Որքան պարզ, այնքան գեղեցիկ ու հաճելի կլինի

21/12/2010 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամանորյա գեղեցիկ եւ հրաշքներով լի տոնը, ցավոք, հայերիս մեծամասնության համար վերածվել է կեսգիշերային երկարատեւ ճաշկերույթի: Նույնիսկ ոմանք կատակում են, թե մոտենում է խոզի բուդի սիրահարների տոնը, այսինքն` Նոր տարին: Մենք ողջ տարին կուտակում ենք, երբեմն զրկում մեզ անհրաժեշտ ամենօրյա գնումներից, նվնվում հարեւանների եւ բարեկամների մոտ, որ մի կերպ յոլա ենք գնում, որպեսզի դեկտեմբերի կեսից սկսենք մեր «արշավանքները» դեպի շուկաներն ու տոնավաճառները: Չնայած տնտեսական ճգնաժամին, վաղվա օրվա անհեռանկար հեռանկարին, այնուամենայնիվ, սովորության համաձայն, այս տարի եւս կամեցող բարեկամների պատվին եւ կամ չկամեցողների աչքը պայթեցնելու համար ամանորյա սեղանները «լցնելու ենք»: Եվ այն, որ մեր ազգաբնակչության կեսի սեղանի բարիքները, որպես կանոն, այս օրերին գնվում են պարտք վերցված գումարներով, արդեն նոր երեւույթ չէ: Եվ թե երբ կհասկանանք, որ ամեն մեկս «մեր վերմակի չափով» պետք է ոտքներս մեկնենք եւ պարզապես հաճույք ստանանք այդ գեղեցիկ տոնից` հայտնի չէ: Արդեն քանի տարի` շատերն էլ իրենց տարեմուտը դիմավորում են ռեստորաններում:

Տարեցտարի ռեստորաններում Ամանորյա շոու-ծրագրերի տոմսերի գները թանկանում են: Իսկ առաջարկը միշտն նույնն է` նույն «աստղերը», երգիչ-երգչուհիներըգ Զանգահարելով մի քանի ռեստորանային համալիրներ, փորձեցինք ճշտել այս տարվա ծրագրերի գները: Ըստ «Բելաջիո» ռեստորանի մենեջեր Մերի Գրիգորյանի` այդ երեկո ռեստորանի այցելուն «մի աթոռի» դիմաց պետք է վճարի 45.000 դրամ, որն իր մեջ ներառում է տոնական լեփ-լեցուն սեղանը եւ շոու ծրագիրը: «Բելաջիոն» հատուկ այդ օրը որեւէ երգչի չի հրավիրելու, հանդես կգան ռեստորանի մշտական համույթը, Աննա Խաչատրյանը, Սերյոգա Երեւանցին եւ այլք: Անցյալ տարվա համեմատ «Բելաջիոյում» գինն աճել է 5000 դրամով: «Վալենսիայում» ճգնաժամի պատճառով Ամանորի տոն չի կազմակերպվելու: «Հարսնաքարի» դեպքում շոու-ծրագրի համար յուրաքանչյուրը պետք է վճարի 10.000 դրամ, իսկ ճաշացանկն ըստ ցանկության կարող են ընտրել տեղում: Յուրաքանչյուրն՝ ըստ իր գրպանի պարունակության: «Հարսնաքարում» երգելու են Սպիտակցի Հայկոն եւ այլ երգիչներ:

Առհասարակ աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, շոու-բիզնեսի ներկայացուցիչները բավականին մեծ գումարներ են աշխատում հենց Ամանորյա գիշերը` կորպորատիվ երեկույթներում ելույթ ունենալով: Այդ օրերին նրանց հոնորարներն ավելի են մեծանում: Շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչները հրաժարվեցին խոսել Ամանորյա իրենց հոնորարների մասին, ինչը կանխատեսելի էր: Այնպես որ, բավարարվենք այլազգի «աստղերի» հոնորարների մասին ներկայացնելով: Ըստ «L-concert» համերգային գործակալության տնօրեն Տարաս Վոլկովինսկու` Ամանորյա կորպորատիվ երեկույթները վարող ամենաթոփ հեռուստաաստղերի ցուցակը գլխավորում է Իվան Ուրգանտը, ով իր ելույթի դիմաց վաստակում է 100 հազար եվրո: Ըստ այդմ` Իվան Ուրգանտ, Անդրեյ Մալախով, Մաքսիմ Գալկին` 50.000-100.000 եվրո, Թինա Կանդելակի` 30.000-40.000 եվրո, Անաստասիա Զավորոտնյուկ` 25.000-40.000 եվրո, Ալեքսանդր Ցեկալո` 20.000-50.000 եվրո, Քսենյա Սոբչակ`15.000-25.000 եվրո, եւ այլն: Իսկ նրանք, ովքեր կցանկանան տեսնել «Փերիսհիլթոն»-ի հաղորդավարների ողջ անձնակազմին միասին, պետք է պատրաստ լինեն վճարել 300 հազար եվրո:

Իրականում Ամանորը ամենագեղեցիկ տոնն է, որից պետք է հաճույք ստանալ` մի պահ թոթափելով հոգսերը` առանց նոր հոգսեր ու պարտքեր կուտակելու: Որքան պարզ` այնքան գեղեցիկ ու հրաշքով, սիրով ու հարգանքով լի: