Հուսախաբ չանեք

21/12/2010

Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանը երկուշաբթի օրը պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները եւ երդվեց գործել ի բարօրություն Երեւանի բնակիչների: Քաղաքապետի երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: «Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- երդման արարողության ժամանակ խոստացավ Կ. Կարապետյանը: Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը` ասելով, թե ինքը հուսով է, որ Կ. Կարապետյանը «միշտ ականջալուր կլինի Արգիշտի արքայի խրոխտ ձայնին»: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմելով Կ. Կարապետյանին, հորդորեց արդարացնել բոլորի հույսերը եւ հուսախաբ չանել. «Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարո՛ն Կարապետյան, մաղթում եմ, որպեսզի Դուք արդարացնեք բոլորիս հույսերը եւ հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ: Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների եւ մոտեցումների մասին, որ պետք է դրսեւորի պետական պաշտոնյան: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին ասելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պարզապես պետք է արդյունքներն ի մի բերենք` մենք կարողանո՞ւմ ենք արդյոք դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում: Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա մենք ի վիճակի ենք մեր երկիրն առաջ տանելու»: