Եթերը` մանուկներին

21/12/2010

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնն ու Հանրային հեռուստաընկերությունը գալիք տարվա սկզբից` հունվարի 1-ից, «Հ1»-ի եթերում նախատեսում են հայրենական արտադրության անիմացիոն ֆիլմերի մեկամսյակ անցկացնել: Ամեն օր, նույն ժամին հայ մանուկները հնարավորություն կունենան դիտել Հայաստանի անկախության տարիներին ստեղծված մուլտֆիլմերն ու «Գժուկ» մանկական հանդեսի թողարկումները: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշում է, որ այդ քայլով փորձ կարվի մանուկներին հասցեագրված կինոարտադրանքը ներկայացնել ամենամեծ սփռումն ունեցող լրատվամիջոցով: Նա նաեւ կարեւորում է այդ ձեռնարկի պարբերականությունը, քանի որ ամանորյա արձակուրդների ժամանակ ցանկացած երեխա կարող է վստահ լինել, որ նույն ժամին ու նույն ալիքով հատուկ իր համար նկարահանված ֆիլմեր կարող է դիտել: Ի դեպ` այդ քայլը նաեւ հեղինակային իրավունքների հետ առնչվող լուրջ մտահոգություն է առաջ բերել: Ինչպես հայտնի է, նախկինում պետության կողմից ստեղծված «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվել է, եւ մեր կինոֆոնդի «ոսկե էջերը» համարվող բոլոր մուլտֆիլմերը` նույնպես: Գործարար Ջերարդ Գաֆէսճյանի կողմից ստեղծված «CS films» ընկերությունը պետությունից գնել է ոչ միայն «Հայֆիլմի» տարածքն ու շենքը, այլեւ` տեսադարանում պահվող ֆիլմերի ցուցադրության իրավունքները, ինչն այդ ֆիլմերը եթերում ցուցադրելու գործը բարդացրել է: Ո՞վ եւ ո՞ւմ պետք է վճարի` խորհրդային տարիներին ստեղծված ֆիլմերը ցուցադրելու համար` դժվար է ասել: Ինչպեսեւ դժվար է ապացուցել, որ հայրենական մուլտֆիլմերը ոչ միայն կոմերցիոն, այլեւ` կրթական դերակատարում ունեն: Ի դեպ` մասնավորը կարող է ցուցադրությունն արգելել, եթե համարի, որ հանրային ցուցադրումը կոմերցիոն իր շահերից չի բխում: Մասնավորի ու հանրայինի հակասական կապը լավագույնս արտահայտված է հեռուստատեսություն-պետություն շղթայի մեջ: «Հայֆիլմի» իրավահաջորդը համարվող Կինոկենտրոնն իրականում տնօրինում է միայն վերջին տարիների ստեղծված ֆիլմերի իրավունքները: Իսկ հսկայական հանրային ժառանգությունը մասնավորի ձեռքերում է: