Հնարավոր նոր պաշտոնանկությունների մասին խոսակցությունները ոչ միայն չեն դադարում, այլ համալրվում են նոր անուններով: Բացի մի շարք նախարարների հրաժարականներից, իշխանական վերնախավում քննարկվում է նաեւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջիկայում` գուցե Ամանորյա տոներից հետո, սպասվում են նաեւ Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզպետների հրաժարականները: Նրանց մի մասի հավանական փոխարինողների անունները եւս հայտնի են. Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ` փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, ով, ի դեպ, երեկ արդեն հավաքում էր իրերը նոր պաշտոնի տեղափոխվելու համար: Սյունիքի եւ Լոռու մարզպետների պաշտոնում հավանական թեկնածուների անուններ դեռեւս չեն շրջանառվում: Հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում, ի թիվս նշվածների, պաշտոնանկ է արվելու նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նրա փոխարեն եւս, մեր աղբյուրների համաձայն, նշանակվելու է ուժային կառույցներից մեկի ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: