Ասսանժը վաճառել է իր չգրած մեմուարները

23/12/2010

«Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժն իր դեռեւս չգրած հուշերը վաճառել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի երկու հրատարակչություններին: Անգլիայում Ասսանժի հուշագրությունը կհրատարակի «Canongate», իսկ ԱՄՆ-ում` «Knopf» հրատարակչությունը: Տեղեկությունը «witter» ցանցում տարածել է իսպանական «Random House Mondadori» հրատարակչության գրական բաժնի ղեկավար Կլաուդիո Լոպեսը: Նա գրել է, թե մեմուարները հայտնվելու են 2011թ. մարտին: Ի դեպ, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դեկտեմբերի 21-ին իր կայքում տեղադրել է «Wikileaks»-ի հայելային կրկնօրինակը: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ wikileaks.rsf.org հասցեով «Wikileaks» հայելային կայքի տեղադրումը համերաշխության խորհրդանիշ է, իսկ օրենքի խախտմամբ փաստաթղթեր ստանալու բոլոր մեղադրանքներն անընդունելի են, եթե այդ փաստաթղթերի հրապարակումը ծառայում է հասարակության շահերին եւ ապահովում է տեղեկատվություն ստանալու իրավունքը: Կազմակերպությունը նաեւ նշում է, որ «Wikileaks»-ի բովանդակության անընդունելի փոփոխության դեպքում աջակցությունը կդադարեցվի: