Դատարկ աթոռ, որն այնքան լիքն է իմաստով

21/12/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«Դո՛ւք եք Ձեր երեխաների համար լավագույն օրինակը»: Ծնողներին ուղղված այս հորդորը` համապատասխան տեսաշարով սոցիալական գովազդը, «Վիվա Սել»-ի գովազդային ամենահաջող նախագծերից մեկն է: Եթե դու զայրացկոտ նեղմիտի մեկն ես, մեքենաների ազդանշանները համարում ես անձիդ ուղղված մահացու վիրավորանք, մի՛ սպասիր, որ երեխադ բարեկիրթ ու զուսպ լինի: Եթե զիջում ես տարեց եւ հիվանդ մարդկանց, հարգանքով ես վարվում ծնողներիդ հետ, նույնը կարող ես ակնկալել քո երեխաներից: «Դո՛ւք եք Ձեր ենթակաների եւ հասարակության համար լավագույն օրինակը»: Իշխանություններին ուղղված նման հորդորով գովազդային հոլովակներ մեր եթերում չկան: Թեեւ իզուր: Իրենց ենթականերից, հասարակությունից օրինապահություն ակնկալող ղեկավարներն առաջինն իրենք պետք է օրինապահության նմուշ լինեն: Հակառակ դեպքում նրանց ելույթները, ձեւաբանության եւ շարահյուսության բոլոր կանոններով կազմված տեքստերը արժեք չեն ունենա: ՀՀԿ 20-ամյակին կուսակցության առաջնորդի, ով նաեւ երկրի նախագահն է, ելույթի ֆաբուլան, այսինքն` փաստագրական մասն, իհարկե, համեմված էր որոշակի չափազանցություններով, սակայն հիմնականում համապատասխանում էր իրականությանը: Ներկայացվեց կուսակցության ստեղծման պատմությունը, նրա ղեկավարներին, ովքեր այլեւս չկան, Սերժ Սարգսյանը հիշատակեց միմիայն գերադրական ածականներով` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան: Սակայն, եթե ելույթի այդ մասը մարդկայնորեն կարելի էր հասկանալ, ապա ուռճացված թիկնազոր ունենալու անթույլատրելիության, կոռուպցիայի վտանգների, ՀՀԿ-ականների` հասարակության առաջ ունեցած պատասխանատվության մասին խոսքերը որեւէ հիմնավոր օրինակով հաստատելը բավական դժվար է: Եթե ետ գնանք եւ լսենք նախագահի նախկին ելույթները, ապա նրանց բոլորի բովանդակությունն, ըստ էության, նույնն է: Ժամանակ առ ժամանակ փոփոխվում է այդ ելույթները լսող եւ դրանց ծափահարողների կազմը, ինչպես տեսանք ՀՀԿ-ի 20-ամյակի հավաքույթին: Սակայն այդ ելույթներից հետո կյանքի որակը չի լավանում, իսկ թիկնապահներով շրջելու գայթակղությունը շատ մեծ է: Օրինակ, երբ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի ղեկավարն աշխատանքի է գնում հեծանիվով, նախաճաշում է խորհրդարանի հարեւանությամբ գտնվող սրճարանում, սեփական օրինակով իր երկրի քաղաքացիներին հորդորում է վարվեցողության որոշակի կանոններ: Տնտեսվում է նաեւ ժամանակ. անհրաժեշտություն չի առաջանում այդ թեմայով ելույթ պատրաստել եւ ներկայացնել հասարակությանը: Նախագահն անդրադարձավ, ավելի ճիշտ` հերքեց այն մտայնությունը, թե Հայաստանում ամեն ինչ կփոխվի միմիայն իշխանափոխությունից հետո, երբ իշխանության ղեկին լինի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ ուրիշը: Ինչ-որ իմաստով այդպես է: Սակայն երկրի այս ճգնաժամային վիճակի համար նախագահի անձնական պատասխանատվության, մեղավորության բաժինը եւս կա: Լայնախոհությունն ու սեփական քաղաքական թիմի թերությունները նկատելն ու դրանք վերացնելը հասարակությունը կգնահատի ավելի, քան, երբ ապօրինաբար, կեղծված ընտրությունների միջոցով քաղաքապետ է նշանակվում մի օլիգարխ, կարճ ժամանակ հետո նրան ազատում են պաշտոնից այն գիտակցությամբ, թե հասարակությանը մեծ նվեր է մատուցվել: Առհասարակ, ամենագնահատելին սեփական անձի հանդեպ ունեցած հաղթանակն է:

