Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
18.06.2003թ. աշխատանքի եմ անցել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես ավագ գիտաշխատող:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում աշխատելու ողջ ժամանակահատվածում աշխատանքային պարտականություններս կատարել եմ բարեխղճորեն, գործարանի համար առաջարկել եմ օգտակար, պրակտիկ բնույթի աշխատանքներ, եղել եմ ակտիվ եւ նախաձեռնող:
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 19.05.2010թ.-ին «Գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի միակողմանի լուծում» N334/6 հրամանով 20.05.2010թ.-ից միակողմանիորեն լուծել է ինձ հետ 19.02.2007թ.-ին կնքված N334 աշխատանքային պայմանագիրը:
Իմ աշխատանքից ազատման պատճառը հանդիսացել է 22.04.2010թ.-ին «168 Ժամ» թերթում տպագրված հոդվածը` ընկերությունում աշխատանքների կազմակերպման հարցերում տեղ գտած բացթողումների վերաբերյալ:
ՀՀ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ա. Կուբանյան) բավարարել է իմ հայցը ամբողջությամբ, վերականգնել է աշխատանքի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենը բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարան:
Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ինձ աշխատանքից ազատելու իրական պատճառը ոչ թե գաղտնիքներ հրապարակելու, այլ իմ ներկայացրած աշխատանքների մեջ է, որոնք ջրի երես են հանում մի շարք փաստեր, որոնք գործարանի ղեկավարությունը համարում է իրենց համար անցանկալի: Վերջին աշխատանքը ներկայացնելուց մեկ շաբաթ անց, առանց որեւէ քննարկման, ինձ ազատեցին աշխատանքից: Այդ աշխատանքը վերաբերում է քլորոպրենի արտադրամասին, որտեղ անցյալ տարի եղավ պայթյուն, եղան զոհեր: Գործարանի ղեկավարությունը այն ներկայացրեց որպես պատահականություն, անվտանգության կանոնների խախտման հետեւանք:
Դեռեւս 2008թ.-ին գործարանի ղեկավարությանը բազմիցս տեղյակ եմ պահել քլորոպրենի արտադրամասում եղած թերությունների եւ նրանց վերացման անհրաժեշտության մասին: 2008թ.-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներկայացրել եմ զեկուցագրեր քլորոպրենի արտադրամասի տեխնիկական թերությունների եւ նրանց վերացման ուղիների մասին, որոնց ներդրումը ծախսեր չի պահանջում, որոնք կարող են ապահովել տարեկան 2,6 միլիարդ դրամից ավելի օգուտ, 10 հազար տոննա կաուչուկի արտադրության դեպքում: Միաժամանակ կտրուկ բարձրանում է աշխատանքի անվտանգությունը:
Գործարանի ղեկավարության գործելաոճին ծանոթ լինելով՝ բազմիցս հիշեցրել եւ հետաքրքրվել եմ զեկուցագրերի ճակատագրով, սակայն ապարդյուն:
2009թ-.ի մայիսի 14-ին քլորոպրենի արտադրամասում հրդեհ բռնկվեց, եղավ պայթյուն, գործարանի չորս աշխատակիցներ զոհվեցին, գործարանը կրեց 1,5 միլիոն դոլարի վնաս (գլխավոր տնօրենի խոսքերով):
