Եվա Ռիվասը հանվել է «Maxim»-ի համար

23/12/2010

Ներկայացնում ենք «Maxim» ամսագրի թղթակից Իգոր Չերսկու եւ Եվա Ռիվասի հարցազրույցը:

– Ա՜յ քեզ կին… Կարելի՞ է` անմիջապես հարցնեմ` որքա՞ն է քո հասակը:

– 190սմ, առանց բարձրակրունկների:

– Հիանալի է: Սակայն դու երեւի թե ժամանակ առ ժամանակ էլ բարձրակրունկ կոշիկներ ես կրում, որպեսզի վերջնականապես տապալես բոլորին:

– Ընդ որում, ոչ ցածրակրունկ, 20 սմ-անոց:

– Եվ ինչպե՞ս ես քեզ զգում այդ բարձրության վրա: Գլուխդ չի՞ պտտվում: Մարդիկ էլ, երեւի, շատ պստիկ-պստիկ են թվում:

– Հրաշալի եմ ինձ զգում: Առաջին հերթին՝ բոլորն անմիջապես ինձ նկատում են, եւ երկրորդ` ոչ մի տեղ չեն կոպտում:

– Բայց երեւի հեշտ չէ տղամարդու ընտրության հարցում, չէ՞ որ մենք այդքան բարձրահասակ չենք:

– Սովորաբար ոչ թե ես եմ ընտրում, այլ ինձ են ընտրում: Ընդ որում, ընտրում են ամենահամարձակները: Ես ոչ բարձրահասակ տղամարդկանց դեմ ոչինչ չունեմ: Ինձ համար կարեւոր են այլ որակները:

– Որո՞նք:

– Տղամարդը պարտադիր պետք է ինքնավստահ լինի, գումարած` մի քիչ խորհրդավորություն եւ հումորի զգացում ունենա:

– Դե, եթե տղամարդը քեզ մոտեցել է, ուրեմն նա հաստատ ինքնավստահ է: Իսկ դու ամուսնացա՞ծ ես, թե՞ դեռ փնտրտուքների մեջ ես:

– Ամուսնացած չեմ, սակայն փնտրտուքներս դադարեցված են, համենայնդեպս մոտակա 50 տարին: Իմ երկրորդ կեսին չեմ փնտրել, քանի որ բացարձակ լիարժեք եմ ծնվել, իսկ իմ նույնպիսի լիարժեք կյանքի տղամարդուն ես արդեն գտել եմ: Ճիշտն ասած, այդ նա է ինձ գտել:

– Բայց քանի դեռ ամուսնացած չես, մեր համարձակ ընթերցողը կարո՞ղ է գոնե փորձել ծանոթանալ քեզ հետ:

– Փորձել, իհարկե, կարող է: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ես փողոցներով չեմ քայլում, շվայտ կյանք չեմ վարում, ակումբներում հազվադեպ եմ լինում եւ ամբողջ օրն աշխատում եմ, կարելի է ասել, որ նրա՝ ինձ հանդիպելու հավանականությունը շատ քիչ է: Փոխարենը՝ դա կարող է լինել բոլորովին պատահական հանդիպում:

– Իսկ եթե հանկարծ քո ապագա ամուսինը ցանկանա, որ դու դադարես երգել եւ միայն տնային տնտեսուհի եւ մայր լինես, կհամաձայնե՞ս նման զոհաբերությունների գնալ:

– Անպայման կդառնամ աշխարհի ամենալավ մայրն ու տնային տնտեսուհին, եթե ամուսինս ապահովի ինձ տան ծառայողներով, անձնական խոհարարով, որպեսզի ես կարողանամ իմ ամբողջ ժամանակը հատկացնել ամուսնուս եւ ինձ: Իսկ առայժմ ես նախընտրում եմ ինքնուրույն կատարել տնային գործերը, եւ դա ինձ բացարձակ չի խանգարում:

– Հայ կանայք սովորաբար շատ համեղ են պատրաստում: Ո՞ր ճաշատեսակն է քեզ մոտ ամենալավը ստացվում:

– Ցանկացած ճաշատեսակ: Ինչ որ կկամենա իմ թանկագին ամուսինը, այն էլ կպատրաստեմ: Եվ դա կլինի ամենահամեղ ճաշատեսակը, որը նա երբեւէ փորձել է իր կյանքում: Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր հայ կին պետք է կարողանա տոլմա պատրաստել: Իսկ ես տոլմայի պատրաստման 15 եղանակ գիտեմ: Իհարկե, այնքան էլ չեմ սիրում դա անել: Չէ՞ որ պետք է այդ ամենը դեռ տերեւների մեջ փաթաթել…

– Ի՞նչ զգացումներ ունեիր «Եվրատեսիլում» 7-րդ տեղը գրավելիս:

– Ինքնաբավարարության խոր զգացում: Բացի այդ, ես ծնողներիս խոստացել էի, որ վերջին տեղը չեմ գրավելու, եւ արդարացրել եմ նրանց սպասումները:

– Պարզ է, որ ընթերցողը, միեւնույն է, չի կարդալու այս տեքստը, նա անդադար նայելու է միայն քո լուսանկարներին: Ուրեմն, բացիր գաղտնիքը եւ ասա, սրանք քո առաջի՞ն մերկ լուսանկարներն են:

– Իրականում սա իմ միակ մերկ լուսանկարների ֆոտոսեսիան է: Երբեք այս կերպ չեմ լուսանկարվել:

– Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ էիր խնդրել այդ մասին:

– Դե, իհարկե ամաչում էի: Էլ ի՞նչ պատճառներ կարող էին համեստ հայ աղջկան թույլ չտալ մերկ լուսանկարվել:

– Չեմ հասկանում: Գեղեցիկ կին ես, ինչի՞ց էիր ամաչում: Հոյակապ մարմին ունես, մեծ աչքեր…

– Շնորհակալ եմ:

– Ինչպիսի՞ թաքուն պահված տաղանդներ ունես, որոնց մասին մենք չգիտենք:

– Դե, 2 տարի է՝ բոքսով եմ զբաղվում: Դա որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է:

– Այն էլ ինչպե՜ս է հետաքրքրում: Շատ հետաքրքիր է: Գեղեցիկ աղջիկն ինչո՞ւ է բոքսով զբաղվում:

– Նախ, ես սիրում եմ սպորտը, որովհետեւ իմ մայրը Ռուսաստանի բասկետբոլի չեմպիոն է: Եվ երկրորդ, սիրում եմ բոքսը: Պարզապես ինձ դուր է գալիս:

– Կարո՞ղ ես կնոջ վրա ձեռք բարձրացնել:

– Կնո՞ջ: Ոչ, կնոջ վրա` դժվար թե: Դասընթացների ժամանակ պարզապես տանձիկին էինք հարվածում: Կարեւորն այն է, որ ինքնավստահություն ես ձեռք բերում, որ հարկ եղած ժամանակ կկարողանաս պաշտպանվել եւ հարվածել:

– Կարծում եմ, դու առանց բոքսի էլ կարող էիր դրանում չկասկածել: Ինչեւէ: Շատ մեծ երազանք ունե՞ս: Մենք սովորաբար հարցազրույցից հետո իրականացնում ենք ցանկացած երազանք:

– Այո, ունեմ: Ուզում եմ ամենաերջանիկ կինը լինել: Եվ պետք չէ այն իրականացնել, քանի որ ես արդեն իսկ ամենաերջանիկ կինն եմ աշխարհում:

Լուս.` Մ. ԿՈՐՈԼՅՈՎԻ
Ոճը` Ի. ՎՈԼԿՈՎԱՅԻ