Երկրի նախագահն իր ելույթում նկատեց նաեւ, թե ընտրությունների մոտենալուն զուգահեռ` հաճախակի են հնչում գնահատականներ իշխող կոալիցիայի ներսում տիրող անառողջ մթնոլորտի` փոխադարձ խանդի, մրցակցության մասին: «Իսկ ոմանք անգամ հանդիսավորապես գուժում են կոալիցիայի տրոհումը: Անլուրջ զրույցներ մեկնաբանելը մեր խնդրից դուրս է»: Սակայն, այնուամենայնիվ, թե՛ երկրի նախագահը, թե՛ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձան «անլուրջ զրույցներին»: «Վերջնագիր» բառը յուրաքանչյուրը կարող է յուրովի ընկալել: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերոջը վերջնագիր չի ներկայացրել, սակայն ներկայացրել է իր պահանջները: Թե որո՞նք են այդ պահանջները, բարձրաձայն չասվեց: Գլխի ընկնելն էլ դժվար չէր: ԲՀԿ ղեկավարն էլ լակոնիկ ներկայացրեց իր ասելիքը` ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գալ չի պատրաստվում: Առավել եւս` չի պատրաստվում ետ կանչել իր նախարարներին, մասնավորապես` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Առհասարակ, օլիգարխների եւ երկրի առաջին դեմքերի փոխհարաբերությունը շատ նուրբ է: Օլիգարխները, որպես կանոն, լուռ սպասարկում են իշխանություններին` ստանալով ազատ գործելու հնարավորություն: Սակայն մի փոքր անզգուշություն, եւ օլիգարխը հանգիստ կարող է դիմել երկրի նախագահին այն տոնով, ինչպես դա օրերս արեց գործարար Բորիս Բերեզովսկին` պատասխանելով իրեն «գող» անվանած ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Օլիգարխը պարզապես հիշեցրեց, որ 1999 թվին ինքը Պուտինին նախընտրական ծախսերի համար տվել է 25 միլիոն դոլար. «Եթե նա նախընտրական արշավում օգտագործել է կեղտոտ փողեր, ուրեմն նա կեղծ նախագահ է»: Կարելի է շատ հղումներ անել երկրի նախագահի ելույթին: Մասնավորապես` «Անբարեխիղճ պաշտոնյան չի կարող տեղ ունենալ երկրի կառավարման համակարգում»: Որ ընտրությունները պետք է լինեն միմիայն ազնիվ, եւ խորհրդարան պետք է մտնի միայն արդար ընտրություններում ձայներ հավաքած կուսակցությունը, որ ՀՀԿ-ին ժողովուրդը տվել է իր վստահության քվեն եւ այլն, եւ այլն: Ինչո՞ւ են ասվում մտքեր, որոնք այնքան վիճարկելի են եւ քննադատությանը չդիմացող: Այսպես ավելի է ընդգծվում այն մեծ տարբերությունը, որ նկատվում է երկրի ղեկավարների խոսքում եւ գործում: Ավելի դիպուկ կլիներ այդ թեմաներով լռելը:

Հ.Գ. BBC-ն օրերս ֆիլմ ցուցադրեց` նվիրված այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակակիր չին պատմաբան, գրող եւ իրավապաշտպան Լյու Սյաոբոյին: Խիստ տպավորիչ էր մրցանակի հանձնման արարողությունը: Այդ միջոցին մրցանակակիրը հազարավոր կիլոմետրերով հեռու էր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյից. նա Պեկինի բանտերից մեկում էր: Ավանդական նոբելյան ելույթի փոխարեն՝ ներկաները լսեցին Լյու Սյաոբոյի խոսքերը` արտաբերված իր դատավճռի ընթերցումից հետո. «Ես չունեմ թշնամիներ, ես ոչ մեկին չեմ ատում: Ատելությունը կարող է մթնեցնել մարդու բանականությունն ու խիղճը»: Նոբելյան կոմիտեի նախագահը մրցանակակրի դատարկ աթոռին դրեց դիպլոմն ու մեդալը: Դատարկ այդ աթոռն այնքան լիքն էր իմաստով: Ի տարբերություն շատ այլ աթոռների, որոնք բավականաչափ դատարկ են, սակայն զբաղված են: Ընդ որում` անբարեխիղճ պաշտոնյաների կողմից: