Իսկական «հայկական աշխարհ»

18/12/2010

Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներն ու տարբեր պաշտոնյաների փոխատեղումներն արդեն սերիալի նման բան են դառնում: Դրանց նկատմամբ հասարակության մոտ որոշակի հետաքրքրություն կա, բայց իրականում այն, ինչ կատարվում է իշխանական համակարգում, մեծ հաշվով կապ չունի հասարակության ու հասարակական տրամադրությունների հետ: Իշխանությունը ինքնափոփոխվում, ինքնափոխատեղվում է, որից հետո կյանքը շարունակվելու է նույն հունով` հասարակությունն՝ իր համար, իշխանությունն` իր: Եվ երեւի հենց դա է պատճառը, որ վերջին բոլոր պաշտոնանկությունները, տարբեր նախարարների հրաժարականների մասին տարածվող տեղեկությունները ոչ մի տրամաբանություն չունեն: Ավանդույթի համաձայն՝ գրեթե բոլոր գնացողները հեռանում են «սեփական դիմումի» համաձայն, նորերն էլ նշանակվում են՝ ըստ բարձր իշխանության կամքի: Եվ ծիծաղելի են դառնում այն քարոզչական մեկնաբանությունները, թե այս ամենը կատարվում է պետական կառավարման համակարգը մաքրելու, անազնիվ պաշտոնյաներից ազատվելու, վատ աշխատողներին պատժելու նկատառումներով: Իրականում փոխվում կամ տեղափոխվում են այս կամ այն ոլորտի միայն առաջին դեմքերը, համակարգերն ու ենթահամակարգերը մնում են նույնը` ինչպիսիք որ էին, մինչեւ իշխանությունը որոշեց «ինքնամաքրվել»: Այսպիսով, մեղմ ասած, անհասկանալի է, որ կառավարության անդամների մի մասը վատ աշխատանքի, էթիկայի նորմերը խախտելու, չարաշահումների եւ այլ պատճառներով պաշտոնանկ է արվում, իսկ նրանց անմիջական ղեկավարը` վարչապետը, շարունակում է զբաղվել իր միակ գործառույթով` տեսական դատողություններով: Հայաստանի ներկայիս խայտառակ տնտեսական իրավիճակի պատասխանատուների թվում առաջին հերթին Տիգրան Սարգսյանն է: Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո նա է զբաղեցնում վարչապետի պաշտոնը եւ առայժմ աչքի է ընկել միայն նրանով, որ նախանձելի հետեւողականությամբ մեծացրել է Հայաստանի արտաքին պարտքը, տասնյակից ավելի ծիծաղելի ռազմավարություններ է ընդունել եւ շարունակում է Հայաստանի տնտեսությանը վերաբերվել որպես փորձադաշտի: Ուրեմն ո՞րն է այս փոփոխությունների «համակարգայինը», եթե, ասենք, Տիգրան Սարգսյանի գաղափարական առաջամարտիկ Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվում, սակայն նրա հովանավորյալը շարունակում է մնալ պաշտոնում: Եթե հսկայական չարաշահումների համար աշխատանքից ազատվում է Սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, երբ վերջինիս վարչապետը շաբաթը մեկ խոսում էր կենսաթոշակային բարեփոխումների ու սոցիալական ծրագրերի մասին: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի: Իսկ ամենասարսափելին այն է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը որոշի փոխել Տիգրան Սարգսյանին, ապա կանգնելու է այն խնդրի առաջ, ինչը դրսեւորվեց վերջին օրերին… Հայաստանում իսկական «կադրերի սով է»: Իշխանական համակարգում նույնիսկ խոշորացույցով հնարավոր չէ գտնել այնպիսի դեմքերի, ովքեր գոնե մի քիչ պրոֆեսիոնալ են, մի քիչ պարկեշտ, մի քիչ էլ ընդունելի հասարակության համար: Մյուս կողմից՝ իշխանական համակարգն այնքան վարկաբեկված ու հեղինակազրկված է, որ նշված որակները կրող մարդկանցից շատերն իրենք չեն համաձայնվի պաշտոններ զբաղեցնել այդ համակարգում: