Որքանո՞վ է երջանկացնում ԱՎԾ-ն

21/12/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է երկրի մակրոտնտեսական վիճակին վերաբերող՝ այս տարվա վերջին ցուցանիշները։ Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Քանի որ 2010թ. 12 ամիսներին վերաբերող ամբողջական հրապարակումը կլինի արդեն հաջորդ տարի, կարելի է ասել, որ ԱՎԾ-ն ամփոփել է անցնող տարին։ Համախառն ներքին արդյունքն, ինչպես արդեն նշեցինք, նախորդ տարվա 11 ամիսների համեմատ աճել է 2.6%-ով։ Ինտերնետային լրատվամիջոցները երեկ անդրադառնալով վիճակագրական այս ցուցանիշներին՝ նկատել էին, որ ամսվա կտրվածքով (նոյեմբեր ամիսը՝ հոկտեմբերի համեմատ) ՀՆԱ-ն նվազել է 5.3%-ով։ Դա, սակայն, այնքան էլ սարսափելի ցուցանիշ չէ։ Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների վիճակագրությունը, նոյեմբեր ամիսն առանձնապես աչքի չի ընկնում ակտիվությամբ։ Նոյեմբերյան ՀՆԱ-ն հոկտեմբերի համեմատ, օրինակ, 2009թ. նվազել է 6.4%-ով, 2008-ին՝ 30.6%-ով, 2007-ին՝ 17%-ով։ Սակայն սա չի նշանակում, թե ամեն ինչ փայլուն է։ Կարելի է ենթադրել, որ տարվա ամփոփիչ տվյալներով, 2010թ. ՀՆԱ-ի աճի տեմպը մեծ փոփոխություններ չի կրի եւ ամեն դեպքում 2%-ից ցածր չի լինի։ Իհարկե, եթե նկատի ունենանք, որ այն երկու անգամ գերազանցում է 2010թ. բյուջեով նախատեսված 1.2% աճի ցուցանիշը, կարելի է համարել, որ ունենք առաջընթաց։ Սակայն պետք չէ մոռանալ, որ համախառն ներքին արդյունքը 2.6%-ով աճել է ճգնաժամայի՛ն տարվա համեմատ։

Երկրորդ կարեւոր նրբերանգն այն է, թե ինչի՛ հաշվին է ՀՆԱ-ն աճել։ Շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտները անկում են ապրել անգամ ճգնաժամային տարվա համեմատ, համապատասխանաբար, 3.8 եւ 14.5 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքը աճել է 9.8%-ով։ Այս դինամիկան մեր իշխանությունները փորձում են ներկայացնել դրական գույներով, այն տեսանկյունից, որ տնտեսությունը դիվերսիֆիկացվում է, եւ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում փոքրանում է՝ տեղը զիջելով արդյունաբերությանը։ Այս պնդումների հեղինակներին բավական է հիշեցնել ռուսաստանաբնակ հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեգյանի խոսքերը. «Այո, շինարարությունը չի վերականգնվել, այն նախկինի պես անկում է ապրում։ Բայց դա շատ վատ է։ Ի՞նչ պարծենալու բան կա այստեղ. ոչ մի։ Արդյունաբերությունն իրոք աճել է 2010թ.։ Սակայն դա էլ հիմնականում եղել է հանքարդյունահանման ոլորտի հաշվին։ Ավելի ճիշտ` մետաղների գների թանկացման հաշվին։ Բայց դա ներքին աճ չէ» (սա մի հատված է Աղանբեգյանի հետ «168 Ժամի» այս տարվա հարցազրույցից, որը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ)։

Եվ վերջապես, ՀՆԱ-ի աճի հետ կապված երրորդ հանգամանքը։ Համախառն ներքին արդյունքի աճը ինքնանպատակ չէ. այն իմաստ ունի, երբ դրանից օգտվում է ողջ հասարակությունը։ Այսինքն՝ երբ եկամուտների սուր բեւեռացում չկա, եւ տնտեսական աճի բարիքներից չեն օգտվում միայն մի խումբ մարդիկ։ Տեղին է հիշել, որ երկու տարի առաջ, օրինակ, Բութանը ընդունել է նոր սահմանադրություն, ըստ որի՝ կառավարության բոլոր ծրագրերը գնահատվելու են ոչ թե տնտեսական ցուցանիշներով, այլ այն չափանիշով, թե որքան երջանկություն են դրանք բերում մարդկանց։ Միգուցե սա չափից դուրս ռոմանտիկ մոտեցում է, սակայն իմաստն այն է, որ չի կարելի մարդկանց կերակրել թվերով եւ ստիպել ուրախանալ ցուցանիշներով։

Ասվածի վառ օրինակն է, որ տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրելուց հետո՝ մեր երկրում, անգամ պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է (Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2010թ., ԱՎԾ)։ Օրինակ՝ ինչո՞ւ պետք է ուրախանան հայաստանցիները, եթե միջին անվանական աշխատավարձերը, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 7.2%-ով, իսկ գները՝ ավելի քան 9 տոկոսով։

Ինչ վերաբերում է տնտեսական մյուս ցուցանիշներին, ապա այստեղ էլ հակասություններ կան։ Այսպես՝ արդյունաբերությունն աճել է, ներմուծումն աճել է, բնակչության եկամուտներն աճել են, սակայն մանրածախ առեւտրաշրջանառությունը գրեթե փոփոխություն չի կրել՝ ընդամենը կես տոկոս աճ։ Սա ՀԴՄ-կտրոններով խաղարկության էֆեկտի ֆոնին խոսում է ստվերի չափերի մեծացման մասին։

Գործազուրկների թիվը կազմել է 81 հազար մարդ, որը 2.4%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Սակայն այս ցուցանիշի վրա կենտրոնանալ իմաստ չունի, քանի որ խոսքը վերաբերում է միայն պաշտոնապես գրանցված գործազուրկներին։ Պետական կառույցների ներկայացուցիչներն իրենք էլ են խոստովանում, որ գործազրկության մակարդակն իրականում մի քանի անգամ բարձր է պաշտոնական 7%-ից։

Անդրադառնանք նաեւ արտաքին հատվածին։ Արտահանումն աճել է 41.2%-ով եւ կազմել 896 միլիոն դոլար։ Ներմուծման աճի տեմպն ավելի ցածր է՝ 14.2%, սակայն բացարձակ մեծությամբ այն մի քանի անգամ գերազանցում է արտահանումը՝ 3 միլիարդ 370 միլիոն դոլար։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն, այսպիսով, կազմում է 2 միլիարդ 474 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալներով կազմում էր 2.322 միլիարդ դոլար։ Մի խոսքով, արտաքին առեւտրի բնագավառում էլ պարծենալու տեղ, մեծ հաշվով, չունենք։

Այս ամենի հիման վրա՝ յուրաքանչյուրն ինքը կարող է իր համար որոշել՝ որքանո՞վ է արդյունավետ աշխատել կառավարությունը։ Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ միայն պաշտոնական վիճակագրության հիման վրա լուրջ եզրակացություններ անել չի կարելի։