Իրանցի հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Արդեն 1 տարի է, համաշխարհային փառք ունեցող ռեժիսորը բանտում է գտնվում` Իրանի ֆունդամենտալ իսլամական իշխանությունների հետ համագործակցելու առաջարկը մերժելու համար: Մայիսին բանտարկված ռեժիսորը հացադուլ էր հայտարարել, որի արդյունքում ու միջազգային հանրության հսկայական ճնշման տակ` նրան բանտից ազատեցին, սակայն արգելեցին լքել երկրի սահմանները: Մինչդեռ նրան Վենետիկի փառատոնն էր սպասում: Ջ.Փանահիի նոր կարճամետրաժ «Ակորդեոն» ֆիլմը, որը ցուցադրվեց Վենետիկում, պատմում է փոքր տղայի մասին, որից խլում են նրա ապրուստի միակ միջոցը` երաժշտական գործիքը: Եվ կարծես հենց այդպես էլ «սպանում» են նրան: Ջ.Փանահիին իր հայրենիքը ոչ միայն բանտարկել է, այլեւ` 20 տարով արգելել է կինո նկարահանել, սցենարներ գրել, հարցազրույցներ տալ եւ անգամ` միջազգային մշակութային կազմակերպությունների հետ կոնտակտներ ունենալ: Վերջիններիս թվին, ի դեպ, պատկանում են նաեւ կինոփառատոներն ու կինոստուդիաները: Ջ. Փանահիի վերջին լիամետրաժ ֆիլմը (որը հեղինակի ներկայությամբ ցուցադրվեց երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում) կոչվում էր «Խաղից դուրս» («Off-side») եւ պատմում էր ֆուտբոլասեր երիտասարդ աղջիկների մասին, որոնք սիրելի խաղը դիտելու համար ստիպված են տղամարդկանց շորեր հագնել եւ խաբել ոստիկաններին` մարզադաշտ մուտք գործելու համար: Այս շատ հուզիչ, հումորով ու ցավով լի ֆիլմում հայրենիքի ու մարդկանց հանդեպ հսկայական սիրո պաշար կա: Եվ այդ սերը իշխանությունները «խաղից դուրս» են համարել: Ջ. Փանահիի հետ միասին դատապարտվել է նաեւ տաղանդավոր երիտասարդ ռեժիսոր Մոհամեդ Ռասուլոֆը, ով նույնպես 6 տարի կանցկացնի բանտում` պարտադիր լռության պայմաններում` իր «Սպիտակ մարգագետին» (The White Meadows) չափազանց գեղեցիկ այլաբանական դեբյուտի համար, որը նկարահանվել է աղի հանքերում ու հեռավոր կղզիներում: Շատերը Հայաստանում արդեն մի քանի անգամ ստորագրել են Ջ. Փանահիին ազատ արձակելու կոչի տակ: Միգուցե շուտով նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա կազմակերպվի: Իրականում կան իրավիճակներ, երբ լռելը ու անտարբեր երեւալը արվեստի մարդու համար վնասակար է: Եվ ոչ միայն իմիջի տեսանկյունից: