Բուժիչ նամակներ

21/12/2010

Մեղր եւ խնձորի քացախ

Ամանորին ընդառաջ եւ հետո շատերին մտահոգում է ավելորդ քաշից ազատվելու եւ կամ ավելորդ քաշից խուսափելու հարցը: Խնձորի քացախը նման դեպքերում կարող է օգնության հասնել: Սահմանափակ քանակությամբ խնձորի քացախն ախորժակը փակում է, նպաստում է նյութափոխանակությանը եւ արագացնում է ճարպերի քայքայումը: Հատկապես քաղցրի նկատմամբ օրգանիզմի պահանջը նվազում է: Առաջին տեսանելի արդյունքները կարող եք նկատել խնձորի քացախը օգտագործելուց 2-3 ամիս հետո: Հիշե՛ք. քացախը պետք է լինի բնական: Խանութներում վաճառվող քացախի մեջ խնձորի էսենցիա կա, որից արդյունք չեք կարող սպասել: Հակառակը, այդ քացախներով կարող եք վնասել ձեր առողջությունը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խնձորի քացախն ինքնուրույն պատրաստել: Հակացուցումներ. ջրի եւ քացախի խառնուրդը բարձր թթվայնություն ունի, հետեւաբար չի կարելի խմել, եթե աղեստամոքսային տրակտի խանգարումներ, գաստրիտ, խոցային հիվանդություններ եւ սուր, քրոնիկական բնույթի հեպատիտ ունեք: Մասնագետները նման դեպքերում խորհուրդ են տալիս քացախը բացառել, օրը 3 անգամ պարզապես ջուր խմել` 1 թեյի գդալ մեղրով: Խնձորի քացախը խորհուրդ է տրվում նաեւ մաշկի խնամքի, ցելյուլիտից ազատվելու համար: Մերսման դեպքում 30 մլ քացախը խառնեք 250 մլ ջրի հետ եւ մերսեք մաշկը: Որոշ ժամանակ անց մաշկը կհարթվի, կփայլի, ցելյուլիտի նշանները կանհետանան: Բժիշկ Դ. Ս. Ջարվիսը քացախի միջոցով նիհարելու կապակցությամբ գրում է. «Եթե այն կինը, որի հագուստը վրան բավական կիպ է նստում, սկսի խնձորի քացախ օգտագործել (մեկ բաժակ ջրում 2 թեյի գդալ խնձորի քացախ՝ ամեն անգամ ուտելիս), ապա 2 ամիս անց նա կնկատի, որ իր հագուստը գոտկատեղի շրջանում 1 դյույմաչափ լայնացել է։ Եվս 2 ամիս անց նա դարձյալ կնիհարի 1 դյույմի չափով, եւ 5-րդ ամսվա վերջին՝ էլի 1 դյույմ։ Խնձորի քացախ օգտագործելու օրից 1 տարի հետո այդ կինը, որ հագնում է 50 չափի հագուստ, կսկսի հագնել 42, իսկ 20 չափի հագնողը՝ 18։ Նույն ժամանակահատվածի վերջում 16 չափի հագուստ կրող ավելի երիտասարդ կինը կսկսի հագնել 14 չափի հագուստեղեն (բերված են Մեծ Բրիտանիայում ընդունված չափսերը)։ Քաշը նվազում է աստիճանաբար։ Այն կինը, որն ունի 5-5,6 ֆունտ հասակ, իսկ քաշը 210 ֆունտ է, եթե ամեն ուտելուց ընդունի 1 բաժակ ջուր՝ երկու թեյի գդալ խնձորի քացախով, ապա 2 տարի անց նա կկշռի 180 ֆունտ։ Եթե տղամարդն ունի մեծ որովայն, նույն մեթոդով բուժվելու դեպքում 2 տարի հետո կազատվի դրանից։ Խնձորի քացախը նպաստում է ճարպի այրմանը օրգանիզմում, դրանով իսկ նվազեցնելով նրա կուտակման հնարավորությունը, ինչպես նաեւ՝ նպաստում է քաշի պակասեցմանը։ Ինչ վերաբերում է սննդին, ապա քաշի չափից ավելի ավելացման դեպքում հարկավոր է օրաբաժնից կրճատել այն մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի կուտակմանը։ Խնձորի քացախի օգտագործման եղանակը անսահման պարզ է եւ արդյունավետ։ Նրա ամենօրյա օգտագործման դեպքում նպատակահարմար է մի բաժինն ընդունել նախաճաշից առաջ, երկրորդը՝ գիշերը, իսկ այս երկուսի միջեւ ընկած ցանկացած հարմար ժամին՝ երրորդը»։

Ի դեպ, քացախաջրին կարող եք ավելացնել 1-2 թ/գ բնական մեղր: Այն շատ օգտակար է օրգանիզմի ուժերը վերականգնելու, նյութափոխանակությունը կարգավորելու եւ միաժամանակ նիհարելու համար: Եվ քացախաջուրը պետք է խմել ձողիկի միջոցով, որպեսզի քացախաթթուները ատամի էմալը չվնասեն: Այնուհետեւ պետք է բերանը ողողել ջրով: Կենսական ուժերը վերականգնելու համար մեղրով, ջրով եւ քացախով լուծույթը խմեք օրական 1 անգամ` վաղ առավոտյան, իսկ նիհարելու համար` օրը 3 անգամ` նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից առաջ:

Հին փորձված միջոց հազի դեմ

Եթե ձեզ անհանգստացնում է հազը, օգտվեք ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող եւ շատ սերունդների կողմից ստուգված հետեւյալ արդյունավետ միջոցից։ Վերցրեք մեկ լիմոն եւ խաշեք 10 րոպե դանդաղ վառվող կրակին։ Այն կփափկի, հատկապես կեղեւը, եւ կարելի է դրանից ավելի շատ հյութ քամել։ Կիսեք լիմոնը եւ քամեք հյութը։ Լցրեք այն բաժակի մեջ, վրան ավելացրեք 2 ճաշի գդալ գլիցերին (2 լիքը ճաշի գդալը հավասար է մեկ ունցիայի), լավ խառնեք եւ բաժակը մինչեւ վերջ լցրեք մեղրով։ Մի ֆերմեր ասաց ինձ, որ ինքը նույն հաջողությամբ լիմոնի փոխարեն օգտագործել է խնձորի քացախ։

Ստացված օշարակի ընդունման չափը կարելի է որոշել համաձայն հազի տեսակի։ Եթե հազվադեպ եք հազում, օրական ընդունեք 1 թեյի գդալ։ Օգտագործելուց առաջ խառնուրդը լավ թափահարեք։ Եթե հազը անհանգստացնում է ձեզ գիշերը, ընդունեք 1 թեյի գդալ պառկելուց առաջ եւ 1-ն էլ՝ գիշերը։ Ուժեղ հազի դեպքում խորհուրդ է տրվում արթնանալուց անմիջապես հետո ընդունել 1 թեյի գդալ խառնուրդ, եւս մեկը՝ մինչեւ ճաշը, ճաշից հետո՝ եւս 1 թեյի գդալ, եւ 1-ական էլ՝ ընթրիքից հետո եւ պառկելուց առաջ։ Հազի թեթեւանալուն զուգընթաց՝ կարող եք խառնուրդի ընդունման քանակը կրճատել։ Սա հազը բուժող իմ իմացած ամենից արդյունավետ միջոցն է։ Այն ունի մի քանի առավելություն։ Չի առաջացնում ստամոքսի խանգարումներ, մի բան, որ հազի շատ միջոցների համար հատկանշական է։ Որպես բուժամիջոց՝ կարելի է առաջարկել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին։

Մեղրը եւ մկանային ջղակծկումները

Երբեմն ձեզ կարող է անհանգստացնել կոպերի կամ բերանի անկյունների թրթռոցը։ Այս երեւույթից կարելի է շատ շուտ ազատվել, որպես կանոն, ընդամենը 1 շաբաթում, եթե ամեն ուտելուց հետո օգտագործեք 2 թեյի գդալ մեղր։ Ժամանակ առ ժամանակ կարող եք ունենալ ջղակծկումներ, բայց գլխավորապես ոտքերի (ազդրից մինչեւ ոտնաթաթ) շրջանում եւ գլխավորապես գիշերը։ Մկանային ջղակծկումները կարելի է վերացնել՝ օգտագործելով 2 թեյի գդալ մեղր, ամեն ուտելուց հետո, 1 շաբաթ շարունակ։ Դրանից հետո վիճակը կբարելավվի։ Մեղրը կարելի է շարունակել ընդունել մի որոշ ժամանակ եւս՝ հնարավոր ախտադարձությունը կանխելու նպատակով։

Ըստ ամերիկացի բժիշկ Դ.Ս. ՋԱՐՎԻՍԻ