2010թ. դեկտեմբերի 12-15-ին «APR Group» հետազոտական կենտրոնի կողմից սոցիոլոգիական ուսումնասիրություն է իրականացվել, որի նպատակն էր պարզել, թե ինչպե՞ս են Երեւան քաղաքի բնակիչները վերաբերվում պաշտոնյաների պաշտոնանկ լինելու «առաջին ալիքի» գործընթացներին` Երեւանի քաղաքապետի հրաժարականին ու ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնանկությանը:
Ըստ հետազոտության արդյունքների` հարցված երեւանցիների 74.3%-ը դրական է գնահատում վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, 16%-ը քննադատում է դրանք, 8.8%-ը դժվարացել է տալ որոշակի գնահատական, իսկ 0.9%-ը չի ցանկացել պատասխանել այդ հարցին: Ընդհանուր իրավիճակի գնահատումից որոշակիորեն տարբերվում է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ՀՀ նախագահի կողմից ձեռնարկված քայլի ընկալումը քաղաքացիների կողմից: Այն դրական է գնահատել հարցվածների 81.7%-ը` համարելով, որ պաշտոնական դիրքի չարաշահումն, անշուշտ, պետք է պատժվի, իսկ բացասական` 14.7%-ը: Տվյալ հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 3.6%-ը:
Հաջորդ հարցով փորձ է արվել պարզել երեւանցիների կարծիքն այն հարցի շուրջ, թե ինչի՞ն են ուղղված այդ վերջին իրադարձությունները (պաշտոնյաների հրաժարականներն ու պաշտոնանկությունը): Եվ այսպես, հարցվածների 37.7%-ը կարծում է, որ այդ իրադարձություններն ուղղված են պաշտոնյաների շրջանում կարգ ու կանոնի ամրապնդմանը, 20.6%-ը գտնում են, որ դրանք կրում են ձեւական բնույթ, 20.6%-ը կարծում է, որ այդ իրադարձությունները «պաշտոնյաների միջեւ ներքին հարաբերությունների պարզաբանման միջոց են», իսկ ըստ 16.9% հարցվածների` դրանք ուղղված են երկրի նախագահի դիրքի ամրապնդմանը (ռեյտինգի բարձրացմանը): Հարցվածների 0.4%-ը տվել է «Այլ պատասխան»: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 3.8%-ը: Ինչեւէ, պետք է նկատել, որ հարցվածների մոտ մեծ է ցանկությունը հավատալու, որ վերջին իրադարձություններն իրոք ուղղված են պաշտոնյաների շրջանում կարգ ու կանոնի ամրապնդմանը:
Հարցվածների 34%-ը՝ լիովին, իսկ 36.9%-ը որոշ չափով է համամիտ այն մտքի հետ, որ «ՀՀ իշխանություները սկսել են պայքարել պաշտոնյաների կամայականությունների դեմ»: Այս մտքի հետ որոշ չափով չի համաձայնել հարցվածների 11.6%-ը, իսկ 17.1%-ը բոլորովին համամիտ չէ:
Կամայականությունների եւ անկարգությունների դրսեւորումները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Ու թեեւ «կարգ ու կանոն» հասկացությունն ինքնին ունի բազմաթիվ մեկնաբանություններ եւ ընկալումներ, այնուամենայնիվ, ուսումնասիրության շրջանակներում փորձ է արվել պարզել, թե ՀՀ երեք նախագահներից ո՞վ է ավելի մեծ դերակատարում ունեցել երկրում կարգ ու կանոնի հաստատման գործում: Հարցվածների պատասխանները հետեւյալն են`
Սերժ Սարգսյանը – 39.9%,
Ռոբերտ Քոչարյանը – 23.4%,
Լեւոն Տեր-Պետրոսյանը – 5.4%,
Բոլորը – 2.9%,
Ոչ մեկը – 26.8%
Դժվարացել են պատասխանել -1.5%։
Անշուշտ, անհերքելի է այն փաստը, որ մեր երկրում կարգ ու կանոնի հաստատման պահանջը զգալի է: Սակայն հետազոտության ընթացքում փորձ է արվել պարզել նաեւ երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրները, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում: Ստացված պատասխանները ներկայացված են հետեւյալ հիմնական խմբերով`
– Զբաղվածություն. աշխատատեղերի ստեղծում,
– Եկամուտ` ա) կենսաթոշակի եւ բ) աշխատավարձի բարձրացում,
– Իրավունքների պաշտպանության, օրենքների գերակայության, արդար դատական համակարգ, կոռուպցիայի նվազեցում,
– Սոցիալական խնդիրների լուծում,
– Խաղաղություն եւ ներքին քաղաքական կայունության հաստատում։
Իսկ թվային պատկերը հետեւյալն է.
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հարցվողներից շատերը «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» տարբերակը խնդիրների շարքում լսելիս արտահայտել են իրենց զայրույթն ու ձանձրույթը. «Զզվացրին», «Այդ հարցը դարձրել են խաղալիք. երբ իրենց պետք է, հիշում են», «Դա չլուծվող խնդիր է, որը ժամանակ առ ժամանակ արհեստականորեն թեժացնում են, որ ի՞նչ…»:
Ուսումնասիրության շրջանակներում փորձ է արվել պարզել նաեւ նախագահի հավանական թեկնածուների վարկանիշները: «Եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք» հարցի շուրջ ստացվել են հետեւյալ պատասխանները.
Սերժ Սարգսյան` 30.1%,
Գագիկ Ծառուկյան` 16.6%,
Րաֆֆի Հովհաննիսյան` 9.8%,
Ռոբերտ Քոչարյան` 5.1%,
Լեւոն Տեր-Պետրոսյան` 3.5%,
Վահան Հովհաննիսյան` 1.7%,
Վազգեն Մանուկյան` 1.2%,
Տիգրան Կարապետյան` 0.3%:
Նշենք, որ ցանկում ընդգրկված են եղել նաեւ այլ քաղաքական գործիչների անուններ, սակայն հարցվողները նրանցից որեւէ մեկին չեն նշել: Հետեւաբար ներկայացնում ենք այն անունները, որոնք «ձայն են հավաքել»: Իսկ նույն հարցման «Այլ պատասխան» տարբերակով ստացվել է նաեւ հետեւյալ պատասխանը` Տարոն Մարգարյան` 0.9%: Հարցվողների 0.9%-ը նշել է, որ ընտրությունների չի գնա, 2.1%-ը պատասխանը գաղտնիք է համարել եւ հրաժարվել է պատասխանել, 7.0%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 20.7%-ը նշել է «Բոլորին դեմ եմ» տարբերակը: Հարկ ենք համարում ընդգծել, որ բոլորին դեմ լինելու 20.7% ցուցանիշը ամենաբարձրն է մեր կողմից իրականացված բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալների մեջ: Դա «ապսենտիզմի» բարձր ցուցանիշ է հանդիսանում: Իսկ հետեւություններն այն մասին, թե ինչ ազդեցություն են ունեցել վերջին ժամանակներում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները (պաշտոնյաների հրաժարականներն ու պաշտոնանկությունը) նախագահի հավանական եւ, առաջին հայացքից, ոչ հավանական թեկնածուների վարկանիշերի վրա, թողնում ենք ընթերցողին:
Հետազոտությունը անց է կացվել «APR Group» հետազոտական կենտրոնի կողմից Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Հարցման մեթոդը հեռախոսային հարցումն է: Հարցման է ենթարկվել 663 հարցվող, ինչը թույլ է տվել ապահովել հետազոտության տվյալների ՞ 4% ճշգրտություն:
APR Group