Երեւանը նմանվել է անճաշակ պճնված-շպարված կնոջ

21/12/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Դեկտեմբերի վերջը տարվա ամենամութ ժամանակն է. օրերը կարճացել են, խավարն էլ արագորեն է վրա հասնում: Եվ հենց այդ օրերին էլ Երեւանը սկսում է ողջ ուժով լուսավորվել, լուսարձակել ու փայլատակել: Դա, որպես կանոն, նշանակում է, որ մոտ է Նոր տարին, եւ քաղաքն էլ` իր քաղաքացիներին նվեր է անում: Այդ նվերը Երեւանի քաղաքապետարանի չինովնիկների եւ այլ պատասխանատու անձանց երեւակայության համապատասխան` զարմանալի ֆորմայի մեջ է փաթեթավորվում: Տոնական լուսավորության մեխանիզմն արդեն տարիներ շարունակ անփոփոխ է, ինչ ունենք-չունենք` փողոց ենք հանում ու իրար ենք կցմցում: Ցանկացած մարդ, որ այս նախատոնական օրերին շրջում է քաղաքում, կարող է նկատել, որ լուսային ձեւավորումը (փողոցներում կախկախված, դրված, ճոճվող կամ էլ` երերացող) միայն մեկ նպատակ ունի: Այն է` շեշտել շքեղ երեւալու հավակնությունը: Քաղաքի գլխավոր պողոտան, օրինակ, ոսկեզօծ նախշազարդ բեկոր է հիշեցնում, որի վրա տեղադրված է պլպլան զարդ-զինանշան: Եվ այդ ողջ կոնստրուկցիան իր դիզայնով` միաժամանակ խորհրդային հնգանկյուն աստղ, արաբական խալիֆայության նախշ ու կայսերական պալատներում փռված գորգ է հիշեցնում: Եթե ուշադրություն դարձնենք ձեւավորման գույներին (կարմիր, կանաչ, կապույտ ու ոսկեգույն), ապա պարզ կդառնա, որ փողոցների դիզայնն ուղղակի աղաղակում է` տեսեք, որքան մեծ ջանք ենք գործադրել շքեղ երեւալու համար եւ որքան շատ միջոցներով ենք լուսավորել միջավայրը: Շատն, այս դեպքում, բոլորովին կապ չունի ամբողջականության ու իրական հարստության հետ, այլ ավելի շուտ ընդգծում է քաղաքի թշվառությունը: Չէ՞ որ, եթե, օրինակ, անդամանդակուռ մի լավ մատանի ես ունենում, ապա այն առանձնակի ես կրում եւ հարեւան մատներդ չես զարդարում արհեստական քարերով ու պղնձե այլ մատանիներով: Այլապես` իրական զարդը «կխեղդես» ու խղճահար տեսք կստանաս:

Քաղաքի լուսավորությունը գործիք է, որի օգնությամբ պետությունը սեփական իմիջն է ստեղծում ու գրավչություն է հաղորդում քաղաքի տարբեր հատվածներին: Լույսի միջոցով միաժամանակ կարելի է եւ ընդգծել ու քողարկել, եւ շեշտել ու թաքցնել: Հարց է ծագում` ի՞նչն ենք ուզում շեշտել մենք: Նայելով այս օրերին պճնված մեր քաղաքին, նկատում ենք, որ շեշտվում-ընդգծվում է շատը, անորակն ու էկլեկտիկը: Քաղաքում գործի են դրվել լուսաշարերը, թրթռացող լուսարձակները, Մասիս սարերի պատկերները կրող լուսատախտակները, բամբակե ձնագնդիների մեջ թավալ տվող փայլուն եղնիկները: Կենդանի ծառերը (չնայած սակավաթիվ քանակին) ոլորապտույտ լապտերներով են փաթաթվել, իսկ փողոցի մայթերին Սանտա-Կլաուսներ ու Դեդ Մորոզներ են կանգնել: Որոշ հատվածներում էլ առավել շեշտվել է ձմեռային տոնի քրիստոնեական երանգը` փոքրիկ Քրիստոսների, մոգերի ու մսուրի պատկերներով: Դրան է գումարվում նաեւ փողոցի եզրերին գտնվող մասնավոր խանութների ու հիմնարկների տերերի անձնական ճաշակը, որը սերտաճելով պետական դեսից-դենից հավաքագրված «կայսերական» ոճի հետ` քաղաքի ձեւավորումն այնքան էկլեկտիկ է դարձնում, որ թվում է` հայտնվել ենք աշխարհի մի փոքրիկ անկյունում, որտեղ թեեւ բոլորը ուզում են շքեղ երեւալ, սակայն լավ չեն պատկերացնում, թե ինչպե՞ս է պետք դա անել: Երեւանի քաղաքապետարանն իր կայքում այսպիսի ինֆորմացիա է տեղադրել. «Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսվում է անցկացնել շքեղ տոնական համերգային ծրագրեր»: Պարզ է, որ առանց համերգի ոչ մի տոն լինել չի կարող, սակայն ո՞րն է համերգի «շքեղը»: Միգուցե` ձայնի շքեղությունն է հաշվի առնվում, այսինքն` առանց ֆոնոգրամայի երգելը: Կարելի է կարդալ նաեւ, որ շքեղ համերգին հաջորդելու է «շքեղ հրավառությունը»: Այլ էպիտետները (ասենք` գեղեցիկը, ճաշակովը, կամ էլ` ինչո՞ւ ոչ` համեստը) չեն օգտագործվում:

Սինթետիկ քաղաք է դարձել մեր Երեւանը: Այդ արհեստական գործվածքի վրա փայլուն թելերով ու ուլունքներով նախշեր են արվել, որպեսզի սինթետիկ բնույթը մի կերպ «մարսվի»: Եվ մոռացվել է, որ ֆորմայի, գույների, չափերի, սիմվոլների համադրությունը մշակման կարիք ունի: Երեւանը արեւելյան տոնավաճառ չէ, որտեղ կարելի է ամեն բան փայլի «սոուսի» տակ մատուցել, Երեւանն արդեն իսկ ճկվել է անճաշակության բեռի տակ: Ընդհանրապես ցանկացած սիմվոլ (գույն, չափ, ֆորմա), որն օգտագործվում է կենցաղում, փողոցում (ինչպես նաեւ կիրառվում է բարձրաստիճան ժողովների համար նախատեսված սրահների ձեւավորման մեջ), պետք է «կարդացվի»: Եվ միամտություն կլինի կարծել, թե սիմվոլների համադրությունը կարդացվում է ենթադրությունների եղանակով: Ոչ, դրանք շատ կոնկրետ ու պարզ են: Եվ եթե փողոցը փայլող առատ «make up» է օգտագործում, ուրեմն, իրականում ընդգծում է իր չկայացած դիմանկարը: Ինչպես այն կինը, որը ցանկանալով ծածկել իր կնճիռները` մի քանի շերտով դիմափոշի (եւ էլի տարբեր բաներ) է քսում, որի արդյունքում առավել անհրապույր ու թշվառ տեսք է ձեռք բերում: Երեւանի տոնական լուսավորության պարագայում շպարն այնքան անորակ ու շատ է, որ միանգամից կարդացվում է` այս քաղաքը երրորդ սորտի պետության դեմքն է: Ինչպես նաեւ երրորդ սորտի պետության ներկայացուցիչներ են այն պաշտոնյաները, ովքեր փղոսկրով ու ոսկով բազկաթոռների վրա նստած են հյուրեր ու որոշումներ ընդունում: Եթե զուսպ ու ինքնաբավ ձեւավորում ես տալիս քո միջավայրին, ապա ցանկացած քայլ կարողանում ես որպես մարդկությանն ուղղված օրգանապես մաքուր ուղերձ ներկայացնել: Հակառակ դեպքում` ստիպված ես լինում կայսերական երազանքներդ պսեւդո-շքեղ քողի տակ մատուցել ու դրանով իսկ` սեփական չկայացած վիճակը վավերացնել: