Հիասթափված են

21/12/2010

ԵԱՀԿ գագաթաժողովի ամենամեծ հիասթափությունը, թերեւս, այն էր, որ Հայաստանը, չնայած սպասումներին, Ադրբեջանին չի զիջել գոնե 2 տարածք: Նման կարծիք է հայտնել «Heritage Foundation»-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով փորձագետ Արիել Քոհենը: «Գագաթաժողովը ցույց տվեց ԵԱՀԿ-ի՝ որպես խաղաղությանը եւ անվտանգությանն աջակցող կազմակերպության հնարավորությունների սահմանները, քանի որ կազմակերպությունը, որն աշխատում է կոնսենսուսի, այլ ոչ թե ձայների մեծամասնության հիման վրա որոշումներ ընդունելու սկզբունքով, սահմանափակ ռեսուրսներ ունի»,- ասել է Քոհենը: Նրա խոսքով, սակայն, Աստանայի գագաթաժողովը թե Հայաստանի, թե Ադրբեջանի նախագահների կողմից օգտագործվեց որպես փոխադարձ մեղադրանքների համար հրապարակ: «Ցավոք, 2011թ. ԼՂ հակամարտության շուրջ կանխատեսումն անմխիթար է: Դժվար թե հակամարտությունը բեկման հեռանկար ունենա, առավել եւս, որ այնպիսի հիանալի հնարավորություն, ինչպիսին ԵԱՀԿ գագաթաժողովն էր, բաց թողնվեց»,- նշել է նա: Քոհենի կարծիքով` ԱՄՆ-ը 2011թ. ավելի քիչ ուշադրություն կդարձնի չլուծված հակամարտություններին. «Ուստի դժվար լուծելի հակամարտությունները, որոնցում Վաշինգտոնի համար անհապաղ քաղաքական եւ PR դիվիդենտներ ստանալու հեռանկարները մեծ չեն, եւ ազգային անվտանգության սպառնալիքը սահմանափակ է, ամերիկյան վարչակազմի համար հատկապես երկրի տնտեսական դժվարությունների ֆոնին դրանք քիչ դեր կունենան»: