«Human Rights Watch» միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան նախօրեին անդրադարձել է «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր չտալու ՀՌԱՀ որոշմանը: «Հայաստանը մերժեց հեռարձակման արտոնագիր տրամադրել անկախ հեռուստատեսությանը` «Ա1+»-ին, չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի` նախկին մերժումները խախտել են արտահայտվելու ազատությունը: Այսօրվա որոշումը հերթական հետքայլն է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության համար Հայաստանում»,- ասել է նա: «Հստակ է, որ քննադատությունը եթեր չթողնելը ավելի կարեւոր է այս կառավարության համար, քան իր միջազգային իրավական պարտավորությունները»,- ընդգծել է նա: Անդրադառնալով թվայնացման գործընթացին, որի արդյունքում պակասում է հեռուստաընկերությունների թիվը, «Human Rights Watch»-ի ներկայացուցիչն ասել է, որ այն ենթադրում էր Հայաստանում բազմակարծության ավելացում, սակայն. «Կառավարությունը երկար ճանապարհ ունի ապացուցելու, որ իր գործունեությունը համապատասխանում է իր ստանձնած պարտավորություններին»: