ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի որոշ դրույթներ հաճելիորեն զարմացրել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին: «Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ նախագահը խոսում է Եվրամիության հետ հարաբերությունների մասին, երբ համապատասխան հայտարարություններով հանդես է գալիս ՌԴ ղեկավարը: Այսինքն, այդ իմաստով կարծում եմ, որ Ս. Սարգսյանը միայն հանդես է գալիս իրավիճակային հայտարարություններով»,- ասել է նա: «Այժմ պարզվում է, որ ամեն ինչում, սկսած ցուցափեղկերից մինչեւ իրավական պետություն, մեզ համար ուղենիշ են եվրոպական արժեքները»,- ասել է Սաֆարյանը` ընդգծելով նախագահի տվյալ մոտեցումը, որը լիովին համահունչ է «Ժառանգութան» դիրքորոշմանը: «Առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես են կառավարող կոալիցիան եւ ՀՀԿ-ն, «Ժառանգության» հետ միասին, շարժվում այդ ուղղությամբ»,- հավելել է նա: