Միհրանին չե՞ն հանի

18/12/2010

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները դեռ չեն շտապում պաշտոնանկ անել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին ոչ միայն այն պատճառով, որ նրա փոխարեն հարմար թեկնածու չեն գտնում գլխավոր հարկադիրի պաշտոնում: Բանն այն է, որ Պողոսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքում իր բիզնեսների շնորհիվ նաեւ այնպիսի քայլեր է անում, որոնցով կարողանում է

ՀՀԿ-ին մեծաքանակ քվեներ բերել: Ի դեպ, Մ. Պողոսյանը Հայաստանը «բանան արտահանող երկրի» վերածողներից մեկն էր: Հիշեցնենք, որ 2007թ. Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանի` աշխատանքից ազատման պատճառներից մեկն այն էր, որ նրա հովանավորության տակ գտնվող «Քեթրին» ընկերությունը ՀՀ բերվող բանանի խմբաքանակների ներմուծումները ձեւակերպել էր որպես 3-րդ երկիր արտահանելու համար կատարվող ներկրման գործարքներ, ինչի արդյունքում չէր վճարել համապատասխան մաքսային վճարները: Այդ մեքենայության արդյունքում պետական բյուջե չէր վճարվել 2 մլն դոլարից ավելի գումար: Մ. Պողոսյանը, սակայն, պաշտոն ստացավ: Վերջերս նա Քանաքեռ-Զեյթուն համայնքում «Քեթրին» բարեգործական հիմնադրամ է բացել, որի միջոցով անապահով մարդկանց երբեմն իր ներկրած այդ ապրանքներից է բաժանում: Նա ցիտրուսային եւ արեւադարձային մրգեր է ներկրում: Եվ ապրանքների այն խմբաքանակը, որի պահպանման ժամկետն արդեն մոտենում է ավարտին (ասենք՝ բանանը կամ նարինջը սկսում են փչանալ), «Քեթրինը» բաժանում է համայնքի անապահով մարդկանց: Բնականաբար, Մ.Պողոսյանն այդպիսով առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի համար ակնկալում է նաեւ այդ անապահովների ձայնը: Եվ իշխանություններն այդ պատճառով չեն ուզում նրան պաշտոնից ազատել: