա-շրջայցը կազմակերպել էին IWPR եւ «People in need» կազմակերպությունները