Եվ տոնածառ ենք ունենում, եւ օրենք չենք խախտում

21/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը հայաստանցիներին առաջարկում է որպես Նոր տարվա խորհրդանիշ օգտագործել կենդանի եղեւնիներն ու սոճիները, որոնք իրենց բուրմունքով ու տեսքով բնակարաններում ու գրասենյակներում իրական ու վաղանցիկ տոնի պատրանք են ստեղծում: Բնականը միշտ էլ արհեստականից գերադասելի է, քանի որ թարմ անտառային երանգ է ներմուծում մեր բնակարաններ: Հիմնադրամը, որն իր գործունեության տարիների ընթացքում միշտ մեծ ուշադրություն է դարձնում էկոլոգիական խնդիրներին ու սոցիալական պատասխանատվությանը, առաջարկում է կենդանի ծառերն օգտագործել ոչ թե բարբարոսաբար (կտրած ծառ գնելով, այնուհետեւ` մեկ ամիս անց աղբանոցը այն նետելով), այլ` խելամտորեն: Ցանկացած մարդ կարող է այցելել հիմնադրամի գրասենյակ ու գնել (կամ էլ վարձակալել) հողով լի զամբյուղում տնկած կենդանի տոնածառները: Այդ քայլով հիմնադրամը փորձում է հուշել քաղաքացիներին, որ ցանկացած որոշում (նույնիսկ աննշան թվացող) կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի էկո-համակարգի խնդիրների լուծման համար: Ամանորյա տոներից հետո հիմնադրամի աշխատակիցները ետ ստանալով ծառերը` տնկելու են դրանք քաղաքի փողոցներում ու դպրոցների բակերում: Նույնը կարող են անել նաեւ ծառերի ժամանակավոր տերերը, որոնք գարնան գալստյան հետ` եղեւնիներով կարող են զարդարել իրենց տան շրջակայքը` այդ քայլով փոքր-ինչ ավելացնելով թթվածնի պաշարները: Մշտադալար տոնական ծառերի վարձակալությունն արժե 15 հազար դրամ, իսկ գնելու դեպքում` հարկ է 20 հազար վճարել (ներառյալ առաքումը): Ի դեպ` մեր քաղաքում հայտնվող «գլխատված» (այսինքն` արմատազերծված) տոնածառերի գինն ավելի բարձր է, քան կենդանի «կանաչ գեղեցկուհիներինը»: Եվ այդ պարագայում կենդանի ծառը կարող է ոչ միայն լավ գնում համարվել, այլեւ` գնորդին վստահություն ներշնչել, որ նրա ձեռքբերած ծառի կյանքը չի ընդհատվի, այլ` շարունակություն կստանա բնության մեջ: Շատ հաճախ բնական ծառ չգնելու գլխավոր փաստարկը հենց «Բա հետո՞» հարցն է, որը ստիպում է հրաժարվել ծառի գնումից: Իսկ այս տարի տոնածառի հետ կապված հետագա հարցերը վստահվում են բնապահպաններին, որոնք ոչ միայն ծառերի տնկիների խնամքով են զբաղվել, այլեւ` ուղիներ են գտել տոնը չվերածել աղետի: «Ամեն տարի Ծննդյան տոների կապակցությամբ հազարավոր եղեւնիների ու սոճիների ապօրինի հատումների պատճառով Հայաստանի անտառները հայտնվում են անպաշտպան վիճակում»,- ասում է հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ էլ փորձ է արվում շրջանառության մեջ բնապահպանական Տոնածառի այս գաղափարը: Ի դեպ` զամբյուղի մեջ տեղադրված ծառերը ոչ միայն գեղեցկացնում են միջավայրը, այլեւ դրդում են մտածել, որ ծառ գնելով՝ յուրաքանչյուրս անձնական պատասխանատվություն ենք կրում մեկ ծառի ճակատագրի համար: Եվ ամենակարեւորը` չենք խախտում ՀՀ օրենքները: