Ղահրամանյանների կացարանը գտնելը երկար չտեւեց. հետեւելով դրսում լվացքը պարզաջրող հարեւանի խորհրդին` քայլեցի բակով հոսող ջրի ուղղությամբ. այն ուղիղ տանում էր փնտրածս բնակարանի պատուհանի տակ` ներծծվելով պատերից ներս:
Այս ամենը բավական է հասկանալու համար, որ այդ կացարանը չի կարելի անվանել բնակարան, քանի որ դա նկուղ է, որտեղ կատարյալ խոնավություն է, եւ որում չկան ամենատարրական կենցաղային պայմաններ` խոհանոց, սանհանգույց… 10 տարի է արդեն, որ 23-ամյա Անահիտն իր մայրիկի հետ ապրում է երկմաս նկուղի մի սենյակում, որտեղ, ի տարբերություն մյուսի, գոնե երբեմն-երբեմն ցերեկային լուսավորություն է լինում: Հենց այդ սենյակում է գտնվում նրանց միակ դեղ ու դարմանը` փայտի վառարանը, եւ հենց այստեղ են նրանք քնում, սնվում, լողանում: Սակայն մայրուաղջիկ այս կացարանի միակ բնակիչները չեն. նրանք «հարեւաններ» էլ ունեն: Մայրը` Աիդան, պատմում է, թե ինչպես մի քանի անգամ գիշերն արթնացել է` անկողնում առնետ հայտնաբերելով, կամ էլ վեր է թռել սարդի խայթոցից…
Այս նկուղում նրանց տեղավորել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետերից մեկը: Աիդան երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում, ուստի նրան օրենքով բնակարան էր հասնում: Տարիներ շարունակ սպասել է իր հերթին: Երբ այն արդեն մոտեցել է, ինչպես ինքն է ասում, քաղաքապետը բնակարանային հարցը լուծել է` ընտանիքին հատկացնելով խոնավ նկուղը եւ խոստանալով, որ դա ժամանակավոր կացարան է, եւ որ շուտով պատշաճ բնակարան կտեղափոխեն: Բայց ահա արդեն 10 տարի է` Աիդան ու դուստրն այդ նկուղում պայքարում են խոնավության հետեւանքով ձեռք բերած հիվանդությունների դեմ, իսկ բնակարանի հարցը շարունակում է մնալ օդից կախված: Կենցաղի համար պետք եկող ջուրն Աիդան հավաքում է շշերի մեջ եւ պահում կիսաբորբոսնած պահարանի ներքեւի դարակում: Վերեւի դարակից նա հանում է կիսապատռված մի տոպրակ, որտեղ խնամքով պահում է տարիների ընթացքում կուտակված դիմում-նամակները: Այդ նամակների պատասխաններն իրարից գրեթե չեն տարբերվում`«ձեր բնակարանի հարցը քննարկման փուլում է»:
Աիդան 2-րդ կարգի հաշմանդամ է: Չորս տարբեր վիրահատություն է տարել: Հերթական վիրահատությունից հետո հաշմանդամության կարգը կրճատել են` պատճառաբանելով, որ վիրահատությունը պետք է որ լիովին առողջացնի իրեն: Բայց Աիդան չի առողջացել, դեռ ավելին` զրկվել է դեղերի համար տրվող նպաստից: Սոցիալական ապահովության նախարարությունում փորձել է հասկացնել, որ վիրահատությունից հետո վիճակը նույնիսկ վատթարացել է, բայց, ինչպես ինքն է ասում, չեն էլ բարեհաճել լսել:
Անահիտն էլ ոտքերի ցավեր ունի: Ասում է, որ հատկապես իրիկունները ոտքերը կծկվում են ցավից, բայց հերթը դրանց բուժմանը չի հասնում` դեռ ականջն է բուժում, որ մրսածությունից բորբոքվել եւ թաղանթի թարախակալում է առաջացրել:
Անահիտը Աիդայի միակ զավակն է: «Ոնց որ փողով առած լինեմ, շատ դժվար եմ մեծացրել»,- արցունքներն աչքերին պատմում է Աիդան եւ հիշում, թե ինչպես էր պատերազմի ծանր օրերին Անահիտին ստիպված թողնում հարեւանների նկուղում եւ ոտքով կիլոմետրեր կտրելով, կրակոցները համառորեն արհամարհելով` հասնում գյուղ, որպեսզի հաց բերի այնտեղից: «Ամբողջ կյանքս վարձով եմ ապրել, հիմնականում` նկուղներում: Բնակարանի հերթ ունեի, բայց հերթն ինձ չի հասնում: Էն դժվար տարիներին շատ եմ տանջվել, մենակ եմ մեծացրել աղջկաս ու մինչեւ օրս էլ շարունակում եմ դժվար օրեր ապրել»:
Կենցաղային ծանր պայմանները Անահիտին թեւաթափ չեն արել: Այս տարի հաջողությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանը, եւ հենց իր 30 հազար դրամ աշխատավարձով էլ ծայրը ծայրին են հասցնում: Գյուղում ապրող տատիկն էլ իր թոշակը կուտակում ու ուղարկում է թոռնիկին` կոշիկի, հագուստի եւ մի կիլո «շագալաթի» համար: «Միշտ երազել եմ, որ գոնե էնպիսի տուն ունենանք, որ արեւ ընկնի, լուսավոր լինի, որ չամաչեմ ընկերներիս հրավիրեմ: Ով մեր տուն ա գալիս, դուրս գալուց շորերից խոնավության հոտ ա առնում»:
Անահիտի շորերը, չնայած խոնավության հոտին, միշտ ճաշակով են, մաքուր, իրեն սազական: Եվ ընդհանրապես, սիրունատես Անահիտին դրսում տեսնելիս դժվար կռահես, թե ինչ պայմաններում է ապրում: Ասում է, որ երբեք չի բողոքում իր տխուր կյանքից: «Ուղղակի շատ եմ նեղվում, որ պատկերացնում եմ` մի օր պիտի իմ ապագա փեսացուին այստեղ հրավիրեմ: Չեմ ուզում մտածել էդ մասին, վախենում եմ…»:
Արցախում ձմեռը ոչ այնքան Ամանորի շունչն է բերում, որքան որ պատերազմական տարիների երկա՜ր ու ցուրտ ամիսների մասին դառը հիշողությունները, երբ մարդիկ իրենց նկուղներում հինգ կտոր փայտի հույսին օրեր էին լուսացնում:
Աիդայի ու Անահիտի համար այդ օրերը չեն էլ ավարտվել: Նրանք սարսափը սրտներում են սպասում ձմռան տաղտկալի ամիսներին` հիշելով, որ դրսում հալչող ձյունն իրենց սեղանի տակ ջրակույտեր է առաջացնելու, որ իրիկունները մի կերպ իրար համոզելով են մտնելու թաց ու բորբոսնած տեղաշորի մեջ, որ մի կիլո խնձորի փոխարեն հաճախ ստիպված են լինելու հարբուխի դեմ դեղեր առնել:
Այս ամենի մասին Արցախի Հանրապետության գրեթե բոլոր գերատեսչություններում տեղյակ են: Մինչեւ անգամ նախագահ Բակո Սահակյանն է տեղյակ, ով դեռեւս երեք տարի առաջ` ընտրարշավի ժամանակ, երբ Աիդան մոտեցել ու պատմել էր ամեն ինչ, խոստացել էր, որ ընտրվելու դեպքում չի նմանվի իր նախորդ գործընկերներին եւ կկատարի խոստումը…
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
www.azatutyun.am