Ներմուծվող, սպասարկող ու ընդհատակյա

23/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ավարտին է մոտենում 2010 թվականը, եւ ցանկություն է առաջանում` որպես յուղոտ վերջակետ, ամրագրել` անցնող տարին շատ սիմպտոմատիկ էր հայաստանյան արվեստի դաշտի համար: Բոլորը (նույնիսկ մշակութային չինովնիկները) շատ լավ տեսնում են, որ մշակույթի ոլորտի վերահսկման ու խրախուսման լծակներն արդեն ի զորու չեն կատարել այն գործը, որը կատարում էին խորհրդային տարիներին: Այսինքն` արդեն չի ստացվում պետպատվերը (բեմադրությունը, ցուցահանդեսը, համերգը կամ ֆիլմը) ներկայացնել՝ որպես հանրային երեւույթ, որը նաեւ գեղագիտական արժեք ունի: Իհարկե, մշակույթի կառավարման մեջ դեռ շարունակում է իշխել սովետական համակարգը ու առաջին հայացքից լավ էլ կարողանում է արվեստի տարածքը միայն իշխանություններին հաճո նախագծերով լցնել, սակայն դա արդեն այնպիսի «կացնային» մեթոդներով է արվում, որ մեծ ցանկություն է արթնանում դրանց հակակշիռը փնտրել այլ վայրերում: Եվ այդ ցանկությունն անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումն է: Արդեն ակնհայտ է (եւ չափազանց ուրախալի), որ կառավարման նախկին օղակների փտումն ու դրանից բխող քայքայումը այլեւս անկասելի պրոցեսներ են դարձել: Վերցրեք ցանկացած ոլորտ (Ոստիկանությունից՝ մինչեւ կինո) ու կտեսնեք, որ ամենուր նույն պատկերն է: Հին մեխանիզմները փտել են, բոլորը դա տեսնում են, սակայն, քանի դեռ այդ փտած համակարգը վերջին ճիգերով շարունակում է աշխատել, ոչ ոք չի ուզում դրան ձեռք տալ: Նույնիսկ բողոքելու, դիմադրելու ու պայքարելու կարիք չկա, ամեն բան առավել քան թափանցիկ ու հստակ է. իշխանություններին սպասարկող արվեստը խոր ճգնաժամի մեջ է հայտնվել: Կիսասովետական, կիսակապիտալիստական արվեստի դաշտը ոչ մի կերպ չի կարողանում ազատ զրույցի բռնվել հանրության հետ` մերթ՝ մնալով որպես պետական քարոզչության տարր, մերթ` ձեւախեղվելով ու վերածվելով զուտ զվարճանքի (հիմնականում երգի ու պարի): Բարեբախտաբար, նույն ճգնաժամային փոսի մեջ է հայտնվել նաեւ փոփ-մշակույթը, որը, ֆինանսական հոսքերի կրճատման շնորհիվ, այլեւս չի կարողանում ծաղկել իր ողջ գլամուրային ուժով (որոշակի էթնո տարրերի պարունակությամբ) եւ դրանով իսկ` ինչ-որ աշխուժության պատրանք ստեղծել: Եվ ստացվում է, որ մասսայական արվեստից սկսած, իշխանական կայսերական ցանկությունները բավարարող միջոցառումներով վերջացրած, մենք ամայի տարածության մեջ ենք հայտնվել:

Հիմա արվեստի դաշտը դատարկ է: Ոչինչ չկա դիտելու ոչ թատրոններում, ոչ կինոթատրոններում, ոչ էլ թանգարաններում: Եվ առավելեւս` հեռուստատեսային եթերում: Երբ խոսքը արվեստի նախագծերի մասին է, ապա «դիտելը» հավասարվում է «մտորելուն»: Իսկ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «դիտելը» հերթական անգամ հիասթափվել է նշանակում: Կարծես, արդեն իսկ բնազդաբար, գիտես, որ որեւէ ֆիլմ կամ ներկայացում դիտելիս` միայն ինչ-որ էլեմենտներ ես տեսնելու ու ափսոսալու ես, որ ժամանակ ես կորցրել:

