Դեպրեսիայի պատճառով կքանդվեն տնտեսություններ

23/12/2010

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է դեպրեսիա հիվանդության մասին վիճակագրական տվյալների ուսումնասիրություն, որը բավական մտահոգիչ է: Կազմակերպությունը դեպրեսիան համեմատում է համաճարակի հետ, որը մեծ թափով տարածվում է տարեցտարի: Համաձայն ԱՀԿ գնահատականի` դեպրեսիան աշխարհում ճանաչվել է որպես մարդկանց անաշխատունակության առաջին պատճառ: Ավելին` ԱՀԿ-ի մասնագետները ահազանգում են` «Եթե համապատասխան միջոցառումներ չձեռնարկվեն, ապա 2020թ. դեպրեսիան կքանդի, կխաթարի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների տնտեսական բնականոն զարգացումը»: Յուրաքանչյուր տարի աշխարհում 150 միլիոն մարդ կորցնում է աշխատունակությունը դեպրեսիա հիվանդության պատճառով: Ըստ ԱՀԿ զեկույցի` այդ հիվանդությունը վերջին տարիներին միայն ԱՄՆ տնտեսությանը տարվա կտրվածքով 50 մլրդ դոլարից ավելի վնաս է հասցրել: Տնտեսության նմանատիպ կորուստը բացատրվում է նաեւ այսպես. 290 միլիոն աշխատանքային օրվա կորուստ, նույնքան հոգեթերապեւտիկ օգնություն եւ աշխատունակության նիշի նվազում: ԱՀԿ կանխատեսումներով՝ 2020թ. դեպրեսիան գերազանցելու է ներկայումս ամենաշատ տարածված, առաջին եւ երկրորդ տեղերում գտնվող ինֆեկցիոն եւ սրտային հիվանդություններին եւ համարվելու է մարդկության համար ամենավտանգավոր առաջին հիվանդությունը: Ի դեպ, նշենք նաեւ, որ համաձայն ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի տվյալների` Ամերիկայում դեպրեսիայով տառապում է 15 մլն մարդ: Հետազոտական այլ հեղինակավոր կենտրոններն այդ թիվն ավելի բարձր են գնահատում: Նաեւ հետաքրքիր է այն փաստը, որ հիվանդներին հակադեպրեսանտների 80%-ը տրամադրում են ոչ թե հոգեբույժները, այլ` ընդհանուր պրակտիկայի բժիշկները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր զեկույցում նշում է, որ հետազոտված անձանց շրջանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպրեսիա հիվանդության ախտորոշումը մարդու մոտ այլ հիվանդությունից մահանալու կրկնակի ռիսկ է առաջացնում: