Վարչապետը` նախագահ

21/12/2010

Այս օրերին ՀՀ-ում բուհերի նոր Խորհուրդների ձեւավորման գործընթացներ են տեղի ունենում: Երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում Խորհրդի նիստ տեղի ունեցավ, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրակարգում Խորհրդի նախագահի ընտրության հարցն էր: Նիստը վարում էր Խորհրդի անդամ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ներկայացրեց Խորհուրդների ձեւավորման կարգը, այնուհետեւ առաջարկեց Խորհրդի նախագահի թեկնածուներ առաջադրել: Առաջադրվեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի թեկնածությունները: Բաց քվեարկություն տեղի ունեցավ, որի արդյունքում 26 կողմ ձայներով Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը հղեց իր օրհնության խոսքը, որից հետո ամփոփվեցին համալսարանի Խորհրդի նախագահի ընտրության արդյունքները: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, արվեստագիտության դոկտոր Հ. Հակոբյանը Տ. Սարգսյանին հանձնեց խորհրդանշական շքանշանը: Վերջում ելույթ ունեցավ Տ. Սարգսյանը։ «Ինչպիսին կլինի կրթական համակարգը` այնպիսին էլ կլինի մեր ապագան, փորձելու եմ ամեն ինչ անել մանկավարժական համալսարանի ողջ ներուժը համախմբելու եւ համալսարանի դերը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Սիլվա ԱՍՐՅԱՆ