Էլ ավելի բարդ վիճակում է կերպարային արվեստի կյանքը, քանի որ, ինչպես հայտնի է` մեր քաղաքում ազատ ցուցադրման հարթակներ պարզապես չկան: Հայաստանում գործող գրեթե բոլոր թատերական, համերգային հարթակները, ցուցասրահներն ու կինոդահլիճները զգում են, որ հանդիսատես են կորցնում (չհավատաք նրանց, ով հակառակն է պնդում): Եվ այդ իրավիճակը շտկելու համար` մշակութային հիմնարկների ղեկավարները փորձում են կամ ավելի մասսայական ու թեթեւամարս շոուներ ցուցադրել, կամ էլ պետական հատուկ հովանավորչություն են ջանում ստանալ` հերթական անպտուղ գործը պատրաստելու համար: Այդ երկու ճանապարհներն էլ փակուղի են տանում, քանի որ խախտվում է արվեստի գլխավոր օրենքը` ելակետ ընդունել ներուժը, այլ ոչ թե փողը, գրավիչ գաղափարը կամ պատվիրատուի ճաշակը: Եվ պատահական չէ, որ հենց սեփական ուժերն անկեղծորեն գնահատելու կարողության պակասն էլ անպտուղ է դարձնում հայրենական մշակութային արտադրանքը, որը չի կարող «սպառվել» հանրության կողմից:

Անցնող տարվա գլխավոր ձեռքբերումները որակյալ «ներմուծումներն» էին (Պլասիդո Դոմինգոն, ռոքի ու ջազի վարպետները, «Ոսկե ծիրանի» ու «ՌեԱնիմանիայի» արտասահմանյան ֆիլմերը), իսկ սեփական մշակութային արտադրանքը գնալով ավելի անորակ է դառնում: Ֆիլմերի, ներկայացումների, օպերաների ու բալետների, համերգային ծրագրերի մեջ կյանք չկա: Եվ չի էլ կարող լինել, քանի դեռ արվեստը ոչ թե խմորումներից, պրոֆեսիոնալ դպրոցներից ու միջավայրից է սնվում, այլ` ընդամենը ՀՀ Մշակույթի նախարարության տրամադրած գումարն է օգտագործում ու քաղաքական նպատակներ է հետապնդում: Եվ պատահական չէ, որ ուշագնաց վիճակում են այն կոլեկտիվներն ու անհատները, որոնց հիմնական ցանկությունը մշակութային գերատեսչության հետ լավ հարաբերությունները չփչացնելն է: Ընդ որում` վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ այդ գերատեսչությունը, թերեւս, զբաղված է հենց նրանով, որ ասում է` ինձ հետ չվիճես, թե չէ` փող չեմ տա: Եվ հենց փող տալու կամ չտալու լծակը վերջնականապես ապականել ու ամայացրել է մշակութային դաշտը: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ թատրոնների, կինոարտադրող ընկերությունների ու ստեղծագործական միությունների համար ամենակարեւորը հենց պետական դոտացիան է, որի հոսքի դադարումը հավասար է մահվան: Եվ քանի դեռ ոչ ոք մահանալ չի ցանկանում (կամ էլ գործից ազատվել), ապա պետական աղբյուրներից սնվող արվեստի նախագծերում արվեստ փնտրելն իմաստ չունի: Արվեստը բոլորովին այլ տարածքում է: Մենք այժմ այնպիսի միջավայրում ենք ապրում, որտեղ բոլորովին այլ (խորհրդային համակարգից տարբերվող) հաղորդակցության միջոցներ են գործում: Թվային դարաշրջանը կոմունիկացիայի նոր տարածքներ է բացել, եւ արվեստի միջոցով երկխոսելու ձեւերն այնքան են շատացել ու մեծացել, որ նույնիսկ զարմանալ կարելի է, թե ինչպես դա չեն նկատում մինիստրությունները, օտարալեզու կրթություն ստացած պաշտոնական անձինք ու տարբեր պատվավոր նախագահները, ովքեր շարունակում են արվեստը ներկայացնել միայն պրեզենտացիոն ֆորմաներով` հոբելյաններով, ասմունքի փառատոներով ու միջոցառումային ճառերով:

Նոր հարթակներ

Արվեստը միակ ոլորտն է, որտեղ հեղափոխական մղումը ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր գործոն է: Հեղափոխությունը հակացուցված է կրթության, բժշկության մեջ (որտեղ հարկ է շատ զգույշ ու հետեւողական լինել), սակայն արվեստին օդի պես անհրաժեշտ է անընդհատ հեղաշրջումներ անել: Եվ ակամայից ստացվել է այնպես, որ միակ հեղաշրջումը, որն այսօր նկատվում է, կատարվում է վիրտուալ տարածքում` ինտերնետում, որտեղ տեղադրվող արվեստի նախագծերը կամ դրանց մասին տեղեկությունները, շատ ավելի ակտուալ ու հետաքրքիր շարունակության են արժանանում, քան՝ երբ ներկայացվում են միապաղաղ սովետական ֆորմատով ու մեկ-մեկ էլ` պատասխանատու լրատվամիջոցների վերջին թողարկումների մեջ են հայտնվում` ոչինչ չտալով հանրությանը: Իրականում հիմա հանրային շրջանառության մեջ դրվում է հենց այն արվեստը, որն անցնում է բլոգների ու սոցիալական ցանցերի մաղով: Եվ այս դեպքում արվեստի կառավարչի դերը ստանձնում են բլոգերներն ու վիրտուալ նախաձեռնությունների հեղինակները: Հենց այստեղ` մոնիտորի վրա էլ խմորումներ ու համագործակցություն է տեղի ունենում: Անցյալ տարին ապացուցեց, որ միակ հանրային տարածքը հենց ինտերնետն է, որը որոշ ժամանակով ստանձնել է մշակութային անդերգրաունդի դերը: Այդ անդերգրաունդից ազատության հոտ է գալիս, եւ շատ երիտասարդներ հմայվում են այն ամենով, ինչը ազատ մշակութային տարածքում է հայտնվում: Սակայն ինտերնետային ոգեւորությունը կարող է ընդամենը ժամանակավոր բնույթ կրել (չէ՞ որ ցանկացած բան այս աշխարհում նույն շրջանակների մեջ մնալով` սկսում է ճահճանալ ու նեխել), հետագայում հարկ է լինում դուրս գալ ընդհատակից ու թատրոններում, թանգարաններում կամ էլ կինոժապավենի վրա վավերացվել: Հիմա նման անցումային փուլն է հասունացել: Ինչպես ասում են` գլոբալ ցանցը լոկալ հատվածների պետք է բաժանվի ու տեսանելի դառնա: Արվեստի նախագծերը շատ ավելի ակտուալ ու կենսունակ են դառնում, երբ պետական կապիտալից հեռու են մնում: Ասենք` բնակարաններում, նկուղներում են ձեւավորվում ու փոքր արտիստական տարածքների միջոցով միջավայր են ստեղծում:

Դեպի սովետականությունը հետ գնալու ճամփա արդեն չկա: Ու թեեւ առաջ գնալու փորձերը դեռ նոր են սկսվում, սակայն ակնհայտ է, որ պետական ծրագրի համաձայն` կենսունակ արվեստը ապատիայի մեջ նետելու փորձերը չեն կարող երկար տեւել: Հիմա բնակարաններում ցուցահանդեսներ են կազմակերպվում, փոքր ակումբներում համերգներ ու ներկայացումներ խաղացվում, փողոցում ակցիա-ցուցահանդեսներ են կազմակերպվում: Իսկ ամենաէժան ու հեշտ միջոցը գիրք գրելն ու ինտերնետում տեղադրելն է դառնում: Եվ որքան շատ լինեն նման փորձերը, այնքան կարժեւորվի արվեստը: Արվեստագետը` նույնպես: Իսկ մենք, որպես հանդիսատես ու արվեստի համամասնակից, շնորհակալ կլինենք:

Որպես գալիք տարվա մաղթանք՝ կարելի է ավելացնել` եկեք լրջորեն դիտարկենք արվեստի ուժը, որը պետք է բույսի պես տնկել, ջրել ու խնամել, պարբերաբար չորացած ու վնասված ճյուղերը հեռացնելով: Եվ հետո (միգուցե) այդ բույսը պտուղներ կտա: Իհարկե, կարող է պտուղ ընդհանրապես չլինել, սակայն դա չի նշանակում, որ պետք է արդեն իսկ ծաղկած պտղատու ծառը մեր հողի մեջ տեղադրել ու ձեւացնել, որ այն հենց այստեղ էլ հասակ է առել: Արվեստը թեեւ հիմնվում է երեւակայության վրա, սակայն երբեք չի խաբում: Արվեստը ամենաանկեղծ դաշտն է, որտեղ աճում են հենց այն բույսերը, որոնք պետք է աճեն: Եվ հողը տնտղելու, պարբերաբար պարարտացնելու գործը վաղուց արդեն պետք է սկսած լինեինք: Ասենք` դպրոցներից ու արվեստի բուհերից հեռացնելով այն անձանց, ովքեր արվեստի մասին են պատմում, սակայն իրենք արվեստ ստեղծելու ունակություններ չունեն: Կամ էլ հրաժարվելով մեծարել այն «արվեստագետներին», ովքեր ապրելով 21-րդ դարում, շարունակում են անցյալ դարի կաղապարների զոհը մնալ` վստահ լինելով, որ արվեստը սպասարկման ոլորտն է: