Տարբեր երկրներում Գերմանիայի մի շարք հյուպատոսություններ հայտնվել են սկանդալային պատմության մեջ։ Մասնավորապես, դիվանագիտական ծառայությունների աշխատակիցներին կասկածում են կաշառակերության մեջ։ Նրանք գումարներ են վերցրել՝ մուտքի արտոնագիր` վիզա տրամադրելու համար։ Կաշառքի դիմաց նրանք աչք են փակել ակնհայտ կեղծ տեղեկությունների վրա։ Ինչպես գրում է գերմանական «Der Spiegel»-ը, կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավված են նախկին ԽՍՀՄ, ինչպես նաեւ՝ աֆրիկյան եւ հարավ-ամերիկյան երկրների հյուպատոսությունները։ Կաշառքը վերցրել են ոչ թե դիվանագետները, այլ տեղի քաղաքացի հանդիսացող աշխատակիցները։ Թերթի տվյալներով, նրանք բոլորն այժմ ազատվել են աշխատանքից։ Մի քանի հարյուր եվրոյի հասնող կաշառքներ հիմնականում տվել են միջազգային հանցավոր խմբավորումները, որոնք մասնագիտացած են մաքսանենգության եւ մարդկանց առեւտրի մեջ։ Օրինակ, հանցավոր ճանապարհով մուտքի արտոնագիր ստացած մի քանի աղջիկներ Գերմանիա ժամանելուն պես հայտնվել են Համբուրգի հասարակաց տներում։ Գործի հետաքննությամբ զբաղվում է Բեռլինի դատախազությունը։