Միայն երեք ամիս հետո, 2009թ.-ի օգոստոսի 16-ին ներկայացված զեկուցագրերի հիման վրա գործարանում կայացավ տեխնիկական խորհրդի նիստ, որն առաջարկեց ներկայացնել առաջարկությունների փաթեթը հաշվարկներով: Հանձնարարության կատարման ընթացքում ինձ մի քանի անգամ զանգեց արտադրական տնօրենը եւ «խորհուրդ» էր տալիս չխորանալ եւ շատ չփորփրել: Զանգերից հետո չէի կարողանում ստանալ ինձ անհրաժեշտ տեղեկությունները:
Այնուամենայնիվ, 2010թ-.ի մայիսի 7-ին քլորոպրենային արտադրամասում թերությունների վերացման աշխատանքների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը ներկայացրի ղեկավարությանը: Հաջորդ օրը փորձեցին այն վերադարձնել, երբ չհաջողվեց, առաջարկեցին փոխզիջումային տարբերակ. կվերցնեն, եթե ներկայացված աշխատանքից չերեւա, որ գործարանի ղեկավարությունը պայթյունից դեռ կես տարի առաջ ստացել է գրավոր ահազանգեր, ինչն էլ ես ստիպված կատարեցի, կարեւորելով գործի շահերը:
Մեկ շաբաթ հետո ինձ հեռացրին աշխատանքից: Ոչ մի բան հաշվի չառան, ոչ գործարանի համար ներկայացված պրակտիկ բնույթի օգտակար աշխատանքները, ոչ իմ ուժերով եւ միջոցներով կահավորված լաբորատորիան, ոչ գրագետ մասնագետների պակասը:
Ի տարբերություն ընդհանուր շահերի, երբ խոսքը վերաբերում է անձնական շահերին՝ գործարանի ղեկավարությունը ցուցաբերում է ծայրահեղ զգուշություն, ինքնապաշտպանական բոլոր բնազդները միանգամից սրվում են ու արթնանում:
Աշխատանքից ազատելուց երկու ամիս հետո՝ 23.07.2010թ.-ին, ինձ հրավիրեցին գործարան, տեխնիկական խորհրդի նիստի, որտեղ իբր պետք է քննարկվեր այս աշխատանքը: Իսկ քննարկումն էլ իրենից ներկայացնում էր միայն հարցեր այն մասին, թե ո՞ւմ եմ ես համարում մեղավոր տեխնիկական թերությունների պատճառով գործարանի կրած 20 միլիարդ դրամ վնասի համար: Աշխատանքը ցույց էր տալիս, որ վթարը ուներ տեխնիկական պատճառներ: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, կոնկրետ ո՞ւմ եմ ես համարում մեղավոր, հարցնում էին ինձ եւ ցանկանում էին իմանալ այս աշխատանքի հետ կապված իմ հետագա ծրագրերի մասին:
Գլխավոր տնօրենը հենց այդ օրը ինձ պատասխանեց, որ ինձ աշխատանքից ազատելը ոչ մի կապ չունի թերթային հոդվածի հետ: Նույն բանն ասում էր նաեւ ազատման հրամանի տակ ստորագրած նրա տեղակալը:
Արդեն երկու տարի է, գործարանի ղեկավարությունը թաքնվելով տնտեսական ճգնաժամի եւ օբյեկտիվ պատճառների հետեւում, ամեն ինչ անում է, որ «Նաիրիտը» չաշխատի: Այն դեպքում, երբ «Նաիրիտի» հիմնական արտադրանք հանդիսացող քլորոպրենային կաուչուկն ու լատեքսները մեծ պահանջարկ ունեն միջազգային շուկայում եւ միշտ էլ ունենալու են, որովհետեւ ունեն կիրառական մեծ նշանակություն: «Նաիրիտի» հիմքի վրա կարող է վերակենդանանալ քիմիական գիտությունը, քիմիական արդյունաբերությունը եւ արդյունաբերության բազում այլ ճյուղեր: «Նաիրիտը» կարող է եւ պետք է աշխատի: Դա կարող է լինել միայն պետական միջամտությամբ: Ոչ մի անկախ երկիր զարգացում չի կարող ունենալ՝ առանց քիմիական արդյունաբերության եւ գիտության:
Պարոն Նախագահ, դիմում եմ Ձեզ՝ հուսալով, որ կբավարարվի իմ արդարության բնական զգացումը, եւ կվերականգնվի հավատը բարության եւ արդարության նկատմամբ:
Իշխան ԱՂԱՋԱՆՅԱՆ
քիմ. գիտ. թեկ.
20.12.2010